Վարդան Օսկանյանը հույսը դեռ չի կորցրել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2013 16:52

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը կարծում է, որ բոլորն են գիտակցում, թե երկրում ինչ իրավիճակ է, և նա հույս ունի, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման երկրորդ շրջանում քաղաքական կամք կդրսևորի, և իրենք կկարողանան իրավիճակը փոխել. «Իրականում մեծ անջրպետ կա իրականության և այն ամենի մեջ, ինչ ներկայացվում է: Համոզված եմ, որ բողոքական ձայնը շատ ավելի մեծ է, քան պաշտոնական ներկայացված այդ 600 հազար ձայնը` հատկապես, որ մոտ կես միլիոն մարդ չի էլ մասնակցել ընտրություններին, եղել են ընտրակեղծիքներ, դրան գումարվեց նաև վերջին չարաբաստիկ այն թվերը, որ 40 տոկոսը մեր հասարակության այսօր պատրաստ է ճամպրուկը կապել ու գնալ, սա արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում»,-ասաց Օսկանյանը:

Եթե այդ քաղաքական կամքը լինի, ապա պատգամավորը կարծում է, որ ընդդիմության առաջարկած օրակարգը, որը բխում է և´ ժողովրդի, և´ իշխանության շահերից, այս փուլում հնարավոր կլինի իրագործել: Համենայնդեպս, նա հույսը դեռ չի կորցրել. «Հնարավոր է երկխոսության միջոցով լուծումներ գտնել»,-կարծում է Օսկանյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի որոշ անդամների մասնակցությանը Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, ապա Օսկանյանը գտնում է, որ քննադատությունն ու մասնակցությունը որևէ կապ չունեն իրար հետ. «Ընդդիմության ամբողջ իմաստն այն է, որ ընդդիմություն լինելով` կարողանաս իշխանության հետ աշխատել: Հակառակ դեպքում, ընդդիմությունը չի կարող արդյունավետ լինել»:

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply