Դեռահասների համար ամենասիրված հեռուստաարտադրանքը սերիալներն են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 12, 2013 17:18

ՀՀ ողջ տարածքում արդեն երկու տարի է իրականացվում է հարցում, որ բացահայտում է էլեկտրոնային մեդիայի, հեռուստատեսության, համակարգչային խաղերի ազդեցությունը դեռահասների վրա: Այս մասին այսօր «Արմատ» մամուլի ակումբում պատմեցին ծրագրի ղեկավար, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը և ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի տեսության և պատմության ամբիոնի դասախոս Զարուհի Սարգսյանը:
Պետական պատվերի շրջանակներում իրականացրած հարցմանը մասնակցել են 5000 դեռահասներ /12-16 տարեկան/: Իբրև խոցելի խումբ են ընտրվել հենց դեռահասները, քանի որ նրանք են ամենից շատ կրում մեդիայի ազդեցությունը, հենց դեռահասության տարիքում է, որ կարելի է հանգիստ փոփոխել մարդու աշխարհայացքը:
Հարցումները ցույց են տվել, որ դեռահասներն ընդհանրապես ռադիո չեն լսում: Մինչև հինգ տոկոսն է օգտվում ռադիոյից: Հեռուստաեթերում ամենասիրված հեռուստաարտադրանքը դեռահասների համար սերիալներն են: Առավել դիտված հեռուստաարտադրանքների քառյակը հետևյալն է` «Բանակում», «Դժվար ապրուստ», «Վիտամին ակումբ», «Կարգին սերիալ»:
Ա. Մենեմշյանի խոսքով՝ պետք չէ սերիալներին անլուրջ վերաբերվել, քանի որ դրանք այսօր ամենաշատ սպառում ունեցող մեդիաարտադրանքն են: Անհրաժեշտ է հիմնախնդրի կարգավորմանը ներգրավվել տեսաբանների, սոցիոլոգների, հոգեբանների, կատարել գիտական հետազոտություն և այդ ամենին մասնակից դարձնել նաև հեռուստատեսության ներկայացուցիչներին:
Զարուհի Սարգսյանը նշեց, որ հումորային, երաժշտական, աստղային տեղեկատվություն պարունակող հեռուստաարտադրանքին հետևում է հարցվածների 30 տոկոսը, լրատվական թողարկումներին` միայն 10 տոկոսը:
Անանուն հարցման արդյունքում հետազոտողները պարզել են նաև, որ դեռահասների 74%-ի կարծիքով բանակում ծառայությունն անհրաժեշտ բան է, 24%-ը կցանկանար, որ ինքը կամ իր եղբայրը ծառայեին բնակավայրին մոտ և միայն 6%-ն է կարծում, որ կաշխատի ամեն կերպ խուսափել ծառայությունից:
Դեռահասների 43%-ը, ըստ հարցման, չի լքի հայրենիքը, 51%-ը կլքի, եթե առավել հարմար տարբերակ լինի, իսկ 6%-ը համոզված է, որ չի ապրելու Հայաստանում:
Հետաքրքիր պատկեր է համացանցի առումով. 70%-ն այն օգտագործում է ժամանցի՝ սոցիալական ցանցերից օգտվելու և խաղերի համար: Միայն 10-20%-ն է համացանցի միջոցով լուրերին ծանոթանում և տեղեկատվություն ստանում:
Գրքի դեպքում գոնե թվերի տեսքով ստացված պատկերը հուսադրող է. հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դեռահասների 75%-ը հաճույքով է գիրք կարդում, 14%-ը՝ պարտադրված, իսկ 6%-ի համոզմամբ ընթերցանությունն ավելորդություն է:

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply