Դաշնակցությունը հաճելիորեն զարմացած է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 11, 2013 14:37

Խորհրդարանում ամփոփում են 2011 և 2012 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցները:

Երկօրյա բուռն քննարկումներից հետո խորհրդարանական ուժերն իրենց վերջնական տեսակետները ներկայացրին զեկույցի վերաբերյալ:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին մեծածավալ աշխատանքի համար` նշելով, որ նրա զեկույցում իրական, նպատակային բացահայտումներ են:

Չնայած ՀՅԴ-ն ժամանակին ձեռնպահ է մնացել Կարեն Անդրեասյանին օգտին քվեարկելուց, սակայն պատգամավորը նկատեց, որ այսօր իրենք հաճելիորեն զարմացած են  և դրականորեն դեպի լավն են տրամադրվում նրա հանդեպ:

Ըստ Մինասյանի, այս զեկույցը, սակայն, լուրջ քննարկման կարիք ունի, իսկ լիագումար նիստերի օրակարգը թույլ չի տալիս բոլոր հատվածներին մանրամասն անդրադառնալ: «Պետք է մշտական հանձնաժողովները լուրջ քննարկումներ ծավալեն` հրավիրելով կառավարության, գործադիր իշխանության ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս պատասխան տան բարձրացված հարցերինն, ներկայացված մեղադրանքներին»,-ասաց նա:

ՀՅԴ պատգամավորը տեղեկացրեց, որ շուտով իրենք հանդես կգան օրենսդրական նախաձեռնությամբ այդ զեկույցները համակարգային լուրջ քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ:

Դիմելով խորհրդարանական մեծամասնությանը` Մինասյանն ասաց. «Սա էլ հո մենք չենք ասում, պաշտպանն է ասում, որն ընտրվել է խորհրդարանում` քաղաքական մեծամասնության կողմից: Մեզ չեք լսում, գոնե պաշտպանին լսեք»:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, սակայն զեկույցը լիովին չի բավարարել: Ճիշտ է, շատ ոլորտներ են ներառված, սակայն մարդու ամենակարևոր իրավունքի` քաղաքական իրավունքի, իշխանություն ձևեավորելու իրավունքի վերաբերյալ գրեթե ոչինչ չկա կամ կա, բայց լղոզված:

Փաշինյանին զարմացնում է, որ երկօրյա քննարկումների ընթացքում պատգամավորներից որևէ մեկն այդ հարցին չանդրադարձավ, և դր ավերաբերյալ քննարկում չծավալվեց: «Ոչ ոք չնկատեց, որ Մարդու իրավունքների զեկույցում նշված է, որ 2012 թվականին եղել են համատարած ընտրակաշառքներ: Անգամ չառարկեցին, չասեցին` սուտ ես ասում, մարդու իրավունքների պաշտպան, իսկ լռությունը համաձայնության նշան է»,-ենթադրում է Փաշինյանը:

Անդրադառնալով զեկույցում առկա ազատ տնտեսական մրցակության խնդիրներին` պատգամավորը հայտարարեց. «Այսինքն, մենք մրցակցելու համար կա՛մ դեպուտատ պետք է դառնանք, կա՛մ նախարար, կա՛մ էլ կրիշ փնտրենք որևէ տեղ: Էս էլ Ձեր իշխանության և բիզնեսի տարանջատման օրենքը: Էդ մարդու էդտեղ ներկայությունը (ի նկատի ունի Տնտեսական պաշտպանության ազգային հանձնաժողովի նախագահին-խմբ.) արդեն նշանակում է, որ իշխանությունն ու բիզնեսը ոչ միայն չեն կարող տարամջատվել, այլև սերտաճելու են»:

Փաշինյանն անդրադարձավ ապրիլի 9-ին և ասաց, որ այդ օրը Ազատության հրապարակի լեփլեցուն լինելը ցույց էր տալիս, որ իշխանությունը ժողովրդին չի ներկայացնում. «Անձամբ ես էլ եղել եմ այդ օրը Ազատության հրապարակում` ի պաշտպանություն մարդու իրավունքների և առաջին հերթին` իշխանություն ձևավորելու ՀՀ քաղաքացիների իրավունքների»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգաիրտ Եսայանն էլ նկատեց. «Այն ողջ քննադատությունը, որ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանը, լուրջ խթան է, որ մարդիկ հետևություններ անեն:  Եթե յուրաքանչյուր կառույց նստի և մտածի, թե ինչ է արել, մենք շատ ավելի լավ իրավիճակում կլինենք»:

Դիտվել է 1594 անգամ:
Print Friendly

Leave a Reply