Ալիկ Սարգսյան. «Ամեն ոստիկանություն արժանի է իր ժողովրդին»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 15, 2010 14:20

Այս տարի՝ ապրիլի 16-ին Ոստիկանությունը նշում է հիմնադրման 9-ամյակը: Իսկ ոստիկանապետ՝ օրերս Հանրապետության նախագահի հրամանագրով ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, պատրաստվում է նախագահին առաջարկ ներկայացնել, որպեսզի մյուս տարի օրը փոխվի:

Ապրիլի 16-ը աշխարհի տարբեր երկրներում  նշվում է համասեռամոլների օրը:

«Միգուցե դա կլինի ապրիլի 19-ին, որը Առաջին Հանրապետության ոստիկանության օրն է,- ասաց Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ,- դա կլինի նաև մեր ոստիկանների սրտով. բոլորն ինձ այդ մասին դիմում և խնդրում են»:

Տոնի օրը ընդունվել է Ազգային ժողովի համապատասխան որոշմամբ:

Գեներալն ասում է, որ պետք չէ ոստիկանին  առանձնացնել ժողովրդից, որովհետև նա ժողովրդի բաղկացուցիչ մաս է և նրա անդամը:

«Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ ոստիկանությունն է,-ասաց նա,- ամեն ոստիկանություն արժանի է իր ժողովրդին և ժողովուրդն էլ՝ իր ոստիկանությանը»:

Ըստ ոստիկանապետի՝ կառավարության հավանությանն արժանացած՝ ՀՀ Անվտանգության խորհրդի ներկայացրած,  2010-2011թթ. ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կոչված է գլոբալ վերափոխելու համակարգը:

«Ծրագիրը ներառում է 192 միջոցառում, որոնց իրականացմամբ մենք գնում ենք  եվրոպական ընտանիքին ինտեգրման ճանապարհով և կատարում ենք մեր ստանձնած պարտավորությունները,- ասաց Սարգսյանը,- դրանց իրագործումն արդեն սկսվել է և այս պահին դրանից շատերն արդեն գործում են»:

Ոստիկանապետը, իրականցվող միջոցառումներից նշեց հանրային ծառայության մատուցման ոլորտում իրականացվող միջոցառումներ, մասնավորապես, վիզաների, անձնագրերի և ճանապարհային ոստիկանության բնագավառներում:

Ալիկ Սարգսյանն ասաց, որ առայժմ թոշակի գնալու ոչ մի մտադրություն չունի, իսկ իրեն տեսնում է միայն Սերժ Սարգսյանի թիմում:  «Ես նշանակվել եմ Սերժ Սարգսյանի կողմից: Նշանակվել եմ, կծառայեմ ժողովրդիս, հետո կգնամ հանգստի, – ասաց նա,- այլընտրանք, նույնիսկ մտքի ծայրով անցկացնել չեմ կարող: Ծառայել, հետո փոխել գույներս, ծառայել մեկ ուրիշին, կամ գիշերային մի հանդիպման ժամանակ ինչ-որ մեկին մի բան փսփսալ, ես  բացառում եմ»:

Ոստիկանապետը հերքեց մամուլում տարածված այն լուրը, որ իր և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի միջև լուրջ տարաձայնություն կա:

«Մի թյուրիմացություն է եղել՝ կաշառակերության հետ կապված մի գործի քննության հետ,- ասաց նա,- ուղղակի պատահական է ստացվել, երբ ԱԱԾ աշխատակիցը հայտնվել է 6-րդ վարչության աշխատակիցների տեսադաշտում: ԱԱԾ-ի հետ համատեղ միջոցառում ենք կազմակերպել և անձին բերման ենթարկել քննչական վարչություն»:

Անդրադառնալով Հայաստանում գունավոր հեղափոխության իրականացման հավանականությանը, ոստիկանության գեներալը բացառեց նման հնարավորություն:

«Ես շատ ցավում եմ, որ Ղրղզստանում նման իրավիճակ եղավ, որ իշխանությունը չկարողացավ տիրապետել իրավիճակին ու հայտնվեց նման խղճուկ իրավիճակում,- ասաց նա,- Հայաստանում դա հնարավոր չէ: Մենք իրավիճակը տիրապետում ենք և ես չեմ տեսնում այնպիսի զանգված, որը կկարողանա նման բան անել»:

Սարգսյանն ասաց, որ գունավոր կամ կենդանակերպի տարբեր նշանների անունը կրող հեղափոխություններն իրականացվում են խոշոր քաղաքականության արդյունքում, երբ մեծ երկրները փորձում են թելադրել իրենց խոսքը տվյալ տարածաշրջանում:

«Նմանատիպ հեղափոխությունները կազմակերպվում, նախապատրաստվում և իրականացվում են դրսի կողմից, իսկ դա հետ է գցում երկրի զարգացումը,- ասաց Սարգսյանը,- ես այսօր Հայաստանում չեմ տեսնում նման քաղաքական ուժ, որը միտք է փայփայում երկրում նմանատիպ իշխանափոխություն անել: Մեր ընդդիմությունն էլ շատ ճիշտ է ընկալում պահը և տեսնում եք, թե ինչ ճիշտ ուղի է ընդունել, որը ես ողջունում եմ: Քաղաքակիրթ ընդդիմություն ունենք»:

Ոստիկանության գեներալն ասաց, որ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Բաբայանին վրաերթի ենթարկած վարորդը հարբած է եղել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով: Վարորդ Վահան Եղիազարյանն իրեն մեղավոր է ճանաչել:

Ապրիլի 5-ին Դավիթ Անհաղթ փողոցի վրա «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Բաբայանին:

Լրագրողին դեպքի վայրից հիվանդանոց էր տեղափոխել  վարորդը, սակայն  ճանապարհին Բաբայանը մահացել էր:

Գեներալը հերքեց  ոստիկանի մասնակցությունը օրերս՝ Վահան Խալաֆյանի ինքնասպանության հարցում:  Նա ասաց, որ Չարենցավանի ոստիկանության աշխատողները մեղավոր են միայն նրանով, որ զգոն չեն եղել:

«Շատ ցավում եմ, որ երիտասարդը մահացել է,- ասաց գեներալը,- բայց հայտարարում եմ, որ նրա վրա որևիցե մարմնական վնասվածքի հետք չկա, որևէ ոստիկան նրա վրա ձեռք չի բարձրացրել»:

Ոստիկանապետը նշեց, որ Վ.Խալաֆյանը ունեցել է պաթալոգիկ հակումներ և  ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 07.03.2005թ. որոշմամբ համարվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի` «Անձի պաթոլոգիկ զարգացում վարքի կոպիտ խանգարումներով, ինքնավնասումներով» ախտորոշմամբ:

Ապրիլի 6-ին, ցերեկով Չարենցավան քաղաքի մի բնակչուհի զանգել էր ոստիկանության բաժանմունք ու հայտնել, որ իրեն պատկանող շինությունից գողացել են հագուստով լի 7 պայուսակ՝ ընդհանուր առմամբ մեկ ու կես մլն դրամ արժողությամբ: Բերման են ենթարկվել 4 երիտասարդներ, որոնք խոստովանել  և մատնացույց են արել գողոնի գտնվելու վայրը, ինչը և առգրավվել է:

Նրանցից՝ 1986 թ. ծնված Վահան Խալաֆյանը դանակով վնասել է իրեն և մահացել   Չարենցավանի բժշկական կենտրոնում:

Դիտվել է 5849 անգամ:
Print Friendly

Leave a Reply