«Ալ Քաիդա»-ն ԱՄՆ-ի հետ հրադադարի պայմաններ է առաջադրում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 22, 2009 19:15
«Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցը հնարավորության դեպքում օգտագործելու է Պակիստանի միջուկային զենքերը` ԱՄՆ–ին հուժկու և կործանարար հարված հասցնելու համար. «Աստծո կամքով այդ զենքերը բաժին չեն հասնելու ամերիկյան բռնապետներին. դրանց տիրանալու է մահմեդական աշխարհը և օգտագործելու է ԱՄՆ–ի դեմ»,-«Ալ Ջազիրա»-ին հայտարարել է «Ալ Քաիդա»–ի` Աֆղանստանի գլխավոր հրամանատար Մուսթաֆա Աբուլ Յազիդը` ավելացնելով, որ «Ալ Քաիդա»-ն շարունակելու է հարվածել ԱՄՆ–ի տնտեսական մեծ նշանակության օբյեկտներին: Աբուլ Յազիդը հորդորել է ամբողջ աշխարհում սփռված ցանցի մահապարտներին չդադարեցնել թշնամու դեմ գործողությունները` միաժամանակ չբացառելով ԱՄՆ վարչակազմի հետ հրադադարի հաստատումը. «Մենք պատրաստ ենք Վաշինգտոնի հետ տասնամյա հրադադար կնքել, եթե ԱՄՆ–ը դուրս բերի իր զորքերը բոլոր մուսուլմանական երկրներից, հրաժարվի սատարել Իսրայելին ու արաբական աշխարհի դրածո կառավարություններին»,-ասել է Աֆղանստանում «Ալ Քաիդա»–ի առաջին դեմքը: Աբուլ Յազիդը նաև դատապարտել է Պակիստանի Վազիրստան նահանգում և Սվաթի հովտում բանակի գործողությունները, որոնք ուղղված են հովիտը «Ալ Քաիդա»-ի մուջահեդներից մաքրագործելուն: Ահաբեկիչը նաև հայտնել է, որ ցանցի պարագլուխ Ուսամա Բեն Լադենն ու նրա տեղակալ Այման Ալ Զավահիրին ապահով տեղում են գտնվում:
Al-Jazeera






Facebook
Tweet This
Email This Post
