Մարդինի վերջին հայերը երբեք չեն լքի Սբ. Գևորգ հայկական եկեղեցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 16, 2013 20:26

Թուրքիայի քրդաբնակ Մարդինի շրջանի Դերիք գավառում բնակվող վերջին հայկական ընտանիքը՝ Յուրշալըն և Նաիֆ Դեմիրջի ամուսնական զույգը, իրենց կրոնական պաշտամունքը իրականացնում են Սբ. Գևորգ հայկական եկեղեցում: Նրանց մասին է պատմում «Doğan» լրատվական գործակալությունը: Նաիֆ Դեմիրջին, ով դարբնություն անելով է ապահովում իր ընտանիքի ապրուստը, նշել է, որ բավական գոհ է գավառի ժողովրդից, սակայն մի մտավախություն ունի՝«Եթե ես մեռնեմ, ո՞վ է հետևելու եկեղեցուն»,-ասում է Նաիֆը:
Մինչև 1915 թվականը Դերիք գավառում 1900 հայ է ապրել, իսկ այսօր այստեղ մնացել են միայն Յուրշալըն և Նաիֆ Դեմիրջիները: Նրանք նշել են, որ երբեք չեն մտածել իրենց գավառը լքելու մասին: Իր դարբնությամբ 65-ամյա Նաիֆը վաստակել է համագյուղացիների համակրանքը: Նա պատմել է, որ գավառի հայկական եկեղեցին կառուցվել է 1650 թվականին և 15 հազար քմ տարածք է ընդգրկել: «Մինչև 1915 թվականը այստեղ կանոնավոր կերպով պատարագներ էին անցկացվում, 1957 թվականին այն սկսեցին օգտագործել որպես ձիերի ախոռ: Ես այն ժամանակ 9 տարեկան է: Ավելի ուշ համայնքը 5 հազար 500 լիրա գումար հավաքելով եկեղեցին գնեց և վերանորոգելով կրկին բացեց իր դռները հավատացյալների առաջ»,-պատմել է դարբին Նաիֆը:
Այժմ հայկական եկեղեցու միակ այցելուները Դեմիրջիներն են, ովքեր էլ հետևում են եկեղեցուն: «Քահանաները իրենց պատվիրակության հետ տարվա մեջ գոնե մեկ անգամ 1-2 ավտոբուսով այցելում են մեր եկեղեցի և պատարագ անցկացնում: Գավառի բնակչությունը մեզ լավ է վերաբերում և խտրականություն չի դնում: Մեզնից ոչ մեկն այստեղ չի մնացել, բոլորը արտասահման, կամ այլ տեղեր են գնացել: Ես և կինս մենակ ենք ապրում, երեխաներ չունենք: Մենք որոշել ենք մինչև մեր կյանքի վերջը այստեղ մնալ: Եթե ես գնամ, կամ մահանամ, եկեղեցուն ո՞վ է հետևելու: Հավանաբար ոչ ոք: Ամեն շաբաթվա վերջին գավառ այցելած հյուրերը անպայման ցանկանում են եկեղեցին տեսնել: Ես էլ շաբաթ, կիրակի օրերին բացում եմ եկեղեցու դռները և օգնում հյուրերին»,-նշել է Դերիք գավառի վերջին հայը:

Դիտվել է 1756 անգամ:
Print Friendly

Leave a Reply