Ադրբեջանական “Ազադլըգ” թերթի բանկային հաշիվների վրա կալանք է դրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 20:50

Ադրբեջանում Բաքվի շրջանային դատարանը այսօր`ապրիլի 16-ին, կալանք է դրել ընդդիմադիր “Ազադլըգ” թերթի բանկային հաշիվների վրա, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Նման որոշում կայացվել է Բաքվի մետրոպոլիտենի նախագահ Թագի Ահմեդովի կողմից թերթի դեմ ներկայացված հայցի շրջանակում: Դատարանը բավարարել էր բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցը և թերթից պահանջել էր 30 հազար մանաթ վճարել պաշտոնյային: Սակայն թերթը դատարանի որոշումն ի կատար չէր ածել:

Ահմեդովը թերթի դեմ հայց էր ներկայացրել  2012թ-ին: Պատճառը “Թագի Ահմեդովը յուրացնում է հինգ կոպեկանոց մետաղադրամները” վերտառությամբ հոդվածն է եղել, որը լույս էր տեսել թերթի` 2012թ-ի ապրիլի 8-ի համարում: Հոդվածում ասվում է, որ Բաքվի մետրոյով երթևեկելու համար 15 քափիկի փոխարեն 20 քափիկ գանձելուց հետո անհնար էր դարձել քարտերում մնացած գումարի օգտագործումը: Հոդվածագիրը Թագի Ահմեդովին մեղադրում էր յուրացման մեջ: Ահմեդովը համարել էր, որ այդ հոդվածը վիրավորում է իր արժանապատվությունն ու պատիվը և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով դատարան էր դիմել: Դատարանը հայցը մասամբ բավարարել էր՝ թերթին պարտավորեցնելով 30 հազ. մանաթ վճարել պաշտոնյային:

“Ազադլըգի” խմբագիր  Ռահիմ Հաջիևն հայտարարել է, որ նման որոշման նպատակն է թերթը զրկել գործունեության համար անհրաժեշտ նյութական միջոցներից և լռեցնել իրենց:

Դիտվել է 1609 անգամ:
Print Friendly

Leave a Reply