ՀՀԿ նախընտրական շտաբը հերքում է լրահոսում տեղ գտած լուրը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 13, 2013 14:47
ՀՀԿ նախընտրական շտաբը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակներում երեկ` ապրիլի 12-ին Նոր Նորքում կայացած հանդիպումը ձախողվել է:
«Այսօր լրահոսում տեղ գտած «Հանդիպումը տապալվեց» լուրի նկարագրությունն ու որոշների նեղ անձնական ցանկությունները իրականությունից շատ հեռու են, իսկ իրականությունն այն է, որ Տարոն Մարգարյանի եւ ավագանու թեկնածուների հանդիպումները Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ անցել է սպասվածից շատ ավելի լավ` անկախ եղանակային ոչ բարենպաստ պայմաններից»,- նշել են շտաբից` ներկայացնելով նաեւ հանդիպման տեսագրությունը:
Ինչպես նշել էր «Հրապարակ» թերթը, Հանրապետական կուսակցությունը երեկ հերթական անգամ ոտքի էր հանել ուսուցչական կոլեկտիվներին` նրանց իրենց կամքին հակառակ ներքաշելով նախընտրական քարոզարշավի մեջ: Երեկ Ջրվեժ, Նոր Նորք համայնքների հերթն էր:
«Հանդիպումը մեկնարկել էր Ջրվեժ համայնքից: Սակայն Նոր Նորքում այն կիսատ էր մնացել անբարենպաստ եղանակի պատճառով: Նորքի 8-րդ զանգվածում ուսուցիչներին հրահանգել էին «Արծիվ» կոչվող արձանի մոտ սպասել Տարոն Մարգարյանին, սակայն տեւական ժամանակ սպասելուց հետո, երբ անձրեւը հորդացել էր, ուսուցիչներին տուն էին ուղարկել, ինչից րոպեներ անց ժամանել է Տարոն Մարգարյանն ու սակավաթիվ մարդկանց մոտ մի քանի նախադասություն արտասանելուց հետո հեռացել:
Նախատեսված է եղել անձրեւի դեպքում հանդիպումը տեղափոխել դպրոց, սակայն հետո փոշմանել են եւ մի քանի րոպեում «գլխառադ են արել» քարոզարշավը: Դա մեծ ուրախություն է պատճառել մանկավարժներին, ովքեր հակառակ դեպքում պետք է ժամերով պարտադրված ունկնդրեին քաղաքապետի թեկնածուի խոստումները»,- գրել էր թերթը:






Facebook
Tweet This
Email This Post
