Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է գեղարվեստի կոմբինատ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2013 20:28

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցով եղել է Նոր Նորք վարչական շրջանում գտնվող գեղարվեստի կոմբինատում: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է կոմբինատով, ծանոթացել արտադրության պայմաններին:
Տարիների պարապուրդից հետո շուրջ մեկ տարի առաջ վերաբացված հանրապետության միակ գեղարվեստի կոմբինատում են ժամանակին ստեղծվել մայրաքաղաքի խորհրդանիշը դարձած մի շարք արձաններ ու քանդակներ, այդ թվում՝ Մայր Հայաստանի, Սասունցի Դավթի, Ալեքսանդր Թամանյանի, Մարտիրոս Սարյանի, նաև՝ վերջերս քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ բացված Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը: Քաղաքապետը հետևել է նաև Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ քանդակագործ Արման Դավթյանի՝ Նուռի հեղինակած ընթերցողի բրոնզաձույլ քանդակի ձուլման աշխատանքներին: Այն նախատեսվում է տեղադրել Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հարևանությամբ: Քաղաքապետին ներկայացնելով քանդակի ստեղծման ընթացիկ աշխատանքները` արվեստագետը նշել է, որ 2,5 մետր բարձրությամբ բրոնզե կոմպոզիցիան կազմված է լինելու գրքերից և լուսամփոփից, իսկ գլխավոր հերոսը՝ ընթերցողը, քաղաքացին է լինելու, ով հնարավորություն կունենա ցանկության դեպքում ազատ նստել քանդակի վրա և ընթերցանությամբ զբաղվել: Ինտերակտիվ քանդակը հնարավորություն կտա նաև ստեղծագործության հարակից տարածքից անվճար ինտերնետի կապի միջոցով մուտք գործել քանդակի անունը կրող համապատասխան կայքէջ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ կարճ ժամանակ անց քանդակն ու նրա հարակից տարածքը կդառնան երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի սիրված անկյուններից ևս մեկը՝ իր ազդեցությունը բերելով նաև գրքի նկատմամբ երիտասարդության հետաքրքրության բարձրացմանը:
Քաղաքապետը ծանոթացել է նաև կոմբինատի բակում առաջիկայում կազմակերպվելիք սիմպոզիումի աշխատանքներին, որի շրջանակում ստեղծված գործերը տեղ կգտնեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում, այգիներում ու պուրակներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1836 անգամ:
Print Friendly

Leave a Reply