Ուրուգվայը կդառնա Արգենտինայից հետո Հարավային Ամերիկայի երկրորդ պետությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 15, 2013 18:01

ՀՀ կառավարությունը մտադիր է ապրիլի 18-ի նիստում համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Համաձայնագրի ստորագրմամբ Ուրուգվայը կդառնա Հարավային Ամերիկայի երկրորդ պետությունը, որի հետ Հայաստանը կունենա առանց մուտքի արտոնագրի ռեժիմ: «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինյան Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2011թ. –ի սեպտեմբերի 15-ին:

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության հիմնավորման, մասնավորապես, Ուրուգվայի հետ համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմամբ, քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանմամբ: Բացի այդ՝ ԱԳՆ-ն որպես հիմնավորում նշում է աշխարհագրական հեռավորության պատճառով փոխադարձ միգրացիոն ռիսկերի բացակայությունը:

Նշվում է նաև, որ համաձայնագրի ստորագրումը ՀՀ պետական բյուջեում էական ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնի, քանի որ տարվա կտրվածքով Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր են ստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության սակավաթիվ քաղաքացիներ:

«Փաստինֆո»

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply