Հավատում ենք մենք` շահում են խաբեբաները

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 20, 2010 10:10

Տեխնիկայի զարգացումը մեր առջև բացում է նոր հեռանկարներ: Գտիր քեզ հետաքրքրող տեղեկությունը, սլաքը դիր համապատասխան սեղմակի վրա, և վայրկյանների ընթացքում այն կհայտնվի քո համակարգչում: Սակայն, ինչպես ասում են, ամեն մի բարիք իր հետ նաև չարիք է բերում, և հակառակը: Այսօր շատ դժվար է զերծ մնալ ինտերնետային գայթակղություններից, եթե, մանավանդ, դյուրահավատ ես ու չտեղեկացված:

Ամեն անգամ մտնելով ինտերնետային դաշտ` ասես հայտնվում ենք պատերազմական  գոտում, և չնայած պաշտպանության հազար ու մի միջոցներին, անխոցելիության 100-տոկոսանոց երաշխիք գոյություն չունի:

Տեսնենք, թե որ ինտերնետային խաբեություններն են, ըստ վերլուծաբանների, 2009 թ. համարվել ամենտարածվածները: Ինչպես և անցած տարիներին, 2009-ին ևս խաբեությունների առաջնությունը պատկանում է  անհատական տվյալների «գողությանը»:

Ինտերնետային ավազակները փորձում են ձեռք բերել ցանցից օգտվողների անհատական տվյալները` օգտվելով այնպիսի միջոցներից, ինչպիսին է, օրինակ, ֆիշինգը (ինտերնետային խաբեության տեսակ, որի նպատակը ցանցից օգտվողի անհատական տվյալների ձեռքբերումն է), կամ սոցիալական ցանցերը, հեռուստատեսային վաճառքը և այլն:

Խաբեությունների մեկ այլ ծուղակ են ինտերնետային «բացիլակիր» (վիրուսակիր) ցանցերը, որոնք ինտերնետից օգտվողների համար իսկական պատիժ են դարձել, դրանց դեմ չեն կարողանում պայքարել  անգամ հակաբացիլակիր (անտիվիրուս) ծրագրերը: Նույնիսկ այսպիսի մի կատակ կա` ինտերնետային բացիլը հայտնվում է ավելի շուտ, քան համակարգիչը:

Հավանաբար, եթե ոչ բոլորը, ապա գոնե մեծ մասը  լսած կլինեն այնպիսի հայտնի ինտերնետային խաբեության մասին, ինչպիսին է էլեկտրոնային հասցեներին հաճելի բովանդակությամբ նամակների առաքումը: Մի քանի վայրկյանների ընթացքում պարզվում է, որ դուք դարձել եք միլիոնների սեփականաստեր, հաղթել եք լոտոյով, որի մասին լսում եք առաջին անգամ: Եվ, մինչ ինտերնետից օգտվողները գայթակղվում են նման տեղեկությամբ, հազարավոր ամերիկյան դոլարներ խուժում են ինտերնետային խաբեբաների դրամապանակը: Հետևությունը պարզ է.«Ձրի պանիրը միայն թակարդում է»:

Հերթական ինտերնետային խաբեության մասին մի քիչ հանգամանալի, քանի որ ինքս էլ  դրա զոհն եմ դարձել: Խաբեության բնույթը հետևյալն է. ձեզ առաջարկում են աշխատանք տանը` hիանալի և երբեմն նույնիսկ անիրական  պայմաններում: Ցանցերից մեկում կարդում եմ հետևյալ հայտարարությունը. «Աշխատանք ինտերնետով: Օրական 10-15 րոպե, և կաշխատեք ամսական ամենաքիչը 20 դոլար, առանց որևէ ներդրման: Սա խաբեություն չէ, ես ինքս էլ օգտվում եմ, երբ դուք գրանցվում եք: Փողը ռեալ է, հանելու ձևը կստանաք գրանցվելուց հետո: Դուք ոչինչ չեք կորցնում, բացի օրական 10 րոպեից»: Այնուհետև բավական մատչելի ներկայացված էր գրանցվելու ձևը  www.bux.to  ցանցում:

Մի քանի օր ինտերնետային խաբեության պոտենցիալ զոհ դառնալուց, անվճար ապրանքներ գովազդելուց հետո զանգահարեցի կոնտակտային տվյալներով` ճշտելու, թե ինչպես կարող եմ ստանալ խոստացված գումարը: Կոնտակտային անձը (Caster Troy) անկեղծացավ, ասաց, որ չպետք է տարվել նման առաջարկներով,որ վճարվում է միայն 100-ից 5 տոկոսը, իսկ այն հարցիս, թե այդ դեպքում ինչու է հայտարարություն տվել, պատասխանեց. «Երբ ես հայտարարություն էի տալիս, համոզված էի,որ դա խաբեություն չէ»: Ինչևէ, ձևացրի, որ հավատում եմ:

Էլեկտրոնային հասցեիս նամակ է գալիս Արամ Հակոբյանի անունից` «ՀՈոՏՑՈ» վերնագրով: Նամակում նկարագրվում է աշխատանքի համառոտ  բնույթը: Մինչ բուն աշխատանքի նկարագրությանն անցնելը, հեղինակը խնդրում է նամակը պատճենել և  «ՀՈոՏՑՈ» անվամբ պահել համակարգչում: Նախապես կռահելով, որ այդ քայլն անհասկանալի կլինի ինձ համար, գրում է, որ մեր համագործակցության ընթացքում կբացատրի, թե ինչու է դա անհրաժեշտ:

Առաջարկը շատ գայթակղիչ էր` աշխատում ես օրվա ընթացքում

3-4 ժամ, առանց տնից դուրս գալու, քեզ հարմար ժամին,  ինտերնետին միացած համակարգչովդ  և ստանում ամսական 75-1000 դոլար: Եթե գերազանցես 3-4 ժամվա սանդղակը, ապա կվաստակես ամսական 1000-2500 դոլար: Ընդ որում, ոչ մի ներդրում, ոչ մի ինտերնետային առևտուր: «Հարկ չկա այս ծրագրի մեջ ներգրավել ընկերներին, բարեկամներին, դու գործում ես քո անունից, և եկամուտը միմիայն քոնն է»,- գրում է Արմանը:

Նամակում նշված չէ  նամակն ուղարկողի հեռախոսահամարը (դասական խաբեության պայմաններից մեկը): Նամակ ուղարկողն  ինքը չի գրել նամակը,այլ ուղարկել է ստացած նամակը: Նամակի մեջ չափազանց շատ է շեշտվում  շատ հեշտ փող աշխատելու մասին, նշված չէ, թե որ հովանավորների հետ պետք է աշխատել:

Երբ այս ամենի մասին գրեցի Արմանին` հարցնելով, թե ինչպես կարող եմ համոզվել, որ սա հերթական խաբեություն չէ, նա պատասխանեց` փորձեք և կհամոզվեք:

Ինտերնետային  գայթակղությունների զոհերը շատ են: 19-ամյա Կարենը սիրում է իր ազատ ժամանակն անցկացնել ինտերնետում, ու չնայած այն հանգամանքին, որ բավականաչափ ուսումնասիրել է ինտերնետային դաշտը, շարունակում է խաբվել և համոզված է, որ դեռ շատ կխաբվի: «Ինտերնետային առաջարկների մեծ մասը նման է լոտոյի. կան մարդիկ, ովքեր իրոք հարստացել են այդ ճանապարհով, բայց դա դեռ չի նշանակում, որ ես էլ կհարստանամ, երաշխիքներ չկան. հավատում ենք մենք,շահում են խաբեբաները»: Եվ չնայած նրան, որ երաշխիքներ չկան, այնուամենայնիվ Կարենը և նրա նման շատերը շարունակում են արձագանքել ինտերնետային գայթակղիչ առաջարկներին:

Facebook ցանցում «Կա՞ն մարդիկ, ովքեր ինտերնետային խաբեության զոհ են դարձել» հարցիս արձագանքողները քիչ չէին: Խաբեության տարբերակները շատ են: Օրինակ` Անահիտը պատմում է, որ  արձագանքել է ինտերնետային հասցեով անվճար զուգագուլպաներ ստանալու ակցիային: Զուգագուլպան նա իհարկե ստանում է, բայց որոշ ժամանակ անց առաքվում են նոր զուգագուլպաներ, պարզվում է, որ և՛ առաքման, և՛ զուգագուլպաների համար պետք է վճարեր:

Անահիտը հրաժարվում է տվյալ ինտերնետային ծառայությունից, իսկ ծառայությունը պահանջում է զուգագուլպաների և առաքման գումարը, սպառնում դատարանով:

Ինձ մնում է ինտերնետային խաբեությունների «զոհ» դարձած դյուրահավատ մարդկանց պատմել հետևյալ անեկդոտը. «Ինտերնետային գիրք`  «Ինչպե՞ս աշխատել միլիոն դոլար»: Գրքի արժեքն ընդամենը 1 դոլար է  ու պարունակում է ընդամենը մի նախադասություն.«Գտիր ևս միլիոն հիմար, ով կգնի այս գիրքը 1 դոլարով»:

Մանե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է 2787 անգամ:
Print Friendly

Leave a Reply