Ադրբեջանցիների կեղծարար վարպետության ականատեսն է եղել նաև «Անկախ»-ը

Օրվա լուր | | June 22, 2009 18:41
karen_vrtanesyandavit_jama

Կարեն Վրթանեսյան և Դավիթ Ջամալյան

Ադրբեջանցի մտավորականներն առաջարկել են հուլիսին կազմակերպել հայ և ադրբեջանցի մտավորականների հանդիպում, որտեղ համատեղ կքննարկեն ղարաբաղյան հարցի լուծման ուղիները:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Կարեն Վրթանեսյանն ասում է, որ նման միջոցառումների իրական նպատակն է հայերի մոտ ամրապնդել ադրբեջանամետ դիրքորոշում• «Հավանաբար ադրբեջանցիները կփորձեն հայերից ստորագրություններ կորզել` ադրբեջանամետ հայտարարությունների համար»:

Վրթանեսյանն ասում է, որ հայկական կողմը նման հանդիպումներին պետք է հատուկ նախապատրաստված մարդկանց ուղարկի, ինչպես ադրբեջանցիներն են վարվում• «Այդպիսի հանդիպման մասնակիցը պետք է գիտակցի, որ մի քանի ադրբեջանցիների հետ հաստատված ջերմ հարաբերությունները չպետք է փոխեն նրա դիրքորոշումը երկու երկրների հարաբերությունների նկատմամբ»:

Արտասահմանյան կառույցները, ըստ Վրթանեսյանի, հաճախ ուշադրություն են դարձնում Հայաստանում հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու վրա, մինչդեռ Ադրբեջանում պաշտոնական մակարդակով հայատյացություն է քարոզվում: Վրթանեսյանը մատնանշում է դեպքը, երբ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել էր, թե Ռամիլ Սաֆարովը (ով 2004-ի փետրվարի 19-ին Բուդաբեշտում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին), պետք է օրինակ դառնա յուրաքանչյուր ադրբեջանցու համար:

Վրթանեսյանը ներկայիս Ադրբեջանը համեմատում է Ֆաշիստական Գերմանիայի հետ. «Ադրբեջանցիները հայերին համարում են տիեզերական չարիքի մարմնավորում և ամեն ինչում հայերին են մեղադրում: Առհասարակ, թուրք-ադրբեջանցիների ինքնության հիմքում արդեն 100 տարի ընկած է հայատյացությունը»,-ասում է Վրթանեսյանը:

Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն էլ նշում է, որ ադրբեջանցիների մոտ ինքնության խառնաշփոթ է, քանի որ ազգի ձևավորման հարյուրամյա պատմության ընթացքում ազգության 4 անուն (կովկասյան թաթարներ, թյուրքեր, թուրք ազերիներ և ադրբեջանցիներ) և 3 այբուբեն են փոխել, ունեն ծագումնաբանական 3 տեսակետ: Հստակ է միայն ատելությունը հայերի նկատմամբ:

«Հաղթանակից հետո հայերի մոտ ագրեսիվ դիրքորոշումը մեղմացել է, մինչդեռ ադրբեջանցիները հոգեբանորեն նախապատրաստվում են նոր հաղթական պատերազմի»,- ասում է Ջամալյանը:

Ադրբեջանցիներն արդեն իսկ սկսել են պատերազմը տեղեկատվական դաշտում: Վրթանեսյանը նշում է, որ վերջերս ադրբեջանցիները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ հորինված հարցազրույց էին տարածել համացանցում, ինչը, սակայն, համապատասխան արձագանքի չարժանացավ Հայաստանի կողմից: «Ադրբեջանցիները խեղաթյուրված ինֆորմացիան լրատվական գործակալությունների միջոցով են տարածում: Եթե այն հիմա էլ չօգտագործվի, մի քանի տարի անց անհրաժեշտության դեպքում այդ արխիվացված ինֆորմացիան են օգտագործելու աշխարհահռչակ բազմաթիվ լրատվամիջոցներ: Ուստի պետք է արագ հակահարված հասցնել»,- ասում է Վրթանեսյանը:

Ադրբեջանցիների կեղծարարական վարպետության ականատեսն է եղել նաև «Անկախ»-ը. շաբաթներ առաջ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով www.ankakh.com-ին, նշել են, թե իբր «Անկախ»-ը գրել է, որ «հայկական բանակում չարաշահումներ ու անօրինություններ են կատարվում, մինչդեռ ադրբեջանական բանակում այս առումով բավարար վիճակ է, և այնտեղ պայքարում են նման չարաշահումների դեմ»: Նման ապատեղեկատվության համար հիմք էր ծառայել «Անկախ»-ի նյութը` բանակային կյանքի մասին, որտեղ Ադրբեջանի մասին խոսք անգամ չկար:

Մայիսի 13-ից նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախաձեռնությամբ գործում է hotline@iprc.am էլեկտրոնային թեժ գիծը, որը ինֆորմացիա է հավաքում, թե որ կայքերն են տարածում հակահայկական ապատեղեկատվություն, որպեսզի համապատասխան հակաքայլեր ձեռնարկի:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply