Էդվարդ Նալբանդյանը՝ վաշինգտոնյան հանդիպումների մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 14, 2010 18:32
-Ինչպես կգնահատեք Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վաշինգտոն եւ այստեղ ունեցած հանդիպումները:

-Շատ կարևոր այցելություն էր: Վերջին շրջանում Հայաստանի և ԱՄՆ–ի միջև հաստատվել է սերտ բարեկամական գործընկերություն, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ակտիվ շփումներ երկու երկրների ղեկավարությունների միջև:
Այս այցելությունը եւ կայացած հանդիպումները կարևոր էին թե՛ երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման, թե՛ երկու կողմերին հուզող տարածաշրջանային և միջազգային հարցերի քննարկման առումով: Նախագահի Սարգսյանի հանդիպումները նախագահ Օբամայի ու  պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հնարավորություն տվեցին շարունակել  կառուցողական երկխոսությունը եւ քննարկումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ, Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման շուրջ:
– Վաշինգտոնյան այցից հետո ի՞նչ հանգրվանի է հասել հայ–թուրքական կարգավորման գործընթացը։
-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետի հետ մեզ հնարավորություն տվեց ավելի հստակ պատկերացնել թուրքական կողմի դիրքորոշումը։ Վաշինգտոնում կայացած հանդիպումները եւս մեկ անգամ հնարավորություն տվեցին համոզվել, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ մեր գնահատականները ճիշտ են: Ամրապնդվեցին վերջին շրջանում հասունացած հետագա քայլերի վերաբերյալ մեր պատկերացումներն ու մոտեցումները: Երբ Հանրապետության Նախագահը պահի, ժամանակի իմաստով անհրաժեշտ համարի, համապատասխան որոշման մասին կիրազեկվի նաև հանրությունը:
– Որքանո՞վ է ԼՂ հարցը քննարկվել էրդողանի հետ հանդիպմանը։
-Թուրքական կողմը փորձում էր քննարկում ծավալել Ղարաբաղի թեմայի շուրջ, և պատասխանը եղել է այն, ինչ եղել է այն ինչ ասել ենք մինչ այժմ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարելի շաղկապել Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ: Չեմ կարծում , որ պատճառներ կան ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներ անցկացնել թուրքական կողմի հետ, ավելի շուտ այդպիսի պատճառներ բացակայում են: Նախեւառաջ ԼՂ կարգավորման գործում Թուրքիան չի կարող միջնորդ լինել, երկրորդ, ԼՂ հարցում Հայաստանը երբևէ որևէ զիջման չի գնա հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով: Եվ իհարկե նաև պետք է նկատի ունենալ, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման շաղկապումը Ղարաբաղի խնդրի հետ վնաս կհասցնի երկու գործընթացներին էլ: Դա նաև եռանախագահող երկրների դիրքորոշումն է:
Եթե թուրքական կողմն իր հնարավորությունների իմաստով սխալ հաշվարկներ է արել, դա իրենց խնդիրն է: Եթե մենք սկսել ենք այս գործընթացը այն փոխըմբռնմամբ, որ նախապայմաններ չեն կարող լինել, և նույն փոխըմբռնմամբ շարունակել ենք գործընթացը, և հանգել ենք Արձանագրությունների ստորագրմանը: Եթե Թուրքիան այսօր փոխել է իր դիրքորոշումը, ուրեմն համապատասխան եզրակացություններ պետք է անենք, թե արդյո՞ք մյուս կողմում կան այնպիսի գործընկերներ, որոնց հետ հնարավոր է շարունակել գործընթացը:
Եթե Թուրքիան իրականում ցանկանում է այս գործընթացը չձախողել, պետք է շատ արագ գործնականում ցույց տա, որ պատրաստ է վավերացնել եւ իրականացնել Արձանագրությունները և գնալ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների, ինչին սպասում է միջազգային հանրությունը:
– Վաշինգտոնյան այցի նախօրեին Տավուշի մարզում ՀՀ նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ է մեկնում հստակ որոշումով և այդ մասին կհայտարարի այցից հետո:
-Վաշինգտոնյան հանդիպումները թե՛ ԱՄՆ ղեկավարների, թե՛ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ առավել ամրապնդեցին հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի որոշման վերաբերյալ հայկական կողմի եզրակացությունները:
– Ե՞րբ կհրապարակվի այդ որոշումը:
-Այն ժամանակ, երբ Հանրապետության նախագահը կգտնի, որ ճիշտ ժամանակն է հանրությանը իրազեկ պահելու իմաստով:
-Դավութօղլուն հայտարարել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Ղարաբաղի խնդրում առաջընթացից:
– Պետքարտուղար Քլինթոնի կողմից այս գագաթաժողովին մասնակցող արտգործնախարարների պատվին կազմակերպած ճաշի ժամանակ ես Դավութօղլուի հետ բավական հանգամանալից զրույց եմ ունեցել: Նա ասաց, որ ընդհանրապես նման հարցազրույց ինքը չի տվել: Հերքեց։
Իհարկե, կարելի էր չհավատալ, որ ադրբեջանական գործակալությունը երկար–բարակ պատասխաններով հարցազրույց է տպում, ու Թուրքիայի արտգործնախարարն ասում է՝ նման հարցազրույց չի տվել: Բացի այդ հերքումից, որ պարոն Դավութօղլուն ինձ անձամբ ասաց, Թուրքիայի ԱԳՆ–ն արդեն հրապարակել է այդ հերքումը, որ նման հարցազրույց չի եղել: Սա կրկին ապացուցում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներին, թերթերին շատ քիչ պետք է հավատալ:


Դիտվել է 1584 անգամ:
Print Friendly

Leave a Reply