Հիտլերի գործերը հանվում են աճուրդի

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 16, 2010 17:11

Ապրիլի 16-ին Լադլոյում`  «Մալլոք» աճուրդի տանը (Mullock auction house) ներկայացվելու են  Հիտլերի գրաֆիկական գործերը, որոնց  մեծ մասը թվագրված է 1908 թ., երբ Հիտլերը երկրորդ անգամ մերժվեց Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի կողմից: Շատերը հավատացած են, որ հենց դա էր պատճառը, որ Հիտլերը ոչ թե ակադեմիական ոճով նկարող հերթական սալոնային արվեստագետ դարձավ, այլ միակ և, հուսով ենք, «անկրկնելի» Ադոլֆ Հիտլերը:

Աճուրդով փորձ է արվում Հիտլերին ներկայացնել մեզ անծանոթ տեսանկյունից` որպես դասական արվեստի նվիրյալ նկարիչ, որ ակադեմիական ոճով արված նկարներով փորձում էր ընդունվել գեղարվեստի ակադեմիա: Յուրաքանչյուր գործ, ըստ կազմակերպիչ Ռիչարդ Վեսթվուդ-Բրոքսի, գնահատվում է մոտ 6.000 եվրո. «Առաջին անգամ է, որ տվյալ գործերը ցուցադրվում են լայն հասարակայնության համար»,- ասում է նա:

Առաջին հայացքից թվում է, թե տեսնում ենք մի ուրիշ Հիտլերի, որը հրեշային  ոչինչ չունի: Սակայն, իրականում,  Հիտլերի այս տարբերակն այնքան էլ չի տարբերվում մեզ ավելի հայտնիից: Որքան էլ տարօրինակ հնչի,  տարբերվում է միայն աշխատանքի նյութը. մի դեպքում` թուղթն ու մատիտը,  մյուս դեպքում` մարդկային մարմինն ու  կյանքը: Երկու դեպքում էլ ականատես ենք նույն բծախնդիր, մանրակրկիտ աշխատանքին, կատարյալ կարգ ու կանոնին, որը տիրում է և՛ թղթի վրա, և՛ քաղաքական դաշտում: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ այնքան էլ ճիշտ չէ արվեստը դիտել որպես թերապեվտիկ միջոց, հատկապես ակադեմիական նկարչությունը, որը, ի տարբերություն էքսպրեսիոնիզմի, ոչ թե հնարավորություն է տալիս   արտահայտելու ինչ-ինչ հույզեր, ֆոբիաներ, այլ հարթ ներկաշերտի և մշակված տեխնիկայի միջոցով կոծկել դրանք: Այնպես որ, այս դեպքում «արտահայտեցի արվեստի միջոցով» դարձվածքն այնքան էլ տեղին չի լինի: Այն ավելի շուտ մտքերն է կարգի բերում, նպաստում դրանց համակարգվելուն, ինչն էլ եղավ մերժված Հիտլերի դեպքում, որ օգտագործելով դասական արվեստից ժառանգած մտածողությունը`  գրեթե ամբողջ մոլորակը տակնուվրա արեց:

Նույնպիսի օրինակ կարելի է բերել նաև Էնթոնի Բյուրջեսի «Մեխանիկական նարինջ» գրքից , որը հիանալի էկրանավորեց Կուբրիկը: Ֆիլմի գլխավոր հերոսը` Ալեքսը` այդ ագրեսիվ երիտասարդը, դասական երաժշտության մեծ սիրահար էր, ինչն էլ նրան   մղում էր սպանության, բռնաբարության: Հետագայում, հակաագրեսիվ դեղորայքի ներարկումից հետո, նա  ագրեսիվ ցանկության դեպքում,  դասական երաժշտությունից, մասնավորապես` «9-րդ սիմֆոնիայից» ստամոքսի ցավեր և ուժեղ սրտխառնոց  էր զգում: Բազմաթիվ ամերիկյան ֆիլմերում մարդասպանները դասական երաժշտության մեծ երկրպագու են, ինչպես Բյորջեսի հայտնի հերոսը, կամ էլ զբաղվում են նկարչությամբ, ինչպես Հիտլերը:

Ոգեշնչում և ագրեսիա

«Ես ծնվել եմ հոգուս մեջ սատանա կրելով, չէի կարող չսպանել, այնպես, ինչպես ոգեշնչված պոետը չի կարող լռել»,- ասել է ամերիկայի ամենաառաջին սերիական մարդասպաններից մեկը` Հենրի Հոլմսը, որ հավանաբար շատ խորը չի մտածել իր արած համեմատության մասին: Սպանության  դրդապատճառը արվեստագետի ոգեշնչման հետ համեմատելը բավական մեծ խիզախություն է կամ էլ արարքն արդարացնելու հնարամիտ միջոց: Եթե Հոլմսի այս համեմատությունը  մի քիչ զարգացնենք և տեղափոխենք արվեստի հարթություն, ապա ժամանակակից արվեստագետն էլ  դառնում է խելագար մարդասպան, եթե միակ նպատակը մարմնի  դասական ընկալման ոչնչացումն է միայն իրեն հայտնի դրդապատճառներով: Ձգտելով հաղթահարել դասական արվեստից  ժառանգություն ստացած մաքուր, հարթ մակերեսը` ժամանակակից արվեստագետը պատռում է կտավը, պատում այն հաստ ներկաշերտով կամ ներկ թափում վրան, վրձինը փոխարինում մատնահետքերով, ամեն կերպ նյութին հաղորդում իրական մարմնականություն, ինչը հաճախ չի տարբերվում մաշկազերծ արված մարմնից (տե՛ս Դյուբուֆֆեի գործը): Վերջինիս գործերը ցուցադրվել են 1937-ին, նացիստական Գերմանիայի կազմակերպած «Դեգեներատ արվեստ» ցուցահանդեսում, որը համարվում է մեծ ապտակ մոդեռն արվեստին: Այս ցուցահանդեսը աշխարհում ամենից շատ այցելուներ ունեցողներից  է և ,ասես, Հոլմսի համեմատության վկայությունը: Երբեմն, ժամանակակից արվեստագետները դասական արվեստի ժխտման և հակադրության մեջ հասնում են ծայրահեղ արդյունքների, որոնց դեպքում Հոլմսի հիշատակած պոետը դառնում է ոգեշնչված արնախում: Նման օրինակներ կարելի է բերել ժամանակակից արվեստագետներ Հերման Նիցշի, Շվարցքոգլերի գործերից   կամ  կարելի է առհասարակ հիշատակել վիեննական ակցիոնիստների գործունեությունը: Նրանց համար կտավը, ներկը, որպես գեղարվեստական նյութ, վերանում են, դրանց տեղը գրավում է մարմինը` իր իրական ներկայությամբ:

Այն արվեստը, որը ձգտում էր վերջ դնել դասական արվեստի պայմանականություններին, որոնք կոչված էին նմանակելու կյանքը, դարձավ դասական արվեստի ջատագով նացիստական Գերմանիայի ծաղրի առարկան, ընդ որում, ոչ թե իր «չարվեստ» լինելու, այլ վտանգավորության պատճառով: Դա մի արվեստ էր, որը իրականությանը չէր նմանակում, այլ ստեղծում էր իր իրականությունը, ինչն այն ավելի քաղաքական էր դարձնում, քան, օրինակ, սոցռեալիզմը:  Մի կողմից` դա   արվեստագետին ավելի է մոտեցնում հասարակությանը, դարձնում քաղաքականապես ակտիվ, մյուս կողմից,  ըստ  նացիստական Գերմանիայի, այլասերված, վտանգավոր խելագար, ապահասարակական էակ, որին հարկ է մեկուսացնել:

Հիտլերի գծանկարները վերցված են անգլիական «Daily Telegraph» թերթի կայքից www.telegraph.co.uk

Դիտվել է 2561 անգամ:
Print Friendly

Leave a Reply