Զարուհի Փոստանջյան. «Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքում կտեղեկացնի Մոսկվա կատարած այցի մասին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2013 14:51

«Ապրիլի 9-ին հայ ժողովուրդը ոչ միան տոնեց իր հաղթանակը, այլև երդվեց, որ այլևս երբեք չի նահանջելու և պայքարը տանելու է ամենուր, որի համար շնորհավորում եմ բոլորիս»,-այսպես սկսեց խորհրդարանական ճեպազրույցը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Նա համամիտ չէ այն կարծիքին, որ այդ օրվանից Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր դաշտում միայնակ մնաց և այլև չի կարող համարվել ընդդիմության առաջնորդը. «Նախ` Րաֆֆի Հովհաննիսյանը մենակ չէ, նրա հետ է հայ ժողովուրդը: Րաֆֆի Հովհաննիսյանը հզոր է, իմաստուն, և դա ի հայտ եկավ ապրիլի 9-ին»,-հակադարձեց Փոստանջյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրողներին Փոստանջյանը խորհուրդ է տալիս հստակ նշել, թե որն էր այդ օրը նրա թույլ տված սխալը և թե իր կողմից նախապես հրապարակած որ մի ծրագիրը նա չի իրականացրել:

Ինչ վերաբերում է իշխանությունների հետ բանակցելուն, ապա Փոստանջյանը նշում է, որ իրենք բանակցելու խնդիր չունեն. «Սերժ Սարգսյան իշխանավոր այլև գոյություն չունի Հայաստանում»,-ասաց նա:

Ոստիկանապետի` հանրահավաքին միանալու վերաբերյալ ասում է. «Սերժ Սարգսյանի հիմնասյուներից մեկը` իր ոստիկանապետը, չի գտնվել այդ կեղծ երդմնակալության արարողությանը, նա եկել-միացել է ժողովրդին և աղոթել է, դրանցի ավելին ինչ կարող է լինել»:

Նա անդրադարձավ նաև  Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա այցին` ասելով, որ այսօր վերջինս կվերադառնա, կմասնակցի ժամը 18:00-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին, որի ընթացքում կտեղեկացնի նաև իր այցի մասին:

 

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply