Գարնանային ավիտամինոզ. ինչպե՞ս պայքարել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 15, 2010 14:32

Վերջապես եկավ գարունը, եղանակը տաքանում է, խանութներում մեծանում է թարմ մրգերի և բանջարեղենի տեսականին: Բայց, չգիտես ինչու, հենց գարնանն են մարդիկ սկսում ամենից հաճախ դժգոհել վատ ինքնազգացողությունից, և հենց գարնանն ենք ամենից հաճախ լսում «ավիտամինոզ» բառը:

Ավիտամինոզը օրգանիզմում վիտամինների պակասն է, որն անդրադառնում է ինքնազգացողության ու տեսքի վրա: Վիտամիններն անհրաժեշտ են մեր օրգանիզմին ամբողջ տարին, բայց գարնանը դրանք պետք են ավելի, քան երբևէ: Ավիտամինոզով տառապող մարդը, սովորաբար, զգում է ուժերի անկում, շուտ է հոգնում, դառնում է դյուրագրգիռ,  նյարդային, բռնկվող և քնկոտ: Օրգանիզմում վիտամինների պակասը թուլացնում է նաև իմունային համակարգը, ինչի հետևանքով մարդը դառնում է ավելի խոցելի տարբեր տեսակի վարակների  նկատմամբ, ավելի հաճախ է մրսում ու հիվանդանում: Մշտական հոգնածության զգացողությունն էլ թույլ չի տալիս նորմալ աշխատել: Ավիտամինոզի հետևանքով, մաշկը դառնում է չոր և գրգռված, մազերը  թափվում են, շրթունքները` ճաքճքում, լնդերը` հաճախակի արյունահոսում:

Ինչպե՞ս   կարելի է ազատվել ավիտամինոզից. անհրաժեշտ է սննդակարգի մեջ ներառել ճիշտ վիտամիններ` ճիշտ քանակությամբ: Ուրեմն, պարզենք, թե որ վիտամիններն են առավել անհրաժեշտ մեր օրգանիզմին,  որոնց պակասը կարող է ավիտամինոզի առաջացման պատճառ դառնալ:

C-ն ամենակարևոր վիտամիններից է: Այն պնդացնում է իմունային համակարգը և օգնում է մեր օրգանիզմին պայքարելու տարատեսակ վարակների դեմ: C վիտամին են պարունակում ցիտրուսային մրգերը, սև հաղարջը, մասուրը, խնձորը, կանաչեղենը, կարտոֆիլը, կաղամբը և ծաղկակաղամբը: Շատ կարևոր է հիշել, որ եփելիս C վիտամինը քայքայվում է: Ուստի, այդ վիտամինը պարունակող մթերքները ցանկալի է ուտել թարմ վիճակում:

D-ն`«արևի վիտամինը»` պատասխանատու է կալցիումի յուրացման համար: Այն սինթեզվում է մաշկի տակ` արևի ճառագայթների շնորհիվ: Բայց այն պարունակվում է նաև մի շարք մթերքներում, ինչպես օրինակ` ձկան յուղը, ձկնկիթը, ձվի դեղնուցը, կարագը, թթվասերը, կաթը: D վիտամիը, ի տարբերություն C վիտամինի, բավականին դիմացկուն է բարձր ջերմաստիճանների նկատմամբ:

A-ն համարվում է «տեսողության վիտամին» և պատասխանատու է նաև ոսկորների ամրության համար: Այն առկա է գազարի, բազուկի, եղինջի, լոլիկի, կարմիր տաքդեղի, ծիրանի մեջ: Եռացնելուց A վիտամինը չի քայքայվում, բայց և խորհուրդ չի տրվում մթերքը  շատ եփել:

B1 վիտամինը պատասխանատու է նյարդային համակարգի գործունեության համար և մեծ դեր ունի օրգանիզմի նյութափոխանակության գործում: Պարունակում են հացաբուլկեղենը, հնդկացորենը, բրինձը, դեղնուցը, ընկույզները, խոզի և տավարի միսը:

B2 վիտամինը հաճախ համարում են «աճի վիտամին»: Այն պատասխանատու է արյան մեջ հեմոգլոբինի սինթեզի համար և արագացնում է վերքերի սպիանալը: Այս վիտամինը կա թարմ բանջարեղենի, ձվի, կաթի, մսի և ձկան մեջ: Ալկալիական միջավայրում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ այս վիտամինը քայքայվում է:

E-ն անվանում են նաև «երիտասարդության վիտամին»: Այն պատասխանատու է մկանային համակարգի և սեռական գեղձերի գործունեության համար: Այն պարունակվում է ձեթի, մասուրի և դեղնուցի մեջ: Ինչպես և B2-ը, E վիտամինը քայքայվում է հիմնային միջավայրում:

Այսպիսով, վիտամինների պակասից և դրա հետևանքով առաջացող բոլոր խնդիրներից զերծ մնալու համար, անհրաժեշտ է առօրյա ճաշացանկը դարձնել տարատեսակ և վիտամիններով հարուստ: Ճաշացանկում պետք է անպայման ներառել թարմ բանջարեղեն, մրգեր, կանաչի և միս: Կերակուրների տարատեսակությունը նույնպես շատ կարևոր է, քանի որ գոյություն չունի մի այնպիսի ուտելիք, որն իր մեջ պարունակի բոլոր անհրաժեշտ վիտամիններն ու հանքանյութերը:

Դիտվել է 2941 անգամ:
Print Friendly

Leave a Reply