Լեգենդար կիթառահար Ջոն Մքլաֆլինի համերգը Հայաստանում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | April 15, 2010 17:59Ապրիլի 28-ին ժամը 19:00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի կունենա բոլոր ժամանակների լավագույն կիթառահարներից մեկի` Ջոն Մքլաֆլինի (John Mclaughlin) և «The 4th Dimension» ջազ-ֆյուժն քառյակի համերգը:
Ջոն Մքլաֆլինը լեգենդ է, իսկ նրա ստեղծագործությունները` համաշխարհային երաժշտության գլուխգործոցներ:
Մքլաֆլինին որպես վիրտուոզ կատարող ընդունել են աշխարհահռչակ մի շարք երաժիշտներ` Կառլոս Սանտանա, Ջեֆ Բեք, Պակո դե Լուսիա, Ալ դի Մեոլա, Ջակո Պաստորիուս, Մայլզ Դեվիս և այլոք: Վերջիններս բազմիցս համագործակցել են Ջոն Մքլաֆլինի հետ տարբեր նախագծերում:
Մքլաֆլինի երաժշտությունն ունկնդրելն էյֆորիկ զգացողություն է, որն անտարբեր չի թողնում ոչ մի երաժշտասերի: Անկասկած, ելևէջների այս բազմաոճ խաղը Մքլաֆլինը կփոխանցի նաև հայ հանդիսականին:
Համերգին իր ինքնատիպ երաժշտությամբ ու խառնվածքով կմիանա հայ մեծ երաժիշտ` Արտո Թունջբոյաջյանն, ով արդեն առիթ ունեցել է նվագել Մքլաֆլինի հետ: «Արտոն հիանալի երաժիշտ է, մեծ ու բարի հոգի ունեցող անձնավորություն»,- ասել է Ջոն Մքլաֆլինը Մոնտե-Կառլոյում տված հարցազրույցի ընթացքում: (Հարցազրույցը` «Վիբրոգրաֆուսի» պաշտոնական կայքէջում` այստեղ և «bravo.am»-ում` այստեղ)
Ջոն Մքլաֆլինի համերգը տոն կլինի ոչ միայն նրան ճանաչողների և նրա երաժշտությունը սիրողների համար, այլև նրան առաջին անգամ ունկնդրողներն այդ օրը կհիշեն որպես մեծ արվեստին հաղորդակից լինելու օր:
Տոմսերի համար զանգահարել 58 29 87 կամ այցելել «Վիբրոգրաֆուսի» պաշտոնական կայք՝ www.vgs.am