Ծախսած գումարներով առաջատարը դարձյալ ԲՀԿ-ն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 13, 2013 13:29

Ապրիլի 11-ի դրությամբ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերից նախընտրական քարոզչության նպատակով առավել շատ ծախսել է «Բարգավաճ Հայաստան»-ը:

Հիմնադրամներից առայժմ ծախսեր չեն կատարել ՀՅԴ-ն, «Բարև Երևան» դաշինքը և «Առաքելություն» կուսակցությունը: Ընդ որում՝ վերջինս հիմնադրամում չունի նաև մուտքեր:

Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքի համաձայն՝ ԲՀԿ-ի հիմնադրամում ապրիլի 11-ի դրությամբ մուտքագրված 30 մլն 937 հազար դրամից ծախսվել է 28 մլն 718 հազար 588-ը:

Հաջորդ առավել շատ ծախսեր կատարածը ՀՀԿ-ն է. մուտքագրված 28 մլն 780 հազար 400 դրամից ծախսվել է 16 մլն 500 հազարը:

«Հայ ազգային կոնգրես»-ի հիմնադրամ մուտքագրված 5 մլն 99 հազար 700 դրամից ծախսվել է 2 մլն 49 հազարը:

«Օրինաց երկիր» կուսակցության հիմնադրամ մուտքագրված 138 հազար դրամից ծախսվել է 110 հազար դրամը:

ՀՅԴ-ի և «Բարև Երևան»-ի հիմնադրամներում մուտքագրված է համապատասխանաբար 5 մլն և 4 մլն 200 հազար դրամ:

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները` միասին, համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հիմնադրամում կարող են կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկի չափով (10 մլն դրամ), իսկ յուրաքանչյուր ֆիզիկական անձ՝ մինչև նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով (100 հազար դրամ) կամավոր մուծում։

Նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի, ներառյալ` տպագիր նյութերի պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունեն ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև 75 000-ապատիկը (75 մլն դրամ) չգերազանցող գումար:

«Փաստինֆո»
Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply