Հոլիվուդյան երաժշտությունը՝ Գյումրիում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 11, 2013 11:43

Ապրիլի 10-ին Գյումրիում իշխում էր դասական երաժշտությունը։ Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դահլիճում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը համատեղ ներկայացրին «Երիտասարդները երիտասարդների համար. Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։

Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց հոլիվուդյան հայտնի ֆիլմերի («Խիզախ սիրտը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում» և այլն) մեղեդիները: Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ մշակվել են Երիտասարդական նվագախմբի համար:

ՀՊԵՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ երիտասարդական նվագախումբը հաճախ է ելույթ ունենում գյումրեցի խստապահանջ հանդիսատեսի առաջ, ով կարողանում է ճիշտ գնահատել պրոֆեսիոնալ երաժշտին: Սերգեյ Սմբատյանը նշեց նաև, որ նվագախումբը որդեգրել է դասական երաժշտությունը մարզերում ներկայացնելու քաղաքականությունը, և իրենք պարբերաբար տարբեր ծրագրերով ելույթ են ունենում մարզերի երաժշտասեր հանդիսատեսի համար։

Երիտասարդական նվագախումբը «Hollywood Non-Stop» ծրագրով արդեն իսկ հանդես է եկել Վանաձորում, Եղեգնաձորում, իսկ ապրիլի 19-ին սիրված ֆիլմերի մեղեդիները կհնչեն Արտաշատում։

Երեկ երեկոյան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում (մենակատար` կլարնետահար Իգոր Ֆյոդորով (Ռուսաստան):

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 2240 անգամ:
Print Friendly

Leave a Reply