Միջին մասնագիտական կրթություն.Ի՞նչ են առաջարկում այս կրթական հաստատությունները

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 16, 2013 12:50

Ե՛վ պետական, և՛ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների կողքին ի՞նչ  դեր է վերապահված միջին մասնագիտական կրթությանն ու համապատասխան ուսումնական հաստատություններին: Բուհերի բազմազանության, նրանց կողմից առաջարկվող ժամանակակից ֆակուլտետների կողքին այսօր գործում են քոլեջներ և ուսումնարաններ, որոնց միջոցով շրջանավարտներն ինչ-որ չափով լրացնում են աշխատաշուկայում որոշ մասնագիտությունների պահանջարկը:

Սակայն ավանդաբար սերունդներին փոխանցվող արհեստագործական մասնագիտությունները ծերանում են, փոխարինող երիտասարդ արհեստագործներ գրեթե չկան, իսկ մասնավոր հատվածի կողմից այդ մասնագիտությունների պահանջարկը միշտ էլ առկա է, ոլորտն աշխատակիցների համալրման կարիք ունի: Մասնավորապես, խոսքը վերաբերում է զոդողներին, կռունկավարներին, պատշարներին, վարորդներին, ոսկերիչներին, որոնց առաջարկն անբավարար է համապատասխան որակյալ մասնագետների սակավ լինելու պատճառով: Արհեստագործական մասնագիտությունները, պահանջված լինելով հանդերձ, ինչո՞ւ են կորցրել իրենց գրավչությունը:

Տարեցտարի միջին մասնագիտական կրթության ուղղությամբ ավելանում են պետբյուջեի կողմից տրվող հատկացումները: Այս տարի միայն  տվյալ ոլորտին հատկացվել է 5, 5 մլրդ դրամ: Ինչպես նշում է արհեստագործական (նախնական ) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը, կառավարության և դոնոր միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ պարբերաբար կրթական միջին մասնագիտական հաստատություններն անհրաժեշտ լաբորատորիաներով, սարքավորումներով և համակարգչային տեխնիկայով վերազինելու փորձ է արվում:

Մեր երկրի կրթական համակարգում վաղուց զարկ է տրվել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության դերի բարձրացմանը:  Դեռ 2004-2005 թթ. ընդունվել է «Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքը, որը որպես նորմատիվ հիմք է ծառայել հետագա աշխատանքների իրականացման համար:

Տարեցտարի միջին մասնագիտական կրթության գրավչության ուղղությամբ տարվող քաղաքականության շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել և նույնիսկ մեծացնել դեպի այդ հաստատություններ ուղղորդվող դիմորդների հոսքը: Մտավախություն կար, որ ոլորտի բարեփոխումների, մանավանդ 12-ամյա կրթության ներդրման արդյունքում դիմորդների հոսքը դեպի քոլեջներ և ուսումնարաններ կնվազի, սակայն դիմորդների թիվը ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է:

Ոլորտի ներկայացուցիչը շտապեց փաստել, որ, եթե տարիներ առաջ հասարակությունն ավելի շատ հակված էր բարձրագույն կրթությանը, արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը դիտվում էր երկրորդական կրթություն, ապա այժմ երիտասարդներն ավելի կողմորոշված  են  ընտրում միջին մասնագիտական կրթությունը` քաջ գիտակցելով որոշ առավելություններ: Օրինակ` այսօր դիմորդը համեմատաբար ավելի կարճ ժամանակահատվածում և առավել մատչելի ֆինանսական ռեսուրսների ներդրմամբ կարող է ստանալ միջին մասնագիտական կրթություն` դառնալով համապատասխան ոլորտի լավագույն մասնագետ: Այժմ  երիտասարդներից շատերն առաջնություն են տալիս հենց միջին մասնագիտական կրթությանը` հաշվի առնելով այս հանգամանքները:

«Իննամյա կրթություն ստացած շրջանավարտները լուրջ խնդրի առջև են կանգնում` գնալ տասներկուամյա կրթության, այնուհետև բո՞ւհ, թե՞ ընտրել արագ և սեղմ ժամկետում կրթություն  ու մասնագիտություն ստանալու հնարավորությունը: Այս մտահոգությունն ավելի շատ ուղղորդում է դեպի ուսումնարաններ և քոլեջներ»,- ասում է Ռոբերտ Աբրահամյանը:

 Ներկայումս միջին մասնագիտական կրթության մեջ ներառված է մոտ 35 հազար ուսանող, որոնցից մոտ 28 500-ը` միջին մասնագիտական բնագավառում: Իսկ յուրաքանչյուր տարի միջին մասնագիտական կրթական հաստատություններ է դիմում ավելի քան 12 հազար դիմորդ: Ընդհանուր առմամբ, այսօր հանրապետությունում գործում են 97 պետական  միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հստատություններ, որոնցից   25-ը ուսումնարաններ են: Միջին  մասնագիտական մասնավոր քոլեջները 25-ն են, որոնց կեսը հավատարմագրված է տարբեր մասնագիտությունների գծով: Նախարարության կողմից ոլորտում իրականացված օպտիմալացման գործընթացների արդյունքում այդ ուսումնական հաստատությունների թիվը 10-ով նվազել է, որոնց մի մասը կա՛մ միավորվել է, կա՛մ լուծարվել:

Ուշադրության կենտրոնում է նաև ուսումնական ձեռնարկների քանակական ավելացման և ուսուցման արդյունավետ գործընթացը կազմակերպելու հարցը: «Զարգացման բոլոր ճանապարհներով և ուղղություններով աշխատանքներ են տարվում` բարձրացնելու միջին մասնագիտական կրթության դերը, մասնավորապես մշակվում են կրթական մասնագիտական չափորոշիչներ, նոր ժամանակակից ծրագրեր` ուղղված կարողությունների զարգացմանը, մշակվում և հրատարակվում են ձեռնարկներ, իսկ յուրաքանչյուր տարի վերապատրաստվում է 1000 մանկավարժ: Իրականցվում են նաև փորձի փոխանակման ծրագրեր տարբեր ուսումնական հաստատությունների միջև»,- նշում է վարչության պետը:

 Այս կրթական հաստատություններում արվեստի բնագավառի մասնագիտությունների ուսուցման առավելագույն ժամկետը 5 տարի է, իսկ օրինակ` հաշվապահության, տուրիզմի կամ  ճարտարագիտական մասնագիտություններինը ` 2-3 տարի:

Ռոբերտ Աբրահամյանի տեղեկացմամբ` հնացող մասնագիտություններից է հատկապես  մանկավարժությունը, այդ ուղղությամբ այս հաստատություններ գրեթե հոսք չկա: Եթե տարիներ առաջ մանկավարժական միջին մասնագիտական կրթությունը բավական մեծ պահանջարկ ուներ հատկապես մարզերում և գյուղական համայնքներում, ապա այժմ միջին մասնագիտական կրթություն ստացած և դպրոցներում աշխատող ուսուցիչներին օրենքի ուժով պարտադրվել է մինչև 2018 թ. բարձրագույն կրթություն ստանալ: Այդ ժամանակշրջանից սկսած` բոլոր հանրակրթական դպրոցներում մանկավարժական գործունեությամբ են զբաղվելու բացառապես բարձրագույն կրթությամբ մանկավարժները:

Ի դեպ, միջին մասնագիտական կրթության ոլորտում գերակա համարվող մասնագիտությունների ուղղությամբ մոտ  50 տոկոսով ավելացել են պետպատվերի շրջանակներում հատկացվող անվճար տեղերը: Եթե նախորդ տարիներին դրանց թիվը` 5500 էր, ապա այժմ անվճար տեղերի քանակը 7500 է, ինչը վկայում է որ արհեստագործական կրթությունը 98-99 տոկոսով անվճար է: Ստանալով 9-ամյա կրթություն և համապատասխան փաստաթուղթ` շրջանավարտները, առանց ընդունելության քննությունների, կարող են իրենց ատեստատի գնահատականներով ընդունվել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:

 Առավել համալրվող մասնագիտություններից են հատկապես հաշվապահությունն ու էկոնոմիկան, տուրիզմի և սպասարկման  ծառայությունները. խոհարարներ, դերձակներ, էլեկտրիկներ, զոդողներ, ճարտարագետներ, շինարարներ և ծրագրավորողներ: «Յուրաքանչյուր աշխատատեղ պետք է զբաղեցնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետը: Այդ մասնագիտությունները ստացած մարդիկ հիմնականում պահանջված են միջին օղակների կազմակերպիչների և տեխնիկների մակարդակում: Կան մասնագիտություններ, որոնք բարձրագույն կրթություն չեն պահանջում: Մենք պետք է կարողանանք աշակերտներին ուղղորդել և իրենց ապագայի ու հեռանկարների տեսանկյունից խորհուրդ տալ ընտրելու հենց այն մասնագիտությունները, որոնք պահանջարկ ունեն»:

Կան մասնագիտություններ, որոնք այսօր համարվում են ծերացող, այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ երիտասարդ սերունդը հակված չէ դրանց ուղղությամբ մասնագիտանալու, իսկ առկա մասնագետներն էլ ավագ սերնդից են: Այսօր արհեստագործական հաստատություններն առաջարկում են զարդակիրառական արվեստի ճյուղը, որտեղ ներառված է ոսկերիչների, գորգագործների, վարորդների, զոդողների, խոհարարների, վարսահարդարների և այլ մասնագիտությունների որոշակի հատված: Զրուցակցիս համոզմամբ, եթե շրջանավարտներն այս ուղղություններով մասնագիտանան, ապա հետագայում, համեմատած մյուս մասնագիտությունների հետ, ավելի հեշտ աշխատանք կգտնեն` համարժեք աշխատավարձով:

Կան մի քանի արհեստագործական ուսումնարաններ, որոնք պատրաստում են կադրեր հենց այդ ուղղություններով: Ինչպե՞ս է ընթանում  արտադրական համակարգի կազմակերպման գործընթացը գործատուների  հետ: Ռ. Աբրահամյանի տեղեկացմամբ, թեև ոչ բոլոր  գործատուներն են պատրաստակամ կազմակերպելու ուսանողների պրակտիկան, ապահովելու դասավանդման կամ ավարտական քննական և աշխատանքի տեղավորման գործընթացները, սակայն  համագործակցության փայլուն օրինակներ էլ կան: Առաջադիմություն ունեցող ուսանողները կարողանում են հեշտությամբ աշխատանք գտնել գործատուների հետ համագործակցության արդյունքում:

Միջին մասնագիտական կրթության համակարգում սովորելը հնարավորություն է ընձեռում ուսանողներին լավ առաջադիմության դեպքում ուսումը շարունակելու արդեն բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Լ.Ն

Դիտվել է 6094 անգամ:
Print Friendly

Leave a Reply