Մուրակամիի նոր վեպն աննախադեպ իրարանցում է առաջացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 10:59

Ճապոնիայում Հարուկի Մուրակամիի նոր վեպի շուրջ անսովոր իրարանցում է առաջացել: Աշխարհի ամենաընթերցվող գրողներից մեկի հերթական վեպի  կես մլն տպաքանակը վաճառվել է  լուսընծայման առաջին օրերին: Հրատարակիչը ստիպված է եղել լրացուցիչ 100 հազար օրինակ տպագրել, այդուհանդերձ գրախանութներում հերթերը չեն նվազում:

Հարուկի Մուրակամին կրկին գրքային տենդ է հարուցել: Ապրիլի 12-ին վաճառքի է հանվել նրա նոր վեպը` “Անգույն Տասակի Ցուկուրուն ու նրա ուխտագնացության տարին“ վերնագրով:

Ընթերցողները գիրքը նախապես էին պատվիրում: Միայն  Amazon.com  համացանցային  խանութում ավելի քան 20 հազար նախնական պատվեր է եղել, գրքի մեկնարկային տպաքանակը երկրի համար աննախադեպ էր`  կես մլն: Սակայն դա ճապոնացի գրքասերներին չի բավարարում, դրա համար էլ 100 հազար օրինակ պետք է կրկին  հրատարակվի:

Այս իրարանցումը բացատրվում է հեղինակի նախորդ գրքերի նկատմամբ խելացնոր հետաքրքրությամբ, որոնց  ողջ տպաքանակը նույնպես սպառվել է հաշված օրերում: Սպառման պատճառներից մեկն էլ Մուրակամիի երկարատև լռությունն էր:

Նախորդ գիրքը` “1Q84” լույս է տեսել 3 տարի առաջ ու միայն Ճապոնիայում  վաճառվել 7 մլն տպաքանակով:

Մուրակամին ժամանակակից աշխարհի ամենաընթերցվող հեղինակներից է, նրա ստեղծագործությունները  թարգմանվել են 40 լեզվով: Նա մի շարք գրական հեղինակավոր մրցանակների դափնեկիր է:

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply