Չնայած տարածաշրջանային լարվածությանը` հայ-վրացական և հայ-իրանական հարաբերությունները կարելի է դրական գնահատել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 16, 2013 14:36

Այսօր “Փաստարկ” մամուլի ակումբի հյուրն էր Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, որը ներկայացրեց հայ-վրացական և հայ-իրանական հարաբերությունները` տարածաշրջանային գործընթացների համատեքստում:

«Տարածաշրջանում լարվածությունը մեծ է, բայց Վրաստան-Հայաստան հարաբերություններում կարծես թե դիվանագիտական ակտիվություն է նկատվում: Վերջին ամիսների ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով մի քանի երկկողմ այցեր տեղի ունեցան, որոնք վկայում են այդ ակտիվության մասին”, – նշեց բանախոսը և հավելեց, որ չնայած այս ակտիվությանը և նրան, որ Վրաստանն ու Հայաստանը հարևան երկրներ են ու գտնվում են գրեթե նույն մշակութային դաշտում, Վրաստանի մասին մեր պատկերացումները սահմանափակվում են Ջավախքի և մի քանի նմանատիպ խնդիրներով, Վրաստանում էլ նույնպիսի սուղ պատկերացումներ ունեն մեր մասին: Նկատի ունենալով, որ Վրաստանում հիմա նորովի են մեկնաբանում իրենց “ազգային շահերը”և դրանք ներկայում ասես համընկնում են մեր շահերին` պետք է հասկանանք, որ այս պահին Վրաստանի հետ ինտեգրումը մեզ համար կարևոր է:

Ինչ վերաբերում է Հայաստանի դեսպանատան դեմ վերջերս վրացի ակտիվիստների կազմակերպած բողոքի ցույցին, որ վերաբերում էր Հայաստանի նախագահի երդման արարողությանը հրավիրված աբխազական պատվիրակության ներկայությանը, Գագիկ Հարությունյանը փաստեց, որ այն ամենը, ինչ վերաբերում է Հարավային Օսիային և Աբխազիային, Վրաստանում համարում են քայլեր` ուղղված իրենց դեմ, գտնում են, որ այդ խնդիրները իրենց համար նույնն են, ինչ մեզ համար Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան հարաբերություններին, Գագիկ Հարությունյանը համարում է, որ Իրանում շուտով կայանալիք նախագահական ընտրությունները չեն կատարի այնպիսի գլոբալ փոփոխություններ, որոնք կանդրադառնան հայ-իրանական հարաբերությունների վրա, որոնք այս պահին «դրական են» մեր դիտակետից:

Դիտվել է 1490 անգամ:
Print Friendly

Leave a Reply