Դարանակ համայնքի ավագանու համար կպայքարեն միայն ՀՀԿ-ի թեկնածուները
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 15, 2013 13:46
Մայիսի 5-ին Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղական համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին սահմանված ժամկետում՝ ապրիլի 10-ից մինչև 14-ը, ավագանու 5 տեղերի համար առաջադրվել է 6 թեկնածու՝ բոլորն էլ ՀՀԿ-ի կողմից: Նրանցից 4-ը ՀՀԿ անդամ են, իսկ 2-ը՝ անկուսակցական: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից:
Նշենք, որ տվյալ համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրությունների անցկացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2011 թ.-ի մարտի 29-ին այստեղ օրենքով սահմանված 5 անդամներից փաստացի ընտրվել են 3-ը։ Ավագանու անդամ Մամիկոն Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են՝ մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով ավագանու նիստերի ավելի քան կեսից բացակայելու հիմքով, արդյունքում անհնարին է դարձել համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը: Փետրվարի 4-ին կազմվել է ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և ավագանու նիստերի հետագա անցկացման անհնարինության վերաբերյալ արձանագրությունը, որը ստորագրվել է համայնքի ղեկավարի կողմից:
ՀՀ կառավարությունը մարտի 7-ի նիստում ընդունել է Դարանակ գյուղական համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին որոշում: Ըստ այդմ՝ ՀՀ 2013 թ.-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2013 թ.-ի առաջին եռամսյակում ԿԸՀ-ին հատկացվել է 674454,9 դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 647,4 դրամ։ Ոստիկանությանը հատկացված գումարը նախատեսված է ընտրողների ցուցակների համար՝ 166 ընտրող × 3,9 դրամ հաշվարկով:






Facebook
Tweet This
Email This Post
