Մարտի մեկի տասը զոհերի մանկության երազանքը չէր հետևել Լևոն Տեր–Պետրոսյանին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 16, 2013 15:02

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում   հրավիրված մամուլի ասուլիսին

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը,անդրադառնալով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը, թե իր մանկության երազանքը չէր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթելը, հակադարձեց, որ նույն կերպ Մարտի 1-ի զոհերի մանկության երազանքը չէր 2008-ին հետևել Լևոն Տեր–Պետրոսյանին և կրակի բերանն ընկնել։

«Տեր-Պետրոսյանը նախ հայտարարում է, որ չի կարելի քննադատել բարիկադների վրա գտնվողին, բայց հաջորդիվ քննադատում է: Պարոն Տեր-Պետրոսյան, մարտի մեկի այդ տասը զոհերի մանկության երազանքը չէր` ձեզ հավատալ և գնալ գնդակի բերան: Եթե դուք չեք ներում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ դիակներ չեղան, ձեր խնդիրն է: Սա քաղաքական նեռության դասական օրինակ է: Այսօր ընդդիմադիր դաշտի թիվ մեկ պառակտողը Լևոն Տեր-Պետրոսյանն է, և միշտ էլ այդպես է եղել: Նրանք, ովքեր շատ թե քիչ առնչություն են ունեցել այդ շարժման հետ, չեն հրավիրվել ՀԱԿԿ համագումարին: Ես համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանը եթե հնարավորություն ունենա, նույն կերպ է վարվելու, ինչպես 96-ին:»,– ասաց Ռուբեն Հակոբյանը։

«Ես, ճիշտն ասած, մի քիչ ուզում եմ անդրադառնալ ՀԱԿ-ի կեցվածքին, նրա առաջնորդի խոսքերին վերջին համագումարին, որովհետեւ բավականին լուրջ գրոտեսկային քննադատություն հնչեցվեց «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին: Հնչեցվեց գովասանք ԲՀԿ-ի հասցեին, բամբասանք՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին»: Ըստ Ռուբեն Հակոբյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի արածը ոչ թե քաղաքական գործընթաց էր, այլ քաղաքական ժուլիկություն, որը նախկինում կիրառվեց Սերժ Սարգսյանի նկատմամբ, հետո տեսավ չստացվեց, թեքվեց ԲՀԿ-ի կողմը. «Մինչեւ այս պահը Գագիկ Ծառուկյանն ինքն է կարողացել ամբողջությամբ օգտագործել ՀԱԿ-ին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Բավականին անխնա օգտագործել է նրանց, եւ դրա առհավատչյան խորհրդարանական ընտրություններն էին:

Անդրադառնալով իրենց կուսակցության հետագա անելիքների մասին Ռ. Հակոբյանը տեղեկացրեց, որ հնարավոր է վերսկսեն մարզային հանդիպումները: Իսկ Երևանի ավագանու ընտրություններում ինքը զարմանալի բան չի տեսնում, որ «Բարև» դաշինքը փորձում է օգտվել Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման հաջողությունից:

Դիտվել է 1591 անգամ:
Print Friendly

Leave a Reply