Ստյոպա Սաֆարյանը խնդիր է տեսնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանից ժամանակավոր հիասթափությունը չվերածվի վերջնականի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 11, 2013 16:19

«Պատրաստ եմ, ոչ թե մեռնելու, այլ ապրելու եւ գնալու վաղը առավոտ Մոսկվա պարոն Պուտինին հանդիպելու եւ բերելու հայ ժողովրդի հաղթանակը»,- ապրիլի 9-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Aravot.am-ը «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց, պարոն Հովհաննիսյանի այդպիսի հայտարարությունը, անլուրջ ու անպատասխանատու հայտարարություն չի՞ թվա, եթե ինքը իրականում նման քայլի չի պատրաստվում գնալ. «Ես տեղյակ չեմ, չեմ լսել այդ օրվա ելույթը ամբողջությամբ, մինչեւ չծանոթանամ դրանց կոնտեքստին եւ բովանդակությանն ու ասածին, չեմ կարող գնահատական տալ»: Պարոն Սաֆարյանը բացատրեց, թե ինչո՞ւ ապրիլի 9-ին պարոն Հովհաննիսյանին հետեւողները բաժանվեցին երկու մասի ու մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում եւ չհետեւեց Րաֆֆի Հովհաննիսյանին դեպի Ծիծեռնակաբերդ. «Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակիցներից մեկը ես եմ: Ինքս գտնվելով այլ վայրում՝ չէի լսել Րաֆֆի Հովաննիսյանի հայտարարությունը: Երբ որ ինձ փոխանցեցին, որ շարժվում է, իմ պարտքը համարեցի ժողովրդին տանել այն ուղղությամբ, որ ուղղությամբ գնում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Անդրիաս Ղուկասյանը ինքը իր որոշումն ընդունեց այդտեղ մնալու…Իսկ դուք տեսե՞լ եք՝ ինչքան մարդ կար Ծիծեռնակաբերդում, ճնշող մեծամասնությունը գնացել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Բաղրամյան պողոտայում մնացել է մի հատված՝ չիմացության պատճառով, մի հատված էլ, որը չէր ուզում գնալ այդտեղից, այդտեղ էր տեսնում լուծումը»: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված քննադատությանը, թե նա ամեն վայրկյան պատասխանատվությունն իր վրայից գցում է ու դեռ չունի պայքարի հստակ քայլերն ու ծրագիրը, պարոն Սաֆարյանն ասաց. «Մարդկանց սպասումները տարբեր են, ոմանք սպասում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նշանակելու է վարչապետ, կառավարության անդամներ, կազմավորելու է կոմիտե, որոնք գործուն մարմիններ են լինելու եւ քաղաքականություն են իրականացնելու: Կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 12-ին կասի, թե ինչ է անելու»: Պարոն Սաֆարյանը չի կարծում, որ հեռավոր մարզերից եկածներին կհիասթափեցնի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «գնացեք, հանգստացեք, կհավաքվենք ավելի ուշ» եւ նմանատիպ հայտարարությունները. «Րաֆֆի Հովհաննիսյանը չի ասել, որ ապրիլի 9-ին կամ 12-ին հեղափոխությունն ավարտված է լինելու: Ժողովուրդը պետք է հստակ իմանա, որ գալիս է ուղղակի ինֆորմացիա ստանալու, հաջորդ հավաքի մասին տեղեկանալու եւ պետք է մտածի, որ իր ամեն գալն ու մասնակցությունը շարժումը առաջ է տանում մի քայլով: Եթե կան տարբեր ակնկալիքներ, ո՞նց կարող են հիասթափություններ չլինել: Ես խնդիրը տեսնում եմ ոչ թե ժամանակավոր հիասթափության, այլ խնդիրը տեսնում եմ, որ այդ ժամանակավոր, պահային հիասթափությունը չվերածվի ավարտական, վերջնական հիասթափության»: Մեր հարցին, թե իրավիճակի ինչ փոփոխություն է տեսնում, պարոն Սաֆարյանն ասաց. «Ես պատկերացնում եմ ուղղակի հրապարակում կանգնելով, եւ ամեն մեկն, իր մակարդակով ապացուցի, որ այս երկիրը իշխանություն չունի, իրենց իշխանություն հռչակածները իշխանություն չեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Առավոտ

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply