Սովորեցի՞ն արդյոք ապրիլի 9-ի դասերը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 11, 2013 18:20

Հայաստանի ներքաղաքական կյանքում ապրիլի 9-ին երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ: Նախ` երդում ընդունեց և դրանով, փաստորեն, պաշտոնապես նախագահի պաշտոնը ստանձնեց Սերժ Սարգսյանը: Բայց Սարգսյանի երդմնակալությանը զուգահեռ Ազատության հրապարակում երդման արարողություն էր կազմակերպել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Սա որքան էլ տարօրինակ, սպասելի քայլ էր, և ոչ միայն այն պատճառով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրոք բազմիցս հայտարարել էր այդ մասին:

 Երդումներ, որոնք բխում են իրարից

Նախ` ընտրություններից հետո պաշտոնական տվյալներով երկրորդ արդյունքը գրանցած թեկնածուն ընտրական գործընթացից անմիջապես հետո հանդես էր եկել հայտարարությամբ, թե ընտրությունները կեղծվել են և իր ձայները գողացվել են: Կարճ ասած` չէր ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները: Սրանից հետևում էր, որ հետընտրական զարգացումների որոշակի գործընթաց պետք էր սկսել: Այդ գործընթացն ի սկզբանե երեք հնարավոր ուղղություն ուներ. չընդունել արդյունքները, բայց գործող իշխանությունների հետ գնալ երկխոսության և որոշ կտորներ պոկել մեծ «բլիթից», թեկուզ` վերահսկիչ ֆունկցիաներ ենթադրող պաշտոնների ստանձնման տեսքով, ինչի փորձը եղավ, բայց, կարծես, այդ փորձը մտել է սառած փուլ: Երկրորդ` չընդունել ընտրությունների արդյունքները և անմիջապես դիմել իշխանությունն ուժով վերցնելու տարբերակին, ինչը ընտրություններից հետո մինչ օրս անընդհատ բացառվում էր ժողովրդական շարժման կազմակերպիչների և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Եվ երրորդ` չընդունել ընտրությունների պաշտոնական արդյունքները, չգնալ երկխոսության, չգնալ ծայրահեղ քայլերի, այլ կազմակերպված, մտածված և ծրագրված անցնել երկարաժամկետ, հետևողական պայքարի:

Ամեն ինչից, այդ թվում նաև ուղղակի հայտարարություններից դատելով` հենց այս վերջին տարբերակը որդեգրվեց Րաֆֆի Հովհաննիսյանի և նրան աջակցողների կողմից: Եվ այս պայմաններում բնական էր նաև, որ հենց գործող նախագահի երդմնակալության օրը ինչ-որ բան պետք էր կազմակերպել:

Նման դեպքերում հավանաբար ընդդիմադիր գործիչը հրապարակում հավաքում է իր կողմնակիցներին, ինքն իրեն հռչակում ընտրված նախագահ, հայտարարում իր, այսպես ասած, ստվերային կառավարության ցանկն ու սկսում «պաշտոնավարել»` հրապարակում և հրապարակից: Համենայն դեպս, այդ է հուշում տրամաբանությունը:

Ենթադրվում էր նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ին հրապարակում պետք է արտասաներ երդման իր տեքստը… Բայց այդպես չեղավ: Նախ` Հովհաննիսյանը մի գեղեցիկ կոմբինացիոն հնարքով` ինքն իրեն չհայտարարեց նախագահ, այլ իրողությունները ներկայացրեց այլ կերպ, որ բոլորը` թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ ինքը «ո՞ւմ շունն են Հայաստանի առջև»: Հետո կարդաց երդման նման մի բան ու ամենակարևորը, ստիպեց, որ հավաքված ժողովուրդն այն կրկնի: Այսինքն` Րաֆֆին ու  ժողովուրդը ուխտ կնքեցին իրար սատարել: Հետաքրքիր սցենար է սա, որ հետագայում, եթե անգամ շարժումը մարի, ոչ ոք չի կարող մեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանին, թե նա այդ շարժումը տարավ փակուղի, քանի որ ներկաները երդվել էին իրենք իրականացնել այն, ինչ որ առաջարկում էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ եթե դա չի իրականացել, ապա ժողովուրդը չի իրականացրել, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մի խոսքով, քաղաքական առումով գեղեցիկ կոմբինացիա խաղարկեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բայց ապրիլի 9-ը մեկ այլ հանգամանքով էլ էր աչքի ընկնում: Գոյություն ունեն, այսպես ասած, «հեղափոխական օրենքներ»` լենինյան օրենքը և տոկվիլյան օրենքը: Լենինյան հեղափոխական օրենքն ասում է` որքան վատ սոցիալական վիճակում է ապրում ժողովուրդը, այնքան լավ հեղափոխության համար, քանի որ դժգոհ զանգվածը կարող է, ծայրահեղ միջոցների դիմելով, փորձել իրացնել իր իրավունքները: Իսկ տոկվիլյան հեղափոխական օրենքն ասում է, որ ժողովրդի մեջ հեղափոխական տրամադրություններն առաջանում են սոցիալական զարգացման պայմաններում, քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացման հաշվին և ձեռք բերածը չկորցնելու ու նոր արժեքներ ձեռք բերելու նպատակով:

Թերևս սրանք քաղաքագիտական տեսություններ են, որոնց հետ կարող ենք համաձայնվել, կամ ոչ: Բայց ակնհայտ է մի բան. այն երկրում, որտեղ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ աղքատության մակարդակի այնպիսի պատկեր կա, ինչպիսին Հայաստանում է, չի կարող դիտարկվել տոկվիլյան հեղափոխական օրենքը: Բայց, ինչպես տեսնում ենք, ժողովուրդն էլ այնքան հակված չէ լենինյան օրենքից ենթադրվող ծայրահեղ միջոցներով հեղափոխություն անելուն: Այն, ինչ հիմա դիտարկվում է Հայաստանում, կարելի է նաև անվանել սոցիալական բունտ` ընդդեմ իշխանությունների:

Այս պարագայում շատ կարևոր էր, որ ապիլի 9-ի հանրահավաքում ժողովրդական շարժման լիդերները կարողանային գիտակցել այս իրողություններն ու ճիշտ ուղղորդեին հավաքվածներին: Իհարկե, անցյալի փորձը հաշվի առնելով, պետք էր նաև մտածել անցանկալի հետևանքների մասին: Այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ի երեկոյան իր ելույթում խոսեց ոչ թե իշխանությունը հենց այդ պահին գրավելու մասին, այլ ժողովրդին ապրիլի 12-ին հրավիրեց նոր հանրահավաքի: Սա, իհարկե, սուլոցներով ընդունվեց հավաքվածների, հատկապես` ծայրահեղ տրամադրվածների կողմից: Ու ակնհայտ էր, որ պետք էր «վիճակը փրկել»:

Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես գտավ ելքը` ժողովրդին Բաղրամյան 26-ի կողքով Ծիծեռնակաբերդ ուղեկցելու տարբերակը: Այս առումով կարևորն այն է, որ նպատակակետը ոչ թե Բաղրամյան 26-ն էր, այլ այդ հասցեն ուղղակի նշվեց ժողովրդի միջից թերահավատությունը հանելու համար:

Արդեն մի քանի մետրից ակնհայտ էր, որ ոստիկանությունը թույլ չի տա ժողովրդին մտնել Բաղրամյան պողոտա: Սա նշանակում էր, որ լիդերները պետք է կարևոր ու արագ որոշում կայացնեին` կա՛մ ընտրեին այլ ուղղություն, կա՛մ գնային ոստիկանության հետ արդեն ֆիզիկական առճակատման: Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրեց առաջին տարբերակը` այլ ճանապարհով Ծիծեռնակաբերդ գնալը: Ու հենց այդ ժամանակ էլ պարզվեց, որ մարդկանց մի մասը ճանապարհը փոխելու որոշումից հետո մնաց տեղում կանգնած:

Այսպիսի իրավիճակն իդեալական պայմաններ է ստեղծում այն անձանց համար, ովքեր նման շարժումների են միանում` անձնական նկատառումներից ելնելով, ինչ-որ մի պահ շարժման լիդեր դառնալու թաքուն նպատակով:

Ապրիլի 9-ն էլ բացառություն չէր. արդեն բարձրաձայնվել էր դժգոհությունը Րաֆֆի Հովհաննիսյանի` իշխանությունը բռնի ուժով  չվերցնելու որոշման դեմ, ոստիկանությունը խոչընդոտում էր մուտքը Բաղամյան պողոտա, արդեն հրմշտոց էլ էր տեղի ունեցել իրավապահների ու ցույցի մասնակիցների միջև. ու տաքարյուններն ամենևին էլ չէին ուզում հետել Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ ճանապարհով գնալ «վերջնանպատակ»` Ծիծեռնակաբերդ:

Հենց այդ ժամանակ մնացածների առջև հանդես եկավ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու, ժողովրդական շարժմանը միացած ԱՆդրիաս Ղուկասյանը: Նա առաջարկեց, որ ով ուզում է հետևել Րաֆֆի Հովհանիսյանին, թող գնա նրա հետևից, իսկ ովքեր հաստատակամ են Բաղրամյան 26 հասնելու հարցում, կարող են մնալ տեղում` պատրաստ լինելով ոստիկանության կողմից ուժի կիրառմանը: Ղուկասյանը հայտարարեց նաև, որ ինքը պատրաստ է ղեկավարել հենց այդ տեղում և այդ պահին առաջացած ինքնաբուխ ակցիան:

Եվ արդեն մտավախություն կար, որ հավաքվածները կբաժանվեն երկու հատվածի: Մի պահ այդպես էլ եղավ: Այսինքն` ապրիլի 9-ին, այս հետընտրական գործընթացում առաջին անգամ տարանջատվեց ու հստակ երևաց դժգոհող ժողովրդի ծայրահեղ տրամադրված հատվածը: Ու նաև, թե ովքեր կարող են, այսպես ասած, «թռչել» Րաֆֆու վրայով, այդ հատվածին ակտիվացնել, սոցիալական բունտը զարգացնել ու հասցնել լենինյան օրենքով հեղափոխության:

Ճիշտ է, Րաֆֆի Հովհանիսյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ վերադարձավ, ժողովուրդը մի քիչ հանգստացավ, իսկ երեկոյան էլ արդեն ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան ու թույլ տվեց Բաղրամյան ու Պռոշյան փողոցներով գնալ տները: Բայց ապրիլի 9-ը, գոնե շարժման լիդերներին մի կարևոր իրականություն երևակեց, թե ինչ զարգացումներ կարող է ունենալ շարժումը, և ժողովրդական ձևով ասած` «քամին որ կողմից է փչում»:

Ու եթե այս անգամ որոշ ցանկացողների չհաջողվեց բախումներ հրահրել ոստիկանության հետ, դա դեռ չի նշանակում, թե մի օր այն գլուխ չի գա: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ին ժողովրդի արձագանքներից պետք է անհրաժեշտ հետևություններ անի հետագայի համար: Համենայն դեպս, կարծում ենք, այն նշանները, որոնք երևացին այդ օրը, և որոնց անդրադարձանք, հետագայում կդառնան իրողություն, ու ժողովրդական շարժումը կա՛մ կմարի, կա՛մ կբաժանվի որոշակի սեգմենտների…

 

Դիտվել է 4365 անգամ:
Print Friendly

Leave a Reply