Արամ Երկանյան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 17, 2013 7:03

«Մեր մեռելները հեռու-հեռու անապատների մեջ են, և նրանք մեզանից ծաղիկ չեն սպասում, այլ ոճրապարտ գանգերի արյունը»:

Արամ Երկանյան

Հայ վրիժառու բազուկն անհրաժեշտ պահին միշտ իջել է ոսոխի գլխին: Հայոց Նեմեսիսի մեծագույն վրիժառուներից է Արամ Երկանյանը:

Երկանյանները Ծոփքից էին` Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքից: Ինչպես է նախկինում կոչվել տոհմանունը` ոչ ոքի հայտնի չէ: Հայտնի է միայն, որ տոհմից Սամվել անունով բարձրահասակ մեկը տեղափոխվում է Էրզրում: Երկար հասակի պատճառով նրան կոչում են Երկան Սամվել, որտեղից էլ առաջանում է ազգանունը` Երկանյան:

 

Ապագա վրիժառուն ծնվել է 1900 թվականին Կարին քաղաքում: Հաճախել է տեղի դպրոցը, որտեղ էլ երդվել է, որ դառնալու է իր ազգի, ցեղի վրիժառուն, երբ ծանոթացել է Վենետիկի Մխիթարյանների հրատարակած գրքույկին, որտեղ նկարագրված էր Ադանայի ջարդերի պատմությունը:

 

1915 թ. կորցնելով ծնողներին, հարազատներին` նա հրաշքով ողջ է մնում ու տեղափոխվում Արևելյան Հայաստան: Այստեղ Արամը միանգամից ակտիվ հասարակական կյանքի է անցնում և 1917 թ. անդամագրվում  Հայ Յեղափոխական դաշնակցությանը, զինվորագրվում է հայկական կամավորական գնդերին և մեկնում ռազմաճակատ` վրեժ առնելու ոսոխից: Շուտով աչքի է ընկնում ծառայության մեջ և Կարին-Դերջան հատվածում նշանակվում է ռազմակայանի պետ: Նա այս պաշտոնում պետք է պահպաներ ռուսական նահանջող բանակից մնացած գույքը, զինապահեստները:

Շուտով սկսվում է նահանջը և Արամ Երկանյանը նահանջող հայկական զորամասերի հետ դարձյալ հայտնվում է Կովկասում: Սակայն նա ցած չի դնում զենքն ու մինչև վերջ շարունակում է պայքարը` Զեմլյակի խմբում մասնակցելով Բաշ-Ապարանի հերոսամարտին արդեն որպես գնդացրային դասակի հրամանատար: Անկախության հռչակումից հետո Արամ Երկանյանը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականով մեկնում է Լոռի-Փամբակ և ճնշում այնտեղ գործող թուրք ավազակախմբերին:

Պատերազմի ավարտից հետո ՀՀ կառավարության հանձնարարականով Արամ Երկանյանն ընդգրկվում է «Նեմեսիս» ծրագրում, որի նպատակը Հայոց ցեղասպանությունը ծրագրած ու իրականացրած ճիվաղների ոչնչացումն էր: Եվ ահա «Նեմեսիսի» ղեկավար և մտահղացող Շահան Նաթալին հենց Արամ Երկանյանին ու Արշավիր Շիրակյանին է ընտրում` սպանելու երիտթուրք պարագլուխներ Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին:

Հայոց ցեղասպանության պատասխանատու այս երկու հանցագործներին Արամ Երկանյանը Արշավիր Շիրակյանի հետ պատուհասեց 1922 թ. ապրիլի 17-ին Բեռլինի Ուլանդշտրասե փողոցում: Ցեղասպանները խնջույքից հետո հանգիստ ճեմում էին շքախմբով Ջեմալ Ազիմիի զբաղեցրած տան մոտակայքում, ընդ որում, նրանց հետ էր նաև մեկ տարի առաջ Սողոմոն Թեհլերյանի արձակած գնդակից տապալված Թալեաթ փաշայի այրին: Դիմահար կրակոցով տապալելով Բեհաէդդին Շաքիրին, Ջեմալ Ազմիին ու նրանց թիկնապահներից մեկին` Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը խույս տվեցին ոստիկանության հետապնդումից:

Հետագայում իր հուշերում Արամ Երկանյանը գրեց. «Հազիվ անկողին մտած այնպիսի երանավետ մի քնով քնեցի այդ գիշեր, որ հազիվ թե այդքան անուշ քնած լինեի կյանքումս: Քնել էի, կարծես անհոգ մանկիկ, որ գլուխը բարձին դրած` աչքերն է փակում քաղցրորեն: Ոչ մի հոգնություն, ոչ մի կասկած կամ երկյուղ… Չէի մտածում անգամ, թե ոստիկանություն կա և հետապնդումներ: Կարծես վերադարձել էի մի հաճելի քեֆից և գինին քաղցր թմրությունով էր գրկել ինձ: Միլիոնների արյան վրեժխնդրի համար ավելի գինովցնող ի՞նչ գինի կա, քան ոճրագործների արյունը: Եվ երբ կշարունակվեր ականջիս մեջ «բաբա, բաբա» կոծը, ինձ թվում էր` մայրիկս է, որ օրոր էր երգում` օրորոցս օրորելով»:

Սակայն բացի այս երկուսից` Արամի մահացու գնդակների զոհերն էին նաև Բաքվի հայության ջարդերի կազմակերպիչները` մուսավաթականներ Ղասիմբեկովը, Սարաֆովը և Խաս-Մամեդովը, որոնց Արամը  սպանեց Թիֆլիսի հրապարակում: Արամին է պատկանում նաև Ադրբեջանի նախկին վարչապետ, Շուշվա հայության ջարդարար Ֆաթալի Խան-Խոյսկու սպանությունը: Մինչ այդ հայոց «Նեմեսիսը» երեք անհաջող փորձ էր արել տապալելու Խան-Խոյսկուն: Գործը հաջողությամբ գլուխ բերեց Արամ Երկանյանը:

1920 թ. հունիսի 19-ին Թիֆլիսի կենտրոնում` Գոլովինսկի պողոտայում, Արամ Երկանյանը ծպտված արտաքինով սպասում էր: Ֆաթալի Խան Խոյսկին թիկնապահներով դուրս եկավ մոտակա շենքից ու առաջացավ: Արամն ընդառաջ գնաց, հանեց մաուզերը և կրակոցով ջախջախեց Խան Խոյսկու գանգը: Նրա կրակոցներից գետնին տապալվեցին նաև Ադրբեջանի Մուսավաթական կուսակցության հիմնադիր Խան Մահմադովը, թիկնապահներից երկուսը ևս: Այնքան արագ կատարվեց ամեն ինչ, որ Խան Խոյսկու մնացած թիկնապահները չհասցրեցին հակադարձել. Արամը խույս տվեց` միայն վիրավորված: Գործողության ժամանակ նրա աջակիցն էր վրիժառու Միսակ Կիրակոսյանը:

Արամ Երկանյանի վրիժառու բազուկից չխուսափեցին նաև հայազգի դավաճանները: Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում նա Սողոմոն Թեհլերյանի հետ շանսատակ արեց Պոլսի հայ մտավորականության ցուցակը կազմողներ Արթինին և Վահե Քիսային:

1922 թվականից Արամ Երկանյանը հաստատվեց արտասահմանում: Խորհրդային բռնապետությունը թույլ չտվեց հերոսին բնակվել հայրենիքում: Սկզբում հաստատվեց Ռումինիայում, ապա անցավ Լատինական Ամերիկա` հանգրվանելով Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Նա Գարեգին Նժդեհի մտերիմ ընկերն ու զինակիցն էր, և ուր էլ լիներ, տարածում էր Նժդեհի գաղափարներն ու շարժումը` Ցեղակրոնությունը:

Արտասահմանում նա ակտիվ հասարակական կյանքով էր ապրում` ողջ եռանդը ներդնելով հայապահպանության ու ազգային վերածննդի գործին: Նա Արգենտինայում մինչ օրս հրատարակվող «Արմենիա» թերթի հիմնադիրն է:

Արամ Երկանյանն ապրեց կարճ, բայց ապրեց իմաստալից ու նվիրական կյանքով: Նրա ուսուցիչը` Շահան Նաթալին, այսպես է բնորոշել հերոսին. «Դիտեցեք իր պատկերը: Եվ անոր ճակատը, աչքերը, դեմքը պիտի պատասխանեն` Հայ Նեմեսիս մը…: Զինքը ճանչցա Պոլիս: Չէի հանդիպած իրեն: Հոգիներու ճանաչողությունը ժամանակով չի չափվիր: Բաց գիրք մը, որ ինձ թվեցավ, թե ծնած օրես կարդացած էի: Պարզունակ անխաթար, սիրտն ու հոգին շրթունքին, բաց ճակատին վրայ և հայու աչքերուն մեջ: Կարնեցի տղան ուրիշ բան էր, վկայեց իմ հոգին»:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 4060 անգամ:
Print Friendly

Leave a Reply