Թուրքագետ. «Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չկա»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 15, 2010 16:25

Սարգսյան - Էրդողան

«Սառը մթնոլորտը, որում անցան հայ-թուրքական վաշինգտոնյան հանդիպումները և Հայաստանի ու Թուրքիայի առաջնորդների հայտարարությունները հանդիպումից հետո թույլ են տալիս եզրակացնել, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չկա»,- ասում է  թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ  վաշինգտոնյան հանդիպումները համարում է հայ-թուրքական գործընթացի հերթական քայլերից մեկը` նշելով, որ դա  տևական և դանդաղ գործընթաց է:

Վաշինգտոնում գլոբալ միջուկային անվտանգության համաժողովի շրջանակներում ապրիլի 12-ին հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել:

Սակայն Էրդողանն իր տեսակետը հայտնել է  Ջորջ Մեյսոնի համալսարանում` Իսլամական հետազոտական կենտրոնի բացման արարողությանը. «Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների առնչությամբ ցեղասպանության մեղադրանքները և մերժում ենք խորհրդարանների միակողմանի որոշումները: Մենք կարծում ենք, որ պատմությունը պետք է ուսումնասիրեն և գնահատեն պատմաբանները, ոչ խորհրդարանները»:

Թուրքական HaberTurk հեռուստաընկերության հաղորդմամբ` Էրդողանը նաև անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությանը, նշելով, որ «Ցյուրիխում ստորագրված տեքստի մեջ «առանց նախապայմանի» արտահայտության կողքին կա շատ կարևոր մի դրույթ` հաստատել տարածաշրջանային խաղաղություն: Իսկ «տարածաշրջանային խաղաղություն» թեզիսի շրջանակում մի՞թե կարելի է անտեսել Ադրբեջանը: Ադրբեջանն այդ տարածաշրջանային խաղաղության մի մասն է: Այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի լուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը, անհրաժեշտ է, որ կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվի… Նախ և առաջ, ինչո՞ւ է փակվել հայ-թուրքական սահմանը: Այսինքն` ինչո՞ւ 1993 թ. փակվեց այդ սահմանադուռը: Սահմանը փակվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված իրադարձությունների պատճառով: Իսկ հիմա կարծում ենք, որ այդ սահմանի բացման համար, անկասկած, անհրաժեշտ է, որ այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի և պարարտ հող ստեղծվի խաղաղության հաստատման համար»:

Նախագահ Սերժ Սարգսյանն էլ Վաշինգտոնի ազգային մայր տաճարում ծաղիկներ է դրել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզմանին և հանդիպել Սփյուռքի ներկայացուցիչների հետ: «Մենք պատրաստ ենք և ցանկանում ենք բնականոն հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարևանների հետ, բայց չենք հանդուրժի, որ պայմաններ թելադրվեն մեզ։  Մեր դիրքորոշումը եղել և մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի և հայության հետ։ Մենք դա պարզապես թույլ չենք տա։ Մենք չենք պատրաստվում որևէ ձևաչափում քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձևացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որևէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում»,- հայտարարել է Սարգսյանը։

Մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, թե Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության մի մասն է,  Շաքարյանն ասում է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապելու է Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, «ուստի հայ-թուրքական հարաբերություններում տեսանելի ապագայում բարելավում տեղի չի ունենա»:

Շիրինյանն էլ  ասում է, որ թուրքերն ամեն կերպ փորձում են հետ ստանալ ճակատում տանուլ տվածը: Թուրքական կողմի առաջարկած Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը, և այդ տեսնում են նաև Արևմուտքում:  Թուրքիան պարզապես փորձում է արձանագրությունները մեկնաբանել  յուրովի, իրեն անհրաժեշտ ենթատեքստով: Քաղաքագետն ավելի  կարևորում է, որ Հայաստանը Վաշինգտոնում արտահայտել է  հստակ դիրքորոշում, հավելելով, որ ԱՄՆ-ն այս պահին հայկական դիրքորոշման կողմնակիցն է: «Թուրքիան փորձում է իր բնավորության համաձայն առավելագույնս ստանալ այս գործընթացից և չափն անցնում է` կարծելով, որ ինքը բավականաչափ հզոր է: Իսկ ԱՄՆ-ն չի սիրում հզոր կամ չափն անցած բարեկամների»,- ասում է Շիրինյանը:

Ըստ քաղաքագետի, սակայն,   հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ կանխատեսումներն անհնար են, քանի որ այս գործընթացում Հայաստանից և Թուրքիայից բացի ներգրավված են նաև աշխարհի խոշորագույն երկրները:

Թուրքագետի կարծիքով՝  ԱՄՆ ղեկավարությունը հայ-թուրքական վաշինգտոնյան  հանդիպումը կազմակերպել էր, որպեսզի հերթական անգամ Ապրիլի 24-ին չարտասանի ցեղասպանություն բառը և արդարացում ունենա դրա համար: Նրա խոսքով`  Ապրիլի 24-ից հետո հայ-թուրքական հարաբերություններում նորից դադարի ժամանակաշրջան կլինի, եթե հայկական կողմն ինքը  քայլեր չձեռնարկի:

Շաքարյանն ասում է, որ Թուրքիան հայ-թուրքական գործընթացն ակտիվացնում է միայն Ապրիլի 24-ի նախօրեին, ինչպես անցած տարի և այս տարի, և այն ժամանակ, երբ իրեն դա պետք է. «Անցած տարի Ապրիլի 24-ից հետո երկկողմ հարաբերություններում դադար էր մինչև օգոստոսի վերջը, երբ ի հայտ եկան արձանագրությունները, որպեսզի Սերժ Սարգսյանը Թուրքիա ժամաներ»: Չնայած հայկական կողմը նախապես արձանագրությունների վավերացման վերջնաժամկետ էր հայտարարել Ապրիլի 24-ը, սակայն «իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ մենք մեր հստակ վերջնագիրը խախտելու ենք»: Թուրքագետի խոսքով՝ վաշինգտոնյան հանդիպումները վկայում են, որ երկկողմ բանակցություններն ընթացքի մեջ են, և  եթե հիմա Հայաստանը հետ վերցնի ստորագրությունը արձանագրություններից, կստացվի, որ հայկական կողմն է ձախողում հայ-թուրքական գործընթացը:

Շաքարյանը նաև կարծում է, որ երկարաժամկետ առումով հայկական կողմը շահեկան վիճակում է. «Թուրքիան, միևնույն է, առաջիկա մի քանի ամիսներին չի վավերացնի արձանագրությունները և Հայաստանը միշտ էլ հնարավերություն կունենա հետ վերցնելու իր ստորագրությունը` Թուրքիային մեղադրելով ապակառուցողականության մեջ»:

Իսկ քաղաքագետ  Լևոն Շիրինյանը կարծում է, որ եթե Հայաստանը հետ վերցնի ստորագրությունը և դուրս գա գործընթացից, ապա միջազգային ասպարեզում որպես ռազմավարական գործընկեր զրոյական արժեք կունենա: Նա կարծում է, որ վաղ թե ուշ Թուրքիան կգնա հարաբերությունների կարգավորման: Իսկ թե երբ, դա, ըստ Շիրինյանի,  կախված է Թուրքիայի վրա միջազգային հանրության ճնշման ծավալներից և հայկական կողմի խելոք գործելակերպից:

Նա ասում է, որ քրդական խնդիրը խոց է Թուրքիայի համար և դրանից ազատվելու համար այդ երկիրը  նախ պետք է կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ավելի շատ պետք է Թուրքիային, միայն թե թուրքական կողմը ցույց է տալիս, թե դա մեզ է անհրաժեշտ,- ասում է Շիրինյանը:- Այս պահին և՛ ԱՄՆ-ն, և՛ Իսրայելը դեմ չեն, որ Հյուսիսային Իրաքում ստեղծվի քրդական պետություն, ինչը ձեռնտու չէ Թուրքիային, և  նա ամեն քայլի կդիմի` կասեցնելու այդ  խնդրի լուծումը»:

Դիտվել է 3161 անգամ:
Print Friendly

Leave a Reply