Շոգ կլինի Բաքվում և Սինգապուրում
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | April 17, 2010 14:14
Օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Թերևս պատճառն այն է, որ դրանք անցկացվելու են առաջին անգամ: Առայժմ քիչ բան է հայտնի, թե ինչպիսին կլինեն խաղերը: Կազմակերպիչները շատ զգուշավոր են: Մտավախություն կա, որ գուցե դժվարություններ առաջանան: Այդ պետությունը փոքր տարածք ունի և սահմանափակ թվով մարզակառույցներ: Եվ ազատ տարածքների բացակայության պատճառով, խաղերն անցկացնելու համար ժամանակակից նոր մարզահամալիրներ չեն կառուցվել: Երկիրը փոքր-ինչ ընդարձակելու համար նույնիսկ հարևան Մալազիայից հող են գնում, տեղափոխում, և արհեստականորեն փորձում մեծացնել Սինգապուրի տարածքը:
Այդ մասին օրերս պատմեց Սինգապուր այցելած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ով խաղերում կատարելու է Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատարի պարտականությունը: Նա մեր երկրի պատվիրակն է եղել խաղերի մասնակից երկրների գլխավոր հանձնակատարների խորհրդակցությունում, որին Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ 205 ազգային օլիմպիական կոմիտեներից ներկա են եղել 201-ի անդամները: Խորհրդակցությունը վարել են ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն և խաղերի կազմկոմիտեի նախագահ Սեր Միանգը: Քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր:
Խորհրդակցության մասնակիցները դժգոհություն են հայտնել, որ սահմանափակ է աթլետիկայի մրցումներին ներկա գտնվելու իրավունք ունեցող մարզիչների թիվը: Ըստ սահմանված կարգի` ամեն երկրի պատվիրակության կազմում կարող են լինել աթլետիկայի հավաքականի անդամների թվի 35 տոկոսի չափով մարզիչներ: Կազմակերպիչները խոստացել են վերանայել այդ որոշումը և հավաքականների հետ ավելի մեծ թվով մարզիչների թույլատրել իրենց սաներին ուղեկցելու: Խորհրդակցության ավարտից հետո մասնակիցներին ուղեկցել են այն մարզաբազաները, որոնցում անցկացվելու են մրցումները: Ու թեև բոլորն էլ տարիներ առաջ են կառուցվել,սակայն լավ վիճակում են եղել, քանի որ անցած տարի Սինգապուրում են անցկացվել Ասիական խաղերը, և դրանից առաջ մարզաբազաների վերանորոգման մեծածավալ աշխատանքներ են կատարվել:
Գաբրիելյանը հայտնեց, որ օլիմպիական ավանի է վերածվել տեղի համալսարանի համալիրը, որն ունի զգալի թվով խաղահրապարակներ, մարզասրահներ, հյուրանոցային շինություններ, միաժամանակ 1800 մարդու սպասարկող ճաշարան: Ընդ որում, տարբեր երկրների գլխավոր հանձնակատարներին առաջարկել են համտեսել այն կերակրատեսակները, որոնք մատուցվելու են խաղերի մասնակիցներին, և այդ հարցում ոչ մի դժգոհություն չի հնչել: Մինչդեռ, մասնակիցների գիշերելու կացարանները չեն համապատասխանել ժամանակակից պահանջներին: Թեև խաղերի մասնակիցներին հիմնականում տրամադրվելու են 1 և 2-տեղանոց հյուրանոցային համարներ` 11 և 23 քմ չափերով, սակայն լոգարանները և զուգարանները եղել եմ միայն միջանցքներում` նախատեսված ընդհանուր օգտագործման համար: Այդ է պատճառը, որ բոլոր երկրների գլխավոր հանձնակատարները խնդիր են դրել, որ այս հարցը լուծվի: Եվ կազմակերպիչները վստահեցրել են, որ մինչև խաղերի մեկնարկն ամեն ինչ կարգին կլինի:
Ի դեպ, այս խաղերը տարբերվելու են մյուս համալիր ստուգատեսներից, նաև օլիմպիական խաղերից: Ի տարբերություն մեծահասակ մարզիկների, օլիմպիական խաղերի` այս ստուգատեսի բացման արարողության ժամանակ տարբեր երկրների մասնակիցներից միայն մեկը` դրոշակակիրն է անցնելու Սինգապուրի կենտրոնում գտնվող 20 հազար նստելատեղ ունեցող մարզադաշտով, իսկ նրա թիմակիցները տեղ են զբաղեցնելու տրիբունաներում: Բացի այդ, բոլոր մասնակիցները մրցավայր են ժամանելու ստուգատեսի մեկնարկից առաջ և հրաժեշտ են տալու Սինգապուրին միայն խաղերի փակման հանդիսավոր արարողությունից հետո: Նույնիսկ այն մարզիկները, ովքեր շուտ են ավարտելու մրցումները, հեռանալու իրավունք չեն ունենա, քանի որ առանձին ծրագրով բոլոր օլիմպիականները մասնակցելու են զանգվածային խաղերի ու այլ միջոցառումների:
Պատանեկան օլիմպիական խաղերի կազմակերպման մտահղացումը ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեինն է, և ՄՕԿ-ն է սահմանել այդ կարգը: Ընդ որում, եթե որոշ մասնակիցներ ցանկանան խախտել այն և շուտ վերադառնալ, ապա Միջազգային օլիմպիական կոմիտեն չի հոգա նրանց ծախսերը: Թերևս դրանով է բացատրվում, որ առաջնահերթ նշանակություն է տրվում խաղերի բոլոր օրերին բոլոր մասնակիցների համար հարմարավետ պայմանների ապահովմանը: Ի դեպ, խաղերի օրերին մասնակիցները Սինգապուրում տրանսպորտից օգտվելու են անվճար:
Այդուհանդերձ, օլիմպիականները մի շարք խնդիրների կբախվեն, ընդ որում, հենց առաջին օրվանից, երբ ոտք դնեն Սինգապուր: Պարզվում է, որ այդ կղզում գործում են մի շարք օրենքներ, որոնք տարբեր երկրների ներկայացուցիչների, նաև հայերիս համար զարմանալի կարող են թվալ: Ի դեպ, հեռավոր Սինգապուրում նույնպես հայեր են ապրում, կա Արմենիա անունով փողոց, նաև հայկական եկեղեցի: Իսկ տարօրինակն այն է, որ, եթե որևէ մեկին տեսնեն ծամոն ծամելիս, ապա նրան կտուգանեն մոտ 250 դոլար: Ընդ որում, չի թույլատրվում այդ երկիր ծամոն տանել: Փողոցում քայլելիս չի կարելի ջուր խմել և որևէ բան ուտել: Խիստ պատիժ է սպասվում նրանց, ովքեր կկեղտոտեն, կաղտոտեն շենքերի շքամուտքերը, վերելակները, հասարակական այլ վայրերը: Անողոք պայքար է մղվում թմրամոլության դեմ, արգելվում է թղթախաղը: Այնպես որ, այս ամենին անտեղյակ հյուրերը կարող են գլխացավանքի մեջ ընկնել:
Դերենիկ Գաբրիելյանը հայտնեց, որ մեր երկրի պատվիրակներին պետք է զգուշացնել այդ ամենի մասին, որպեսզի խուսափենք անախորժություններից: Ի դեպ, գլխավոր հանձնակատարների հետ հանդիպման ժամանակ խաղերի կազմկոմիտեի նախագահը հստակ հայտնել է, որ իրենց 5 մլն բնակչություն ունեցող երկրում, որի 74 տոկոսը չինացիներ, 14 տոկոսը մալազիացիներ,իսկ մնացածն այլ ազգերի ներկայացուցիչներ են, առաջնորդվում են մեկ կարգախոսով և խստագույնս պահպանում այն` «Մենք չենք ծխում, չենք աղտոտում միջավայրը. մենք սիրում ենք մեր երկիրը»:
Հայաստանից առայժմ խաղերի ուղեգիր են նվաճել երկու ծանրորդ և մեկ ձյուդոյիստ: Սակայն, հույսեր կան, որ այդ թիվը կմեծանա: Մասնավորապես, առաջիկայում, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվելու է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը նույնպես վարկանիշային է սինգապուրյան ստուգատեսի համար: Եվ, քանի որ Գաբրիելյանը նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահն է, հետաքրքրվեցինք, թե հույսեր կա՞ն, որ մերոնք թշնամաբար տրամադրված սահմանակից երկրում անվտանգ պայմաններում իրենց կարողությունները դրսևորեն և հաջողության հասնեն: Ընդ որում, ուղեգրերի են արժանանալու միայն այն մարզիկները, ովքեր կլինեն մրցանակակիրների թվում: «Հայաստանից 5-6 բռնցքամարտիկ կմասնակցի ապրիլի 20-ին Բաքվում մեկնարկելիք այդ ստուգատեսին: Մրցավայր կմեկնեն միայն նրանք, ովքեր մեդալակիր դառնալու հույսեր են ներշնչում: Իսկ Սինգապուրում զրուցել եմ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (ԱԻԲԱ) նախագահ Կու Վուի հետ: Քանի որ մինչև այդ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը պաշտոնական գրություն էր ուղարկել ԱԻԲԱ-ի հասցեով և հետաքրքրվել, թե արդյոք Ադրբեջանի ներկայացուցիչները երաշխիքներ տալի՞ս են, որ առաջնության օրերին մեր մարզիկների համար իրենց երկրում անվտանգ կլինի, Կու Վուն պատասխանել է, որ այդ հարցով հետաքրքրվել է: Նա ասել է, որ վերջերս Բաքվում է եղել և իրեն վստահեցրել են, որ ամեն ինչ կարգին կլինի: Գաբրիելյանն էլ հայտնել է, որ եթե դա չհամապատասխանի իրականությանը, ապա մեր երկրի ներկայացուցիչները հրապարակավ այդ մասին հայտարարություններ կանեն: Ինչևէ, մերոնց համար Ադրբեջանի մայրաքաղաքում շոգ է լինելու: Ի դեպ, շոգի մասին: Խաղերի օրերին Սինգապուրում օդի ջերմաստիճանը հասնելու է 35 աստիճանի: Իսկ դա նշանակում է` մեդալներ նվաճելը բոլոր առումներով դժվար է լինելու, և պատանի մարզիկներին թեժ ամառ է սպասում:






Facebook
Tweet This
Email This Post
