Հանրային խորհրդում քննարկվեց քաղավիացիայի հարցը. ներկա էին բոլոր կողմերը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 11, 2013 21:34

Հանրային խորհրդում կազմակերպված «Հայաստանի քաղավիացիայի հեռանկարները» թեմայով քննարկումը բուռն էր. ներկա էին ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, կարևորելով ավիացիան ոչ միայն հասարակության պահանջները բավարարելու, այլև պետական և ազգային անվտանգության պաշտպանության տեսանկյունից, հարց բարձրացրեց՝  մենք ուզու՞մ ենք ունենալ ազգային փոխադրող, թե ոչ:

Հարցի վերաբերյալ ներկաները բազմակարծիք էին՝ մի կողմից հարյուրտոկոսանոց պետական ավիաընկերություն, մյուս կողմից՝ բաց երկնքի քաղաքականություն, մեկ այլ կողմից՝ դրանց համատեղում:

Ազգային ավիափոխադրող ունենալու գաղափարն էլ իր հերթին էր տարբեր տեսանկյունից դիտարկվում՝  պետակա՞ն ավիափոխադրող, թե՞ մասնավոր: «Ողջ աշխարհում միանշանակ չէ խնդիրը՝ պետական բաժնեմաս ունենալը դրական է, թե բացասական: Մենք պետք է ելնենք մեր տնտեսության յուրահատկություններինց, մեր աշխարհաքաղաքական իրավիճակից»,-կարծում Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

Նրա կարծիքով՝ պետական կառավարման դեպքում պետությունը մեծ ազդեցություն է ունենում ազգային անվտանգության վերաբերյալ որոշումներ կայացնելիս:

Ինչ վերաբերում է բաց երկնքի քաղաքականությանը, ապա պետությունը թռիչքների թույլտվությունը տալիս է՝ ելնելով բացառապես թռիչքային և ավիացիոն անվտանգությունից, իսկ պետական քաղաքականության խնդիրները թողնվում են այդ ընկերությունների վրա: «Այս պայմաններում, սակայն ազգային ավիափոխադրողի գաղափարը կասկածի տակ է դրվում»:

Արտյոմ Մովսիսյանը տեղեկացրեց, որ կառավարությունում քաղավիացիայի խնդիրը քննարկման փուլում է, և հստակ, ավարտուն տեսքի բերված չէ ոլորտը կարգավորող հայեցակարգը, ուստի շատ կարևոր է այդ ընթացքում լսել տարբեր կարծիքներ ու առաջարկներ:

Նա նաև վստահեցնում է, որ իրավիճակը լրիվ վերահսկելի է: Մտահոգիչ է միայն օդաչուների կազմը. 2009 թվականը ամփոփելու ժամանակ 74 օդաչու կար, այսօր՝ 42, որոնցից մի մասն էլ արդեն արտերկրում աշխատելու բանակցությունների մեջ է:

Քննարկմանը ներկա էին նաև օդաչուներ, որոնք առաջարկում են մի քանի ազգային ավիափոխադրող ունենալ, որոնցից մեկը կարող է լինել նաև պետական:

Քննարկվեցին նաև «Արմավիայի»՝ այս իրավիճակում հայտնվելու պատճառները: Ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը, սակայն, «Արմավիայի» սնանկացման հիմնական պատճառը համարեց սխալ կառավարումը:

Նա միաժամանակ հիշեցրեց, որ կային ժամանակներ, երբ «Արմավիայի» նույն մենեջմենթի շնորհիվ ընկերությունը ժամացույցի ճշտությամբ էր աշխատում և հասել էր մեծ հաջողությունների:

Բելլույանը գտնում է, որ ազգային ավիափոխադրող ունենալն անհրաժեշտություն է՝ ընդ որում  պետության կողմից 51% և ավելի բաժնեմասի առկայությամբ:   Նա հույս ունի, որ «Արմավիայի» դեպքում ամեն բան դեռ կորած չէ, և որ հնարավոր է փրկել այն, եթե պետությունը գնի բաժնեմասերի մեծ մասը:

«Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն հայտարարեց, որ «Արմավիայի» այս իրավիճակում հայտնվելու մեջ օդանավակայանը որևէ մեղք չունի: Ընդհակառակը, նա համոզված է, որ այս տարիներին իրենք ընկերությանը միշտ աջակցել են և մեծ զեղչեր ու առավելություններ տվել:

Օդանավակայանի տնօրեն Խուան Պաբլո Գեչիչյանն էլ հարց բարձրացրեց. եթե իրենք մոնոպոլ դիրքում են, ապա ինչո՞ւ են մյուս ընկերությունները, որոնց համար ավելի բարձր գներ են սահմանված, քան «Արմավիայի», կարողանում այդքան մեծ թվով ուղևորներ տեղափոխել: «Դա պատճառ չէ»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է ազգային ավիափոխադրող ունենալուն, ապա «Մենք կողմ ենք, որ լինի, անգամ մի քանիսը, բայց կառավարությունը պետք է լավ մտածի նման որոշում կայացնելուց առաջ»,-ասաց Մարսելո Վենդեն:

Վերջինիս այս պահին անհանգստացնում է մեկ այլ բան՝ շուտով ակտիվ սեզոն է սկսվում, սակայն Հայաստանի ավիացիայի ոլորտում խնդիրները դեռ լուծված չեն: Նա գտնում է, որ այժմ լավ հնարավորություն է բաց երկնքի քաղաքականությունն իրականացնելու և շուկան ազատականացնելու, քանի որ շատ ընկերություններ կան, որ ցանկանում են թռիչքներ կատարել դեպի Հայաստան: Ըստ նրա, դա տոմսերի արժեքը կնվազեցնի, և շատ զբոսաշրջիկներ կբերի: Իսկ նոր ավիաընկերություն ստեղծելը կարող է երկար տևել:

Վազգեն Մանուկյանը կողմ է ազատ շուկայական հարաբերություններին, սակայն հիշեցնում է՝ մենք մի երկիր ենք, որտեղ պատերազմը դեռ չի ավարտվել: «Մենք պետք է ունենանք մեր ազգային ավիափոխադրողը»,-մնում է իր կարծիքին ՀԽ նախագահը:

Օդանավի հրամանատար Գրիգոր Հայրապետյանն էլ հիշում է 88-89 թթ. Բաքվի դեպքերը, երկրաշարժը՝ հարցնելով. «Ո՞ր երկրի օդաչուներն էին այդ օրերին գալիս և այստեղ թռիչքներ կատարում, 150-տեղանոց ինքնաթիռներով 250 ուղևոր փոխադրում: Եթե որևէ մեկը կարող է ինձ վստահեցնել, որ վաղը՝ նման իրավիճակում, բաց երկնքի դեպքում դրսի փողադրողը դա կանի, մենք կարող ենք կամաց-կամաց ամեն ինչից հրաժարվել»:

Արդյունաբերողների պալատի նախագահ Արսեն Ղազարյանը, սակայն, այլ ցավոտ փաստեր է բերում. «Պետական ավիաընկերություն ունեցել ենք՝ Հայկական ավիաուղիները, խայտառակ բանկրոտի է գնացել, հետո անցանք մասնավորի՝ մենաշնորհային չվերթներվ ունեցավ, անընդհատ պետության միջոցով բանկերից, օդանավակայանից արտոնություններ ստացավ, բայց արդյունքում այս մոդելն էլ չաշխատեց: Ոչ մի երաշխիք չկա, որ մեկ այլ ներդրող կկարողանա լավ մենեջմենթ իրականացնել և մրցել միջազգային փորձ ունեցող և օրեցօր ճկուն զարգացող օտարերկրյա ընկերությունների հետ»:

Նրա կարծիքով՝ փորձը ցույց է տալիս, որ պետական սեփականությամբ ձեռնարկությունները անհաջողության են մատնվում: «Բայց եթե պետականի գնանք, ապա օպերատիվ կառավարումը պետք է հանձնենք շատ ճանաչված միջազգային փորձ ունեցող մասնավոր ընկերության, ինչպես օդանավակայանի դեպքում»:

Մանուկյանը, ամփոփելով քննարկման ընթացքում հնչած հիմնական մոտեցումները՝ նշեց, որ Հանրային խորհրդում դրանք կքննարկվեն, կմշակվի փաստաթուղթ և կներկայացվի ՀՀ նախագահին ու կառավարությանը:

Նա կոչ արեց, որպեսզի «Ամավիայի», օդանավակայանի, Արդյունաբերողների պալատի, ինչպես նաև օդաչուների կողմից նույնպես առաջարկներ ներկայացվեն կառավարությանը, որպեսզի վերջնական որոշում կայացնելուց առաջ դրանք հաշվի առնվեն:

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply