Ազգային հակամարտությո՞ւն, թե՞ քաղաքական խաղեր. եզդիների և քրդերի հակասությունը
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Մանվել Քեշիշյան | April 17, 2010 14:19Քրդերի և եզդիների միջև պայքարը հասել է բարձրակետին: Քրդերի ներկայացուցիչը դատի է տվել եզդիների առաջնորդին` արժանապատվությունը վիրավորելու մեղադրանքով: Եզդիների առաջնորդն էլ սպառնում է դատի տալ նրանց, ովքեր իրենց քուրդ կհամարեն: Ի՞նչ է սա, սրված հակասությո՞ւն, թե չափազանցված աղմուկ:
«Ազգությամբ քուրդ եմ, կրոնական պատկանելությամբ` եզդի: Քրդերը բաժանվում են տարբեր ճյուղերի` քուրդ մահմեդականներ, քուրդ եզդիներ, ալավիններ և քուրդ քրիստոնյաներ: Քուրդ եզդին, ըստ մեր հովանավոր Միհրի հասկացողության, ինքնուրույն կրոն է, իր ամբողջականությամբ ու կառուցվածքով եզակի երևույթ. ոչ մի տեղ չկա: Մահմեդականներ կան տարբեր ժողովուրդների մեջ, այնինչ եզդիներ միայն քրդերի մեջ գոյություն ունեն: Ուրիշ ազգերի մեջ եզդիներ չես կարող գտնել: Եզդիները, ապրելով մահմեդական կամ քրիստոնյա ազգերի մեջ, ինքնապաշտպանական միջոց են համարում, որ իրենց եզդի համարեն, որպեսզի չհալածվեն, չձուլվեն,- ասում է «Զագրոս» քրդական թերթի խմբագիր, գրող Ալիխանե Մամեն:
«Քրդացած եզդիներն ասում են, որ եզդի ազգ գոյություն չունի, այսինքն` եզդիները քրդական մի ճյուղ են, բայց նման բան գոյություն չունի: Եզդիները հազար տարի առաջ ունեցել են իրենց տառերը, այբբենարանը, և մենք այդ մասին խոսելու բոլոր հիմքերն ու փաստերն ունենք»,- հակադարձում է աշխարհի ու Հայաստանի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանը:
Ըստ Թամոյանի, ներկայումս Հայաստանում քրդեր չեն ապրում: 2001 թ. մարդահամարի տվյալներով` Հայաստանում ապրում էր 1519 քուրդ, ովքեր հենց նույն թվականին լքել են հանրապետությունը: Նա պնդում է, քանի որ հենց ինքն է օգնել նրանց հեռանալ. «Իրենց կամքով գնացին, վախեցան` գնացին, նրանք նույն ադրբեջանցիներն են, նույն մահմեդական ժողովուրդը, որ ժամանակին հայերին, եզդիներին կոտորել են: Վախենում էին, ասում էին` մի օր էլ կարող է հայերը մեզ կոտորեն, բայց հայերը ոչինչ չէին անում»:
Թամոյանը ցույց է տալիս,որ «կառավարությանն առընթեր ոստիկանության տարածքային անձնագրերի բաժինների տրամադրած տեղեկատվության վիճակագրական մշակման արդյունքում ստացված տվյալներով»` 2002-2008 թթ. Հայաստանի սահմանը ոչ մի քուրդ չի հատել. «Նրանք սպառնալիքի ազդեցության տակ են գնացել: Ասում են` իբրև թե Ադրբեջան են գնացել, բայց իրականում գնացել են Ռուսաստանի Սարատով և Կրասնոդար քաղաքներ: Մեզ էլ են սպառնացել, որ եթե չասենք, որ մենք եզդիներ ենք, մեզ էլ է սպասում այդ մահմեդական քրդերի ճակատագիրը»,- ասում է Ալիխանե Մամեն:
Իսկ այն պնդմանը, թե Հայաստանում քրդեր չեն մնացել, Ալիխանե Մամեն դեմ է: «Իհարկե դա բացահայտ սխալ է: 2008 թ. Ալագյազում կայացավ քրդերի ֆուտբոլի առաջնություն: Շուրջ 11 գյուղերի ֆուտբոլային թիմեր էին մասնակցում: Եթե մենք հաշվենք, որ այդ թիմերում 11-ն էլ քրդեր էին, տասնմեկ անգամ տասնմեկ ի՞նչ կանի: Մենակ Էդքան ֆուտբոլիստներ էին մասնակցում»: Ալիխանե Մամեն մարդահամարին թերահավատորեն է վերաբերում: Ըստ նրա` դա հիմնականում կատարվում է երկրի տնտեսական և կրթական բազան որոշելու նպատակով. մարդահամարի շնորհիվ չէ, որ ազգ է ձևավորվում: Թամոյանն էլ իր ազգի մասին խոսելիս դարավոր պատմությունն է հիշում: «Եզդիները աշխարհի հնագույն ժողովուրդներից են. հազար տարի առաջ գիր-գրականություն ենք ունեցել, եզդերենով գրված եզդիական սուրբ գրքեր կան, որոնք ստեղծվել են XI դարում»:
Եզդիների առաջնորդը պնդում է, որ քրդերին հովանավորում է Քրդական աշխատավորական կուսակցությունը: Նրանք ցանկանում են Հայաստանի եզդիներին ուծացնել` եզդիների պատմությունն իրենց վերագրելու համար. «Ինչպես հայերի մեջ կան աղանդավորներ, նույնն էլ դրանք են: Նրանք ժողովրդի մոտ իրենց քուրդ չեն ասում, աղանդավորների նման գաղտնի են պահում, բայց հիմա արդեն հրապարակայնորեն են ասում»: «Եզիդիզմը համարել եմ նախաիսլամական կրոն, մշակույթ: Ես ուզում էի ուսումնասիրել ու պրոպագանդել, որ ինքն էլ իմանար, որ իր ժողովուրդը ոչ միայն իսլամ է դավանում, այլև նախաիսլամական մշակույթ ունի: Այն էլ այնպիսին, ինչպիսին զրադաշտությունն է»,- հավաստում է նրա ընդդիմախոսը:
Եզդիները Հայաստանի քրդերի լեզուն հասկանում են, իսկ երբ նայում են քրդական հեռուստատեսություն, չեն հասկանում: Հայաստանում հեռարձակվող ռադիոն էլ, ըստ նրանց, եզդերեն է. «Քրդերը խոսում են մի քանի բարբառով` գորանի, սորանի և այլն, որոնք եզդիներին անհասկանալի են: Լատինատառ քրդական այբուբենում օգտագործվում է եզդիների լեզուն: Հիմա որ քրդերը խոսում են, մենք նրանց չենք հասկանում, բայց Հայաստանում հեռարձակվող քրդական ռադիոն եզդերեն է: Հայաստանում բնակվողները,որոնք իրենց քուրդ են համարում, խոսում են եզդերեն ու դա համարում են քրդական լեզու»: Իսկ քրդերը համարում են, որ եզդերեն` որպես առանձին լեզու, գոյություն չունի. «Էդպիսի հասկացություն չկա: Խոշոր լեզվաբանները չեն ճանաչել այդպիսի լեզու: Նրանք խոսում են քրդերենի կուրմանջի բարբառով, ինչպես ես: էթնիկ քուրդ ենք, խոսում ենք կուրմանջի բարբառով, որով խոսում է քրդերի 70 տոկոսը»:
Հակամարտող կողմերի գլխավոր ընդհանրություններից մեկը Հայաստանի քաղաքացիությունն է: Սակայն դա էլ է դարձել ոչ պակաս թեժ բանավեճի պատճառ. թե ով է պատմության ընթացքում հայերի համար եղել բարեկամ, ով թշնամի, թե ներկայում հայերին հենց ում հետ է պետք բարեկամություն անել: «Մեր բնօրրանը գտնվել է Իրաքի հյուսիսային մասում: Այն կոչվել է Եզդիստան: Այդտեղ է եղել մեր սրբավայրը: Ցեղասպանության տարիներին 6 հազար հայ ընտանիք ապաստան է գտել այնտեղ: Հետո քրդերի ղեկավար Ադիբեկը Թուրքիայի հրամանով պահանջեց 6 հազար հայերին հանձնել թուրքերին: Եզդիները չհամաձայնեցին, 35 օր կռիվ արեցին քրդերի դեմ, բայց հայերին չհանձնեցին»: «Մեր բարեկամությունը հայերի հետ շատ հին է, մենք դեռ էն թվերին հայերի հետ դաշնակից ենք եղել ընդդեմ ասորիների»,- ասում է Ալիխանե Մամեն:
Հակասությունն ավելի է թեժանում ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ: Ազիզ Թամոյանը ստեղծել է օրացույց, որում ներկայացված են ղարաբաղյան պատերազմի զոհերը: «Այդ տարիներին իմ հրամանատարության ներքո 500 հոգու տարել եմ Ղարաբաղ: Երեսուն հոգուց ավելի զոհ ենք ունեցել: Սա է եղել մեր բարեկամությունը, իսկ քրդերը մեզ կոտորել են»,- ասում է նա: «1990-94 թթ. մենք Կարմիր Քուրդիստանի շարժումն էինք անում, օջալականներին էինք բերել մեզ օգնության, կռվում էինք` տարածքները գրավելու համար: Ես էի ղեկավարում մեր ջոկատի կռիվը, իսկ մասնակիցների թիվը գաղտնիք է: Ես մի երեխա ունեմ, որը ծառայել է Հայոց բանակում ու հպարտ եմ դրա համար»,- ասում է Ալիխանե Մամեն:
Վերջերս «Զագրոսի» խմբագիրը տպել է լատինատառ քրդերեն այբուբեն:
Ըստ նրա` այն գյուղերում, որտեղ քրդական համայնքը խիտ է, դպրոցներում դասավանդվում է քրդերեն:Դրանց մեծ մասը Արագածոտնի մարզի գյուղեր են: Սակայն Թամոյանը դրա դեմ էլ փաստաթուղթ ունի` Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման մարմինների տարածքային գործունեությունը համակարգող վարչության պետի 19.01.2009 թ. ստորագրությամբ: Ըստ այդ փաստաթղթի` Արագածոտնի մարզում համայնքային կազմակերպություններ և կենտրոններ չկան:
Ըստ Ալիխանե Մամեի` այբբենարանի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Այն ձեռք բերելու ցանկություն են հայտնել Թուրքիայի հետ կապ ունեցող որոշ տուրիստական կազմակերպություններ:
Իսկ ըստ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի` քրդերենն ու եզդերենը դասավանդվում է նաև ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնում: Գառնիկ Ասատրյանը նաև իր կարծիքը հայտնեց այս հարցի վերաբերյալ. «Ընդհանրապես, եզդի-քուրդ խնդիրը պետք է դիտարկել մարդու իրավունքների կտրվածքով: Ամեն մարդ իրավունք ունի իրեն ինչ ուզի համարելու: Քուրդը իրավունք ունի իրեն քուրդ համարելու, եզդին` եզդի: Այդ թվում այն եզդին, որն իրեն քուրդ է անվանում, նույնպես իրավունք ունի իրեն քուրդ անվանելու: Որևէ մեկը իրավունք չունի խառնվելու այդ գործերի մեջ: Այս հարցում դեր չի խաղում ո՛չ լեզուն, ո՛չ պատմությունը»: Գառնիկ Ասատրյանը նշում է սերբերի և խորվաթների օրինակը: Նրանք խոսում են մի լեզվով, ունեն ընդհանուր մշակույթ, բայց` տարբեր ազգային պատկանելություն. «Այնպես որ, այս խնդիրը պետք է լուծվի մարդու իրավունքների կտրվածքով: Հատկապես Հայաստանում նրանք միշտ լավ են ապրել: Մենք երկու ազգերի հանդեպ միայն համակրանք ենք տածում»:
Ալիխանե Մամեն նշում է, որ իրենց մեջ ոչ մի վեճ էլ չկա: Իսկ այս ամենը գալիս է նախկինում եղած քաղաքական խաղերից: Մշակույթը, սովորույթը նույնն են:
Իսկ եզդիները քրդերից պահանջ ունեն: 2005 թ. եզդիները հարց են բարձրացրել Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի առջև` փոխհատուցում պահանջելով 1915-1918 թթ. Օսմանյան կայսրության մոտ կես միլիոն եզդիների կոտորածի, կրած կորուստների համար:
Վերջերս` մի քանի շաբաթ առաջ, եզդիների համայնքը հանդիպել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան ներկայացուցիչների հետ` փորձելով ապացուցել եզդիների ազգային պատկանելությունը: Նրանք պետք է գյուղերում մոնիթորինգ իրականացնեն և հայտնեն իրենց տեսակետը:








Facebook
Tweet This
Email This Post
