Դոհայից հետո` Մոսկվայում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 14, 2013 7:16

Արդեն  սովորական է դարձել, որ երբ Հայաստանի մարմնամարզիկները ներկայացուցչական ստուգատեսներում մեկնարկի են դուրս գալիս, ապա նրանցից մեդալներ են ակնկալում: Մերոնք էլ, արդարացնելով սպասելիքները, հաստատում են, որ աստիճանաբար այս մարզաձևում վերականգնվում են նախկինում ունեցած փառահեղ  ավանդույթները: Եվ ահա, Հայաստանի մարմնարզիկները երկու բրոնզե մեդալի և դրամական պարգևների արժանացան օրերս Քաթարի մայրաքաղաք Դոհայում կազմակերպված աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարում: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը  պատմեց իր տպավորությունները:

– Անցյալ տարի էլ մասնակցել էինք Դոհայում  անցկացված աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլի: Ընդհանրապես 6-րդ անգամ է Քաթարում այդ ստուգատեսը կազմակերպվում: Մեր երկրի ներկայացուցիչները երկրորդ անգամ էին իրենց կարողությունները փորձում: 2012-ին Վահագն Դավթյանը օղակների վրա վարժություններում ճանաչվել էր 2-րդը,  Արթուր Դավթյանն էլ հենացատկերում դարձել էր 2-րդ մրցանակակիր: Այս տարի, թեև  մեր մարզիկներից Արթուր Դավթյանը  և Արթուր Թովմասյանը հենացատկերում և օղակների վրա վարժություններում արժանացան  բրոնզե մեդալների, մեր մարզիկների մրցելույթներից գոհ ենք: Բանն այն է, որ այս անգամ, 2012-ի համեմատ, մասնակիցների թիվը  մեծ էր. 105 մարմնամարզիկ է մրցահարթակ դուրս եկել: Նրանք ներկայացնում էին 47 երկիր: Ուշագրավն այն է, որ  կարողությունները փորձողների թվում էին նաև 2012-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի  մարմնամարզության մրցաշարի օղակների վրա վարժությունների, նժույգաթափերի, հենացատկերի չեմպիոնները, տարբեր տարիների աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ: Մասնավորապես, նժույգաթափերում պայքարը 8 ուժեղագույնների թվում եզրափակչում շարունակողները բոլորն էլ օլիմպիական խաղերի,  աշխարհի, Եվրոպայի առաջնության չեմպիոններ և մրցանակակիրներ էին: Այս անգամ հենացատկերում ևս շատ ուժեղ մարզիկներ էին պայքարում: Արթուր Դավթյանը սկզբում ոչ բարդ ցատկեր կատարեց, որպեսզի  կայուն հանդես գար և մտներ եզրափակիչ: Նրա ցատկի բարդությունը 16,2 միավոր էր: Իսկ եզրափակչում վարժության բարդությունը հասցրեց  17 միավորի: Ի դեպ, Դավթյանը եզրափակիչ մտավ 7-րդ արդյունքով: Նրանից առանձնապես մեծ սպասելիքներ չունեինք: Բայց պարզվեց, որ կասկածամտությունն անտեղի էր:

 Հայաստանից քանի՞ մարմնամարզիկ հանդես եկավ Դոհայում:

– Մեր երկրից մասնակցում էին Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Թովմասյանը: Ուշագրավ է, որ բոլորն էլ այս կամ այն մրցաձևի եզրափակիչների մասնակիցների թվում էին: Մերդինյանը 6-րդ արդյունքով մասնակցեց նժույգաթափերի եզրափակչին և բավարարվեց 5-րդ տեղով:

Օղակների վրա վարժություններում որակավորման փուլից հետո 2-3-րդ տեղերը բաժանում էին Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը: Արթուր Դավթյանն անսպասելիորեն էր զուգափայտերի վրա վարժություններում եզրափակիչ մտել 7-րդ արդյունքով: Նա  այս մրցաձևում վարժությունների բարդ ծրագիր չունի, սակայն շատ վստահ հանդես եկավ, առանց  սայթաքելու և, ի վերջո, եզրափակչում հանգրվանեց 7-րդ հորիզոնականում: Իսկ Վահագն Դավթյանն էլ օղակների վրա վարժություններում 4-րդը ճանաչվեց:

 Գո՞հ եք ձեր սաների մրցելույթից:

– Սպասվածից ավելի լավ են մեր մարզիկները հանդես եկել: Սկզբում մի փոքր մտահոգ էինք, որ մերոնք մրցելու են աշխարհի  ուժեղագույն մարմնամարզիկների հետ, այդ թվում` նաև Ճապոնիան, Չինաստանը ներկայացնողների: Դժվար էր կանխագուշակել, թե ինչ կարող է լինել մրցապայքարում: Միայն դժգոհ եմ  Մերդինյանի արդյունքից: Ընդ որում, նա իր նախասիրած մրցաձևում` նժույգաթափերում վարժությունը կատարելիս ոչ մի անգամ չսայթաքեց: Բայց Հարությունը կարող էր ավելին անել: Բանն այն է, որ եզրափակչում անթերի հանդես եկան նաև նրա մրցակիցները. 8 մարմնամարզիկներից ոչ ոք ոչ միայն չսայթաքեց, այլև կոպիտ սխալ թույլ չտվեց: Դա էլ անսպասելի չէր, քանի որ բոլորն էլ այդ մրցաձևում ճանաչված  մարզիկներ են, երկար ժամանակ է` առաջատարներ են: Ընդ որում, նժույգը համարվում է խարդավանքներով մարզագործիք, այդ առումով ամենից անկանխատեսելին է: Ի դեպ, ոչ մի երկիր չկար, որի հավաքականը 4 մասնակից ունենար, և բոլորն էլ եզրափակչում լինեին:

 Ռուսաստանի հավաքականը մասնակցո՞ւմ էր:

– Ոչ: Դժվարանում եմ ասել, թե ինչն էր պատճառը: Սակայն հայտնի է, որ Ռուսաստանը շատ ուժեղ մարմնամարզիկ ունի, որն օղակների վրա է լավ հանդես գալիս: Հենացատկերում և նժույգաթափերում Ռուսաստանի ներկայացուցիչները թույլ են: Սա ասում եմ, որովհետև առաջիկայում Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալու է Եվրոպայի առաջնությունը, և մեր հնարավորությունները պակասելու են, քանի որ Ռուսաստանի հավաքականը տանն է հանդես գալու:

 Աշխարհի գավաթի խաղարկությունում դրամական մրցանակներ սահմանվա՞ծ էին:

– Այո, 1-ին տեղը զբաղեցնողները ստանում էին 1500 դոլար, երկրորդ և երրորդ մրցանակակիրները հարստանում էին 1200 և 800 դոլարով: Ի դեպ, եզրափակչի բոլոր մասնակիցներն էլ դրամական պարգևներ էին ստանում: Մասնավորապես, վերջին` 8-րդ տեղը գրավողին հանձնվում էր 100 դոլար: Մեր բոլոր մասնակիցներն էլ  դրամական պարգևներ ստացել են:

 Անդրադառնանք Եվրոպայի առաջնությանը: Ե՞րբ է Հայաստանի հավաքականն ուղևորվելու մրցավայր:

– Ապրիլի 14-ին մեկնելու ենք Մոսկվա: Մրցումները կայանալու են ապրիլի 17-21-ը «Օլիմպիյսկի» մարզահամալիրում: Մասնակցելու են 41 երկրների հավաքականներ: Անցյալ տարի հին աշխարհամասի առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգաթափերում դարձել է բրոնզե մեդալակիր: Այս տարի ստուգատեսին մասնակցելու են Դոհայում հանդես եկած չորս  մարմնամարզիկները: Նրանց է միանալու Սերոբ Սողոմոնյանը: Եվրոպայի առաջնությունում թիմային պայքար չի լինելու: Մարմնամարզիկները հանդես են գալու բազմամարտում և բազմամարտի առանձին մրցաձևերում: Սակայն կա մի նրբություն: Ամեն մրցաձևում որևէ երկիր կարող է մրցահարթակ դուրս բերել երկու մարմնամարզիկի: Այդ է պատճառը, որ բազմամարտում հանդես կգան  մեր այն մարմնամարզիկները, որոնք Հայաստանի առաջնությունում այդ մրցաձևում առաջին երկու տեղերում են եղել` Արթուր Դավթյանը և Սերոբ Սողոմոնյանը: Հարություն Մերդինյանը հանդես կգա նժույգաթափերում, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը` օղակների վրա վարժություններում: Ընդ որում, վարժությունների այն ծրագրերը որոնք մերոնք ներկայացրել էին Քաթարում, ցուցադրելու են նաև Մոսկվայում:

 Արթուր Թովմասյանի մասին մարզասերները քիչ են տեղյակ: Ընդհանրապես մեր թիմի անդամների հնարավորություններն ինչպիսի՞ն են:

– Նա 21 տարեկան է, նոր է դրսևորում իրեն, օղակների վրա վարժություններում է հատկապես լավ հանդես գալիս: Ի դեպ, Մոսկվայում 2012-ին կայացած Միխայիլ Վորոնինի հուշամրցաշարում նա հաղթող  է ճանաչվել: Դա լուրջ արդյունք է, իսկ առաջին ամենամեծ հաջողությունը նա ունեցավ Քաթարում: Արթուր Դավթյանը հենացատկերում Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է: Մեր բոլոր մասնակիցներն էլ Եվրոպայի առաջնությունում փորձելու են եզրափակիչ մտնել, թե դա որքանով կհաջողվի, ցույց կտա մրցությունը: Բազմամարտում նախնական մրցելույթներից հետո պայքարը շարունակելու են 24 լավագույնները: Հույս ունեմ, որ մեր երկու  մարմնամարզիկներն էլ հաջողակների թվում կլինեն, թե ինչ կլինի հետո` եզրափակչում, դժվարանում եմ ասել: Առանձին մրցաձևերում մեր երեք մարմնամարզիկներն էլ իրենց արդյունքներով կարող են եզրափակիչ մտնել: Կարևորն այն է, որ Հայաստանի հավաքականում ներկայումս սուր մրցակցություն է, և դա օգնում է: Մասնավորապես, Վահան Վարդանյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Նույնը կարելի է ասել նաև փորձառու Վահագն Ստեփանյանի մասին: Մրցավայր ուղևորվողների պատրաստականության մակարդակն այժմ ավելի բարձր է, և նրանք Մոսկվա չեն մեկնում սոսկ մրցմանը մասնակցելու համար: Մարտի սկզբին կայացած Հայաստանի առաջնության արդյունքով է որոշվել թիմի կազմը:

 Հայաստանը մրցավարներ ունենալո՞ւ է Եվրոպայի առաջնությունում:

– Մրցավարություն ենք կատարելու ես և Սոս Սարգսյանը: Եթե մենք երեք և ավելի մասնակից ունենք, ապա պարտադիր երկու մրցավար պետք է հայտավորենք, հակառակ պարագայում հարկադրված կլինենք տուգանք վճարել` ամեն մարզչի բացակայության համար` 2 հազար եվրո: Պատվիրակության կազմում են Աշոտ Գասպարյանը (ղեկավար) և  մարզիչ  Արտյոմ Ավետյանը:

Հովանավորել ցանկացողներ չկան

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին  էլ խնդրեցինք պարզաբանել, թե սպասելի՞ էր մեր մարզիկների Դոհայում ցույց տված արդյունքը:

Անվանի մասնագետը հայտնեց, որ մարմնամարզիկները նախապատրաստվել էին: Մրցումներն այնպիսի բան են, որ կանխատեսումներ կատարելն անիմաստ է. նախապես հանարվոր չէ ասել, թե այսպես, կամ այնպես կարող է լինել:

 

– Հաջողությունը մրցման ժամանակ է բացահայտվում, և շատ գոհ ենք, որ մեր բոլոր առաջատար մարմնամարզիկներն էլ վերջին շրջանում ինչ-որ բանի հասել են, նպատակադիր աշխատանքը տվել է իր պտուղները: Իսկ Դոհայում օղակների վրա վարժություններում սպասում էինք, որ Արթուր Թովմասյանը 1-ին կամ 2-րդ տեղ պետք է զբաղեցնի, Հարություն Մերդինյանն էլ նույն բանը պետք է աներ նժույգաթափերում: Բանն այն է, որ երկու մարմնամարզիկներն էլ այդ մրցաձևերում բարդ վարժություներ են կատարում: Արթուր Դավթյանից էլ սպասելիքներ ունեինք, և նվաճում է, որ նա 3-րդ մրցանակակիր է դարձել: Դժվարանում եմ ասել, թե Եվրոպայի առաջնությունում մերոնք ինչ արդյունքի կհասնեն: Կարևորում եմ, որ նրանք հաջող հանդես գան, անեն այն, ինչին ունակ են: Հայաստանի մարմնամարզության ֆեդերցիայի բյուջեով մարմնամարզիկների կարիքների համար տարեկան ծախսվում է  շուրջ 18 մլն դրամ: Դա շատ քիչ է: Հարցը բարձրացրել ենք, անհրաժեշտ է նաև հովանավոր ունենալ: Ոչ ոք չի ցանկանում այդ պարտականությունը ստանձնել: Դա սարսափելի է: Մեր առաջատար մարմնամարզիկներից միայն մեկն է վարձատրվում, խոստացել են, որ մյուսների ֆինանսական հարցերն էլ կլուծեն, սակայն դա չկա»,- ասաց Ազարյանը:

Դիտվել է 1549 անգամ:
Print Friendly

Leave a Reply