Հիմնադրամը Շուշիում կառուցում է երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2013 14:44

Երեւան, 12 ապրիլի, 2013թ.:”Հայաստան”համահայկական հիմնադրամը երեխաների խնամքի հաստատություն է կառուցում ԼՂՀ Շուշի քաղաքում:
Շենքը կառուցվում է Հիմնադրամի Պատվո անդամ եւ մեծ բարեկամ, բարերար Հրայր Հովնանյանի հովանավորությամբ, ով Հիմնադրամի գործունեության 20 տարիների ընթացքում անգնահատելի ներդրում է ունեցել կազմակերպության ձեռնարկներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԼՂՀ կառավարության կողմից:

Հաստատությունում կբնակվեն Ստեփանակերտի մանկատանը ներկայումս օթեւանող 1-ից 15 տարեկան շուրջ 80 երեխաները: Այս նախաձեռնությամբ Հիմնադրամը նպատակ ունի բարելավել արցախցի անպաշտպան մանուկների բնակության պայմանները: Շուշիի առողջարանային բնակլիմայական պայմանները եւս նպաստավոր կլինեն մանուկների համար:

Եռահարկ նորակառույցում նախատեսվում են երեխաների բնակության եւ ժամանցի համար բոլոր անհրաժեշտ պայմանները` ննջարաններ, խաղասենյակներ, ճաշարան, հանդիսության սրահ: Ջեռուցումն ու օդափոխությունը հարմարավետ պայմաններ կապահովեն մանուկների համար տարվա բոլոր եղանակներին : Սպորտ հրապարակն ու փակ մարզասրահը ամբողջական ու հետաքրքիր կդարձնեն երեխաների առօրյան: Իսկ համակարգչային կաբինետն ու գրադարանը, զուգակցվելով զարգացման ծրագրերի հետ, կխթանեն սաների մտավոր ու ստեղծագործական կարողությունները եւ կօգնեն նրանց գտնել իրենց ճանապարհը կյանքում:
Ներկայումս ընթացքում է երկրորդ հարկի շինարարությունը: Հաջորդ տարվա գարնանը նորակառույցն իր հարկի տակ կընդունի մանկատան խնամքին հանձնված երեխաներին:

Դիտվել է 1249 անգամ:
Print Friendly

Leave a Reply