Ուրուգվայում օրինականացրել են միասեռ ամուսնությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 10:13

Ներկայացուցիչների պալատը (Ուրուգվայի խորհրդարանի ստորին պալատը) ապրիլի 10-ին քվեարկել է միասեռ ամուսնությունների օրինականացման օգտին: Կողմ է քվեարկել խորհրդարանի 92 անդամից 71-ը:

Ավելի վաղ, ապրիլի սկզբին օրենքը Ուրուգվայի սենատը հավանության էր արժանացրել: 10 օրվա ընթացքում այն պետք է ստորագրի նաև երկրի նախագահ Խոսե Մուխիկան, որը միշտ էլ պաշտպանել է միասեռ ամուսնությունների օրինականցման գաղափարը:

Նոր օրենքի համաձայն, միասեռ ամուսնություն կնքածները պետք է այն նույն իրավունքներն ունենան, ինչ ավանդական ամուսնություն կնքածները, այդ թվում` երեխաների որդեգրում, ինչպես նաև արհեստական ճանապարհով բեղմնավորում: Իսկ ամուսնական պայմանագրում (ինչպես միասեռ, այնպես էլ ավանդական) “ամուսին” և “կին” բառերի փոխարեն կօգտագործվի  չեզոք` “պայմանագրի մասնակիցներ” եզրը:

Բացի այդ, օրենքը թույլատրում է նաև օտարերկարցիներին Ուրուգվայում միասեռ ամուսնություններ կնքել:

Նոր  օրենքն  ուղղումներ է մտցրել նաև ամուսնալուծությունների կարգում, որը միայն  կանանց էր թույլ տալիս ամուսնալուծվել` միակողմանի կարգով: Նոր նորմերի համաձայն, կողմերից ոչ մեկն առանց մյուսի համաձայնության չի կարող ամուսնալուծվել: Բացի այդ, նոր օրենքը ամուսնության տարիքը ևս փոփոխել է` կանանց համար 12 և տղամարդկանց համար թույլատրելի 14-ից հասցնելով երկուսի համար էլ 16-ի:

Ուրուգվայը Լատինական Ամերիկայում երկրորդ երկիրն է, որտեղ թուլատրված են միասեռ ամուսնությունները: 2010-ին նման միությունները թույլատրվել էին Արգենտինայում:

Դիտվել է 1615 անգամ:
Print Friendly

Leave a Reply