Լոռի. Հարուցվել է քրեական գործ` «Տաշիրի բժշկական կենտրոն»-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 15, 2013 17:07

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ:

ՀՀ կառավարության առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2009-2012 թվականներին պետական գնումների շրջանակներում դեղորայքի, բժշկական պարագաների եւ նյութերի ձեռքբերման գործընթացում «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես` 2009 թվականի փետրվարի 10-ին «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության եւ «Նատալի Ֆարմ» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է բժշկական կենտրոնի կարիքների համար «Անհրաժեշտ դեղորայքի, բժշկական պարագաների ձեռքբերման» պայմանագիր:

Համաձայն պայմանագրի` նշված ընկերությունը մասնակցել է դեղորայքի ձեռքբերման համար հայտարարած մրցույթին, ճանաչվել հաղթող, մինչդեռ մրցույթը կայանալու վերաբերյալ արձանագրությունը կազմվել է 2009 թվականի փետրվարի 13-ի թվագրմամբ, իսկ արդյունքներն ամփոփվել են փետրվարի 14-ի թվագրմամբ, այսինքն` պայմանագիրը կնքելուց 4 օր հետո:

Ըստ 2009 թվականի փետրվարի 13-ին կազմված մրցակցության բանակցությունների արձանագրության` մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն, որն էլ ճանաչվել է հաղթող:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ 2012 թվականին «Տաշիրի բժշկական կենտրոն»-ի կարիքների համար դեղորայք, բժշկական պարագաներ ու նյութեր ձեռք բերելու ընթացքում խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է` բաց կամ սահմանափակ ընթացակարգի կիրառումից խուսափելու նպատակով մրցույթ չի հայտարարվել, այլ փոխարենը գնումը բաժանելով առանձին չափաբաժինների` 2012 թվականի մարտի 7-ին նույն ընկերության հետ կնքվել են ապրանքների գնման թվով 26 պայմանագրեր` ընդհանուր 16.387.450 դրամ արժողությամբ դեղորայք եւ այլ բժշկական պարագաներ ձեռք բերելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազը հարուցել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply