Ադրբեջանցիներն առաջ են անցնում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 15, 2010 15:37
2009-ին Մինսկում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Սուրեն Պետրոսյանին /աջից/ հաջող մրցելույթի կապակցությամբ շնորհավորում է ռուս մարզիչ Ալեքսանդր Կուզնեցովը

Աջից` Սուրեն Պետրոսյան և ռուս մարզիչ Ալեքսանդր Կուզնեցով

Վերջերս Իրանի ճանապարհներով անցկացված խճուղային բազմօրյա հեծանվավազքում Հայաստանի հեծանվորդների հետ կատարվել է այն, ինչը նախկինում երբեք տեղի չի ունեցել: Որքան էլ ցավալի է, մերոնք իրենց ցուցանիշներով զիջել են Ադրբեջանի ներկայացուցիչներին:

Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանը պատճառաբանեց, որ մեր թիմի բոլոր` հինգ անդամներն էլ «Քերման տուր» մրցաշարին մասնակցել են գրիպով հիվանդ: Ընդ որում, մեր մարզիկներից երեքը հեծանիվների ղեկին են նստել ջերմությունով: Գևորգ Առաքելյանը երկու մրցափուլում 10-րդ տեղ է  զբաղեցրել, իսկ ընդհանուր հաշվարկով, 64 մասնակիցների մեջ գրավել է 29-րդ տեղը: Սա եղել էր մեր հավաքականի հեծանվորդների ամենալավ արդյունքը: Փոքր սփոփանք պետք է համարել այն, որ մրցափուլերում 1-20-րդ տեղեր գրավողներին դրամական պարգևներ են հանձնվել: Մասնավորապես, 10-րդ տեղի համար սահմանված է եղել շուրջ 120 դոլար:

Իսկ Ադրբեջանի հավաքականի հեծանվորդները, նաև Իրանի,  Ղազախստանի, Վրաստանի, Բահրեյնի ներկայացուցիչների մասնակցությամբ ստուգատեսում հինգ մրցափուլերից (700 կմ) երկուսում հաղթողներ են ունեցել: Սոլոյանը հայտնեց, որ ադրբեջանցիները ցանկանում են 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում մասնակիցներ ունենալ: Այդ է պատճառը, որ նրանք գայթակղել և իրենց երկրի հավաքականում աշխատելու են հրավիրել ուկրաինացի երկու լավագույն մարզիչների: Նրանք էլ իրենց հետ բերել են երեք սաների: Եվ Իրանում կայացած մրցումներում ուկրաինացի այդ լեգեոնականներից  երկուսն են, որ աչքի են ընկել:

Իսկ մեր թիմը, համալրվելու փոխարեն, առայժմ մեկ կորուստ  կարող է ունենալ: Արդեն ինն ամիս է, որ հավաքականի հետ չի մարզվում Սուրեն Պետրոսյանը: Նա  19 տարեկան է: Նախկինում բարձր արդյունքներ է ցույց տվել մի շարք խոշորամասշտաբ ստուգատեսներում: Ընդ որում, այդպիսի ցուցանիշներ այդ տարիքում չի ունեցել մեր անվանի հեծանվորդներից և ոչ մեկը: Եվ ահա, այդ մարզիկը հայտնվել է խաղից դուրս: Դժվար է ասել, թե ինչն է դրա իրական պաճառը: Սուրենի հայրը` «Հայաստան» մարզական միության Երևանի հեծանվահրապարակի տնօրեն Աշոտ Խաչատրյանը հայտնեց, որ  անվանի մարզիկներից շատերն են գերադասում  առժամանակ նախասիրած մարզաձևով չզբաղվել, և դա  նպաստում է, որ կարոտեն իրենց մարզաձևը և հետագայում ավելի բարձր արդյունքներ ցույց տան: Ինչ վերաբերում է իր որդուն, նա տեղեկացրեց միայն, որ Սուրենն այժմ հրապուրվել է ըմբշամարտով , և քանի որ բացառիկ աթլետիկ տվյալներ ունի, մարզիչների կարծիքով, այդ մարզաձևում ևս կարող է լուրջ հաջողությունների հասնել: Իսկ Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց, որ Սուրենն իրոք բացառիկ ունակություններ ունեցող հեծանվորդ է, սակայն ինքը չի կարող ասել, թե ինչ է կատարվում: «Երեք տարի առաջ էլ նա  նման տրամադրություններ ուներ, ցանկանում էր թողնել հեծանվային սպորտը, սակայն ինքս զրուցել եմ նրա հետ, համոզել, որ վերադառնա: Դա այն ժամանակ հաջողվեց, սակայն, ինչպես երևում է, խնդիրներ այդուհանդերձ կան: Խոսակցություններ կան, թե Պետրոսյանը վիրավորվել է, որ  իրեն ժամանակակից հեծանիվ չի տրամադրվել: Միայն կարող եմ ասել, որ եթե դժվարությամբ հեծանիվներ ենք ձեռք բերում,  պատրաստականորեն տրամադրում ենք հավաքականի` դրանց կարիքն ունեցող մարզիկներին,  անկախ այն հանգամանքից, թե նրանք  հեծանվային սպորտի որ կենտրոնից են: Ինձ համար էականն այն է, որ միջազգային ստուգատեսներում մեր թիմի անդամները Հայաստանի պատիվը բարձր պահեն»,- ասաց  Սոլոյանը:

Դիտվել է 1412 անգամ:
Print Friendly

Leave a Reply