Վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Մերենիայի Սբ.Աստվածածին եկեղեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2013 14:56

Ապրիլի 7-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ՝ Ջավախքի ընդհանուր փոխանորդ Բաբգէն աբեղա Սալբիյանի և տարածաշրջանում իրենց ծառայությունը մատուցող տեր Թադեոս, տեր Տաթև և տեր Տիգրան քահանաների վերաօծվեց Ջավախքի Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Մերենիան գտնվում է Ախալքալաքից 15 կմ հեռավորությամբ: Հայ բնակչությունն այստեղ տեղափոխվել և վերաբնակվել է 18-րդ դարից սկսած Կարինի Սալնաձոր, Օզնի, Մառզա, Բայբուրդ և այլ գյուղերից: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին: Փայտյա տանիքով քարե կառույցը 1899-ի երկրաշարժի ժամանակ փլվում է: Բայց մի քանի տարվա ընթացքում նորից վերակառուցվում է:
Հայ Եկեղեցու օծման կարգով ապրիլի 6-ի երեկոյան կատարվեց նավակատիկ` դռնբացեքի արարողություն: Վիրահայոց Թեմի առաջնորդի հանդիսապետությամբ սուրբ մյուռոնով օծվեցին եկեղեցու 16 սյուները, մկրտության ավազանը, պատկերները, որոնք վերածվում են սրբապատկերի: «Դռնբացեքի կարգը խորհուրդն է արքայության դռների բացման: Այսօր այս տաճարը, օծվելուց հետո դառնում է Աստծո տուն, դառնում է աղոթատուն: Դռնբացեքի արարողությամբ և վերաօծման կարգով Աստծո օրհնությունն է իջնելու այս տաճարին», – դիմեց եկեղեցու դիմաց հավաքված հավատացյալներին` Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ապրիլի 7-ին, կիրակի օրը բազմամարդ էր Մերենիա գյուղը: Սուրբ արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության Կովկասի բաժնի պետ Տարոն Շագոյանը, տեղական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի ու Վրաստանի տարբեր անկյուններից ժամանած հյուրեր և ուխտավորներ: Թեմի առաջնորդին մերենացիները դիմավորեցին գյուղասկզբին աղ ու հացով:
Սբ. Աստվածածին եկեղեցին վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է՝ Մասիս Ամիրխանյանի, Արարատ Ղուշչյանի, Արարատ Ավագյանի, Ահարոն Ավագյանի, Համլետ Հարությունյանի և Զավեն Պոչիկյանի բարերարությամբ,ովքեր դեռեւս պատանեկության տարիներին երազել են վերանորոգված և գործող տեսնել իրենց պապերի եկեղեցին:
Սրբազան Հայրը բարձր գնահատեց բարերարների աստվածահաճո գործը, փոխանցելով օրհնության գրեր և Աստվածաշունչ մատյաններ:
Տոնի կապակցությամբ եկեղեցու դիմաց կայացավ համերգ, որին իրենց մասնակցությունն էին բերել Մավր Մկրտչյանն ու ընկերները:
Սբ.Աստվածածին եկեղեցու օծման ավարտին կատարվեց ավանդական մատաղի օրհնություն:

Դիտվել է 1762 անգամ:
Print Friendly

Leave a Reply