ՄԱԿ-ը և Հայաստանի կառավարությունը աջակցում են Երևանի կանաչապատմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 16, 2013 17:45

Ավելի քան 420 ծառ է տնկվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, կառավարության, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության կողմից ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «Էյ Թի Փի» Բարեգործական հիմնադրամի («Հայաստան ծառատունկ» ծրագիր) կողմից Ավան վարչական շրջանում կազմակերպված ծառատունկի ժամանակ: Միջոցառմանն աջակցել է Ավան վարչական շրջանը:

Ծառատունկը կազմակերպվել էր Երկիր մոլորակի օրվա և Ջրային համագործակցության միջազգային տարվա շրջանակներում: Ծառերն ու տնկման համար անհրաժեշտ պարագաները սիրով տրմադրվել էին «Հայաստան ծառատունկ ծրագրի» կողմից:

Բրեդլի Բուզետտոն` ՄԱԿ-ի մշտական համակարգողն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ապրելու ապահով և առողջ միջավայրում, և մեր պարտականությունն է պաշտպանել շրջակա միջավայրը: Ահա թե ինչու բնական ռեսուրսների պաշտպանությունն ու տևական օգտագործումը միանգամայն անհրաժեշտ են և հանդիսանում են Հայաստանում ՄԱԿ-ի կենտրոնական նպատակներից մեկը: Ես ուրախ եմ միանալ մեր հայաստանյան գործընկերների կողմից ներկայացված այս ավանդույթին և տնկել ծառեր՝ այսպիսով անձամբ նպաստելով այս գեղեցիկ երկրի կանաչ գոտիների վերականգնմանն ու բնական ռեսուրսների պաշտպանությանը»:

Էդվարդ Նալբանդյանը՝ Արտաքին գործերի նախարարը նշեց. «Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում անտառների պաշտպանությանը, մեր քաղաքների և գյուղերի կանաչապատմանն ու այլ բնական ռեսուրսների պաշտպանությանը տեղական համայնքների առավել լայն ընդգրկվածության միջոցով: Միասին մենք աշխատում ենք ամրապնդելու անտառների կառավարումը, պահպանումն ու կայուն զարգացումը՝ հանուն ներկա և ապագա սերունդների: Ես կոչ եմ անում յուրաքանչյուր քաղաքացու ամեն տարի տնկել առնվազն մեկ ծառ, դրանով անձնապես նպաստելով այգիների և անտառների վերականգնմանը»:

«Ավելի կարևոր գործ չկա, քան ՀՀ կառավարության, իր գործակալությունների և ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, որը նպատակ ունի բարելավելու Հայաստանի շրջակա միջավայրը», նշում է «Հայաստան ծառատունկ ծրագրի» գործադիր տնօրեն Թոմաս Գարաբեդյանը: «Այս ծառատունկը խորհրդանշում է «Հայաստան ծառատունկ ծրագրի» նվիրվածությունը ուղղված ՀՀ քաղացու բարեկեցությանը և շրջակա միջավայրի պահպանմանը»:

ՄԱԿ-ը կշարունակի իր համագործակցությունը իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ այն ծրագրերի հարցում, որոնք ուղղված են Հայաստանի կայուն զարգացմանը, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պաշտպանությանը, այդպիսով` նպաստելով Հազարամյակի զարգացման նպատակների ձեռքբերումներին:

Միջացառումը կազմակերպվել է Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ) հասնելուն ուղղված գործողությունների շրջանակում, քանի որ ապրիլի 5-ին աշխարհը նշեց մինչև 2015 թ.՝ ՀԶՆ-ների վերջնաժամկետին մնացած 1000 օրվա մեկնարկը:

«Հայաստան ծառատունկ ծրագիր»-ը, ոչ առևտրային ծրագիր է` հիմնված ԱՄՆ-ում և Հայաստանում, իրականացնում է բնապահպանական ծրագրեր Հայաստանի աղքատացած և անտառազուրկ տարածքներում: 1994 թ. ի վեր ավելի քան 4 ու կես մլն ծառ է տնկվել և վերականգնվել, և հարյուրավոր աշխատատեղեր են ստեղծվել հայաստանցիների համար ծառերի վերականգնման սեզոնային ծրագրերի շրջանակներում: «Հայաստան ծառատունկ ծրագիրն» աշխատում է Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ուղղությամբ` հավաքելով միջոցներ անտառապատման աշխատանքների ֆինանսավորման համար:

Դիտվել է 1556 անգամ:
Print Friendly

Leave a Reply