Չեխիան պատրաստ է հետագայում ևս նպաստել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 12, 2013 15:57

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Չեխիայի առաջին փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին:
«Համոզված եմ, որ Ձեր այցը Հայաստան հնարավորություն կտա նոր թափ հաղորդել մեր երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ միաժամանակ կարևորելով Երևանում կայացած հայ-չեխական բիզնես ֆորումը, որին մասնակցել են չեխական 13 ձեռնարկություններ:
Զրուցակիցներն ընդգծել են գործարար նոր կապերի ձևավորման անհրաժեշտությունը, որը կնպաստի հայ-չեխական տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայմանը:
Կարել Շվարցենբերգը նշել է, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի սերտացմանը և ընդգծել, որ երկու երկրների միջև քաղաքական որևէ խնդիր գոյություն չունի:
Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին՝ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չեխական կողմին այդ ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար, ինչին ի պատասխան՝ Կարել Շվարցենբերգը նշել է, որ իր երկիրը պատրաստ է հետագայում ևս նպաստել Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ հաջողությամբ շարունակում է Ասոցացված համաձայնագրի, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունները և արվում է ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինի դրանց ստորագրմանը մինչ տարեվերջին կայանալիք վիլնյուսյան գագաթնաժողովը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի համար դոնորների կոնֆերանսի կազմակերպմանը, դրան Չեխիայի հնարավոր մասնակցությանը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսական այլ ճյուղերում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին:

Դիտվել է 1575 անգամ:
Print Friendly

Leave a Reply