Կառավարությունը քննարկել «Շքեղության հարկի մասին» օրենքի նախագիծը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 15, 2010 17:58

Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի  18900.0 հազար դրամ։ Այդ գումարով, մասնավորապես, կկազմակերպվեն համերգային երեկո Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իտալացի նկարիչ Անսելմո Ֆրանչեսկոնիի աշխատանքների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում, կհրատարակվի ինչպես վավերագրական, այնպես էլ գիտական եւ գեղարվեստական գրականություն. Նման որոշում է կայացրել կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ պետական մարմինների եւ ՀԿ-ների մասնակցությամբ մշակվել է հարուստ եւ բազմաբովանդակ ծրագիր, որը կիրականացվի ապրիլի 16-ից սկսած եւ որին կմասնակցեն նաեւ կառավարության անդամները։

Ի նշանավորումն Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձի, գործադիրը որոշել է ընթացիկ տարում Հայրենական մեծ պատերազմի 300 վետերանների հանգստի եւ վերականգնողական բուժման կազմակերպման նպատակով իր պահուստային ֆոնդից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 36,000.0 հազար դրամ։

2010թ. մարտի 15-ին եւ 16-ին ուժեղ քամու հետեւանքով դպրոցներին պատճառված վնասների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է 5,500.0 հազար դրամ։

ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ, որի գործունեության նպատակն է աշխատաշուկայում հաշմանդամների մրցունակության բարձրացման եւ շուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտական կողմնորոշումը, հաշմանդամների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական մեկուսացումը մեղմելուն ուղղված սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումը եւ այլն։ Կենտրոնի մատուցած ծառայությունների արդյունքում կբարձրանա Գյումրի քաղաքի եւ Շիրակի մարզի հաշմանդամների մրցունակությունը աշխատաշուկայում, կփոխվի նրանց նկատմամբ գործատուների վերաբերմունքը։

Կառավարությունն իր նիստում որոշել է ռազմական գործողությունների հետեւանքով 1992թ. օգոստոսի 8-ին Արծվաշենի համայնքից բռնի տեղահանված Գեղարքունիքի եւ այլ մարզերի բնակավայրերում բնակություն հաստատած արծվաշենցիների բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննության համար ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 16,000.0 հազար դրամ։ Նշված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցը ներառված է կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագրում։

ՀՀ կառավարությունը քննության է առել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շքեղության հարկի մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Շքեղության հարկի ներդրման հիմնական նպատակը պետք է լինի բնակչության համեմատաբար հարուստ խավից լրացուցիչ հարկ հավաքելը։ Սակայն ՀՀ ֆիզիկական անձանց համար արդեն իսկ սահմանված են եկամտային եւ գույքային հարկերի պրոգրեսիվ դրույքաչափեր։ Այս եւ մի քանի այլ հանգամանքներ հաշվի առնելով կառավարությունը դեմ է արտահայտվել նախագծերի փաթեթի ընդունմանը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԱԺ պատգամավորի օրենսդրական նախաձեռնության բովանդակությունը իրոք մտահոգիչ է եւ լուծման կարոտ, սակայն ընդունելի չէ նրա առաջարկած տարբերակը։ Պատգամավորը եւ կառավարությունը համատեղ քննարկման արդյունքում կարող են գտնել հարցի արդարացի լուծումը։

Գործադրի բացասական եզրակացությունն է ստացել նաեւ ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքով սահմանել պետբյուջեում ՓՄՁ պետական աջակցության ծրագրի իրականացման գծով նախատեսվող հատկացումների նվազագույն շեմ, ինչն անընդունելի է կառավարության համար։

Նշված օրինագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Դիտվել է 2030 անգամ:
Print Friendly

Leave a Reply