Լևոն Տեր-Պետրոսյան. «Հետընտրական շրջանում տեսանք ամեն ինչ, բացի քաղաքական պրոցեսից»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 13, 2013 16:37

«Ընտրություններից հետո մեզ էլ էին անհանգստացնում, դաշնակներին էլ, ԲՀԿ-ին էլ, թե ինչո՞ւ չեք միանում Րաֆֆիին, ինչո՞ւ չեք միանում ժողովրդին», – «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարում ասաց Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Չէի ուզի Րաֆֆիի մասին որևէ բացասական, հեգնական գնահատական տալ: Չի կարելի, երբ որ մեկը բարիկադների վրա է, նրան չի կարելի այսպիսի դիտողություններ անել: Բայց երբ որ ասում են՝ ինչո՞ւ չեք միանում: Նախ՝ մենք միակ քաղաքական ուժն ենք, որ առանց այլևայլությունների հայտարարել ենք, որ Րաֆֆին հաղթել է: Սա մեծագույն աջակցությունն էր, առավել ևս այն պարագայում, որ մեր հարաբերությունները «Ժառանգության» հետ փայլուն չէին: Բացի դրանից՝ Կոնգրեսի համակիրների մի ստվար զանգված մշտապես եղել է հրապարակում: Ավելին՝ եթե չչափազանցնեմ, հրապարակի կեսը միշտ եղել են Կոնգրեսի համակիրները, աջակիցները», – հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ին հասցեագրված քննադատությանը, թե ինչու ղեկավարները հարթակում չէին, ապա, ըստ Լ.Տեր-Պետրոսյանի, «այստեղ կներեք»: Նա նշեց, որ շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել Սերժ Սարգսյանը՝ միանայի, որ ի՞նչ անեի: «Միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ. Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել», – ասաց առաջին Նախագահը:

Նա նշեց, որ ՀԱԿ-ը քաղաքական ուժ է և աջակցում է բացառապես քաղաքական պրոցեսներին. «Կլինի քաղաքական պրոցես՝ մենք այնտեղ ենք: Այս հետընտրական շրջանում մենք տեսանք ամեն ինչ, բացի քաղաքական պրոցեսից»:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

«Փաստինֆո»
Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply