Ագրոտուրիզմը Հայաստանում կարող է լուրջ հաջողություններ գրանցել
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | Գևորգ Ավչյան | April 15, 2013 7:03
Վերջին ժամանակներս բուռն ծաղկում է ապրում տուրիզմի տեսակներից մեկը` ագրոտուրիզմը:
Ագրոտուրիզմը ենթադրում է այցելուների ժամանակավոր բնակություն գյուղական վայրերում` ակտիվ հանգստի նպատակով: Սա հիանալի հանգստի ձև է այն մարդկանց համար, որոնք մշտապես բնակվում են մեծ քաղաքներում: Այցելուները նման հանգստի պայմաններում ակնկալում են վայելել բնությունը և ծանոթանալ գյուղական տարածքներին, կյանքին,ապրելակերպին, ավանդույթներին ու ծեսերին:
Հանգստի այս ձևն այցելուներին, զբոսաշրջիկներին, հատկապես` քաղաքաբնակներին, հնարավորություն է տալիս գիտելիքներ ձեռք բերելու տնտեսության վարման մասին, ծանոթանալու գյուղատնտեսական մթերքների արտադրությանը, ճաշակելու բնական, թարմ և առողջարար սննդամթերք, ինչպես և օգտվելու ոչ սովորական ժամանցի հնարավորությունից:
Հայաստանը նույնպես առանձնանում է ագրոտուրիզմի համար անհրաժեշտ հարուստ ռեսուրսներով: Մեր լեռնաշխարհի գեղատեսիլ բնությունը, անկրկնելի լանդշաֆտները, պատմամշակութային և բնական հուշարձանները, հարուստ բուսական աշխարհը, հայկական խոհանոցի յուրահատկությունները և ավանդական հյուրասիրությունը կարևոր գործոններ են ներքին և արտաքին զբոսաշրջության, հատկապես` ագրոտուրիզմի զարգացման համար:
Վերջին երեք տասնամյակների ընթացքում զբոսաշրջության այս ուղղությունը բուռն զարգացում է ապրում: Ի դեպ, ագրոտուրիզմի զարգացումն ուղղակիորեն կապված է ուրբանիզացման գործընթացների հետ: Այսինքն` քաղաքային բնակավայրերի և բնակչության ավելացումը, որպես կանոն, ուղեկցվում է գյուղական բնակավայրերի և բնակչության կրճատումով: Այս երևույթը քաղաքային բնակչության համար բնությանը և գյուղական կենցաղին հաղորդակցվելու սահմանափակումներ է առաջացնում: Հետևաբար գյուղական ծագում ունեցող քաղաքային բնակչության կարոտախտը, մյուս կողմից ` առողջ ապրելակերպի համար բնական միջավայրից և օրգանական սննդամթերքից օգտվելու կարիքը ագրոտուրիզմի նկատմամբ հարաճուն պահանջարկ են առաջացնում:
Չի կարելի թերագնահատել ագրոտուրիզմի ազդեցությունը տուրիզմի ոլորտի, մարզերի համաչափ զարգացման, տնտեսության զարգացման և այլ առումներով: Սա յուրաքանչյուր գյուղաբնակի հնարավորությունն է տնտեսությունը կամ բիզնեսը դարձնելու ավելի բազմազան, ընդլայնելու այն, որպեսզի հաճախորդներ հրապուրելու միջոցով ավելացնի եկամուտը:
Ագրոտուրիզմը հնարավորություններ է ստեղծում շեշտադրելու գյուղատնտեսական բիզնեսի առանձնահատուկ ճյուղերը` գինեգործարաններ, պանրի և կաթի արտադրություն, պտղատու այգիներ, գյուղաշխարհի գեղեցկություն, որակյալ մթերքներ և բնական միջավայր:
Ներկայումս ագրոտուրիզմը դարձել է ժամանակակից զբոսաշրջային արդյունաբերության կարևորագույն հատվածներից մեկը: Զբոսաշրջության էլիտար, արկածային, արշավային և այլ ձևերի համեմատությամբ` ագրոտուրիզմը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնք նպաստում են այս ձևի արագ զարգացմանը:
Նախ` ագրոտուրիզմը մատչելի է բնակչության գրեթե բոլոր խավերի համար, քանի որ համեմատաբար նվազ ծախսատար է: Օրինակ` ներկայումս ձևավորված գների պայմաններում Հայաստանի գյուղական բնակավայրերում հանգիստը մեկ մարդ-օրվա հաշվով կազմում է 5-7 հազար դրամ: Մինչդեռ սովորական հանգստյան տներում հանգստանալու համար 2-3 անգամ ավելի գումար է պահանջվում: Ընտանիքով հանգստանալու դեպքում ագրոտուրիստի ծախսերը պակասում են 35-40 տոկոսով:
Երկրորդ` ագրոտուրիզմը հիմնականում ընտանեկան տուրիզմ է, որը հնարավորություն է ընձեռում հատկապես երեխաների բարոյահոգեբանական և աշխատանքային դաստիարակության համար: Գյուղական տուրիզմը ցանկության դեպքում գյուղատնտեսական աշխատանքներին մասնակցելու և գյուղական կենցաղին հաղորդակցվելու լավագույն հնարավորություններ է ստեղծում: Եվ ինչպես ասում էր XX դարի հայտնի հրապարակախոս Սիրիլ Կոննոլին. «Միայն գյուղում է հնարավոր իսկապես մերձենալ մարդուն կամ գրքին»:
Երրորդ` ագրոտուրիզմի կազմակերպումը մեծածավալ ներդրումներ չի պահանջում: Այստեղ որպես հիմնական ներդրող հանդես է գալիս գյուղական բնակչության համեմատաբար ունևոր խավը: Ուստի գյուղական զբոսաշրջության զարգացումն ինքնին կարևոր ազդակ է դառնում նաև գյուղատնտեսության զարգացման համար:
Եվ, վերջապես, ագրոտուրիզմի զարգացումը նպաստում է նաև գյուղական կյանքի աշխուժացմանը, գյուղում սոցիալական ենթակառուցվածքների և մշակույթի զարգացմանը:
Հավանաբար այս ամենը հաշվի առնելով է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ագրոտուրիզմը դեռևս 2009-ից դասել է ոլորտի գերակա ուղղությունների շարքը և առաջարկություն է ներկայացրել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը ծրագրային առաջնահերթությունների ցանկում ներառելու համար: Հատկապես կարևորվում է միջազգային փորձի ուսումնասիրությունը, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը և ագրոտուրիզմի կառավարման արդիական համակարգի ներդրումը: Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը հույս էին ներշնչում , որ մոտ ապագայում ագրոտուրիզմը կդառնա Հայաստանի տնտեսության առաջավոր ոլորտներից մեկը:
Արդեն բավական երկար ժամանակ է անցել, սակայն չենք կարողանում համապարփակ տեղեկություններ ստանալ, թե ագրոտուրիզմով զբաղվող քանի օբյեկտ է գործարկվել վերջին շրջանում, այժմ քանի նման օբյեկտներ են գործում, քանի զբոսաշրջիկի են սպասարկում և այլն: Ագրոտուրիզմով զբաղվող ընդամենը 7 հայաստանյան և 3 արցախյան կազմակերպութան մասին տեղեկություն կարողացանք գտնել «Սփյուռ» տեղեկատուի տվյալների շտեմարանում: Եվս մեկ նման ագրոտուրիստական հյուրատուն էլ` HyeLandz անունով, ներկայացված էր CTS-2013 միջազգային տուրիստական ցուցահանդեսում:
Մենք գիտենք, որ վերջին մի քանի տարիներին ՀՀ բոլոր մարզերի տարբեր բնակավայրերում այդպիսի հյուրատներ, ագրոտուրիստակյան տներ արդեն իսկ գործում են, բայց տեղեկութուններ, թե քանի նման փոքր բիզնես է գործում Հայաստանում, ինչ սկզբունքներով, ինչ գներով, պայմաններով, տուրիստական այցելությունների մակարդակով, նույնպես չհաջողվեց պարզել:
Հույս ունենք, որ այս բոլոր հարցերի պատասխանները կլինեն 2013 թ. տուրիզմի վիճակագրության մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
