«Կրեդիտային համակարգը նոր է և շատ բան դեռ պետք է փոխվի»

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 14, 2010 18:35

Տեսարան ԵՊՀ բակից

18-ամյա Հասմիկը և 17-ամյա Արամայիսն արդեն մեկ տարի է` համալսարանական կրթության մասին խոսելիս  գրեթե միշտ վեճի են բռնվում: Հասմիկը սովորում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, իսկ Արամայիսը` պետական բժշկական համալսարանում: Երկուսն էլ առաջին կուրսեցիներ են: Երկու բուհերի ուսուցման կազմակերպման գործընթացն ու գնահատման համակարգը տարբեր են, ինչը և քույր ու եղբոր մեջ հաճախ թյուրընկալումներ է առաջացնում:

«Մենք, տարվա ընթացքում երկու գրավոր քննություն հանձնելով,  կարող ենք վերջում բանավոր քննությանը  չմասնակցել, իսկ եղբորս համալսարանում հանրագումարային քննությանը մասնակցելը պարտադիր է: Տարբեր են նաև գնահատման համակարգերը. մանկավարժականում այն 20-բալանոց է, բժշկականում՝ 10»,- ասում է Հասմիկը՝ մատնանշելով թյուրըմբռնումների հիմնական պատճառները:

Հասմիկի և Արամայիսի մայրը` տիկին Հերմինեն, ասում է, որ բուհերում կիրառվող ուսուցման նոր  համակարգը բարդացնում է ծնողների գործը. «Ամեն համալսարան մի մոտեցում է որդեգրել, և ծնողը ստիպված է տիրապետել բոլոր համալսարանների ուսուցման և գնահատման համակարգերի նրբություններին, որտեղ սովորող երեխա ունի»: Հերմինեն, սակայն, արդեն համակերպվել է այս իրավիճակի հետ: Նա, չնայած խնդիրներին, ուսուցման նոր համակարգն ավելի արդյունավետ է համարում. «Հիմա ամեն օր դաս են սովորում, ծրագիրն ավելի հիմնավոր են յուրացնում, նախորդ համակարգի նման վերջին մի քանի օրվա  մեջ չեն տարվա ծրագիրը յուրացնում»:

Արևմտյան և Բոլոնյան համաձայնագրի երկրներում կիրառվող կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը կոչված է կարգավորելու ուսանողի տարեկան ծանրաբեռնվածությունը, ապահովելու համընդհանուր չափանիշներով կրթություն, ուսանողների մոբիլություն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Կրեդիտային համակարգը նաև  ենթադրում է, որ պետք է կիրառվի գնահատման բազմագործոնային համակարգ, և ուսանողը պետք է գնահատվի ոչ թե տարին մեկ կամ երկու անգամ, այլ ամեն օր և մի քանի բաղադրիչներով, ինչպես նաև պետք է տարվա ընթացքում մի քանի անգամ քննություն հանձնի: Ուսուցման նոր համակարգը մեծ տեղ է տալիս ուսանողի ազատությանը և ինքնուրույնությանը: Ըստ այդմ` ուսանողը պետք է հնարավորություն ունենա առարկաների պարտադիր և ոչ պարտադիր ցանկից ընտրելու, թե որ առարկաները պետք է ուսումնասիրի: Արևմտյան երկրներում ուսանողը կարող է ընտրել նաև դասախոսներին: Բացի այդ, ուսանողին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն իրականացնելու լաբորատոր և գործնական աշխատանքներ:

Կառավարության որոշմամբ, ուսուցման կրեդիտային համակարգը բուհերում ներդրվել է դեռևս 2007-2008 ուսումնական տարուց: Իսկ 2010-2011 ուսումնական տարում հայաստանյան բոլոր բուհերը պետք է արդեն ավարտեն կրեդիտային համակարգին անցման գործընթացը:

Արդեն երրորդ տարին կիրառվող ուսուցման համակարգի մասին, սակայն, ուսանողները շատ քիչ բան գիտեն: Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Հասմիկն, օրինակ, կրեդիտային համակարգն այսպես է բնորոշում.«Էդքան էլ գլուխ չեմ հանում: Գիտեմ, որ ամբողջ տարվա ընթացքում պիտի լավ սովորենք, բարձր գնահատականներ ստանանք,  որ վերջում կարողանանք նաև ռոտացիային մասնակցել»: Իսկ պետական լեզվաբանական համալսարանի ՕԼՖ ֆակուլտետի   1-ին կուրսի ուսանողուհի Աննան կրեդիտային համակարգը բնորոշում է որպես ողջ տարվա ընթացքում սովորելու և վերջում քննությանը չմասնակցելու հնարավորություն:

Որոշ ուսանողներ նշում են, որ հաճախ կրեդիտային համակարգը ձևական բնույթ է կրում և ուսանողի սովորելուն նպաստելու փոխարեն, ավելի է ծանրաբեռնում նրան ու խոչընդոտում սովորելը: ԵՊՀ ուսանողուհի Անուշ Անանյանը, որ բակալավրիատում կրթություն է ստացել նախկին ուսուցման համակարգով, իսկ այժ մագիստրատուրայում կրթվում է կրեդիտային համակարգով,   ասում է, որ տարեվերջում գրեթե ամեն օր քննություն ունեն, և մեկ օրվա մեջ տարեկան ծրագրի մեծ մասը յուրացնելով ստացած գիտելիքները մնայուն չեն. «Ամբողջ տարին ծանրաբեռնված ենք, բայց տարեվերջում էլ ենք ճռռում: Տարվա ընթացքում սեմինարների միջոցով պետք է հստակ միավորներ հավաքենք, բայց գործնական ժամերը քիչ են, և ամեն մարդու սեմինարին պատասխանելու հնարավորություն չի տրվում: Այդ դեպքում 20-ի  հույս չես կարող ունենալ»:

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանն ասում է, որ կրեդիտային համակարգն ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր. «Կրեդիտային համակարգը շեշտն ավելի շատ դնում է առարկաների, ծավալի և ժամաքանակի վրա: Համակարգի առավելությունն այն է, որ այն  ունիֆիկացված է, այսինքն՝ հեշտացվել է  ուսանողների մոբիլության հարցը»:

Հովհաննիսյանը կարծում է, որ կրեդիտային համակարգի շրջանակներում կիրառվող գնահատման համակարգն ավելի քիչ զգայունակ է, քան նախորդը,  չնայած ուսանողին գնահատում են մի շարք չափանիշներով. հաճախելիություն, ակտիվություն, ինքնուրույն աշխատանք և այլն: «Կրեդիտային համակարգն առաջարկում է տարվա ընթացքում 4 անգամ ստուգել ուսանողի գիտելիքները` ամեն անգամ առավելագույնը 4 միավոր նշանակելով: Եվս չորս միավոր ուսանողը ստանում է տարվա ընթացքում դասերին ներկայությունից: Եթե ուսանողը տարվա ընթացքում բացակայություններ չունենա և ամեն քննությունից ստանա 0.5 միավոր (կլորացվում է հօգուտ ուսանողի և դառնում 1), վերջում կստանա դրական գնահատական: Այսինքն՝ իջեցվել է  պարտադիր գիտելիքների նվազագույն շեմը»,- ասում է Հովհաննիսյանը:

ԿԳՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը դժվարացավ մատնանշել, թե կրեդիտային համակարգի կիրառման ընթացքում ինչ խնդիրներ և թերություններ են առաջ եկել: «Նախարարի հրամանով ստեղծվել է ՀՀ պետական բուհերում կրեդիտային համակարգի ներդրման ուսումնասիրություններ կատարող հանձնաժողով, որը  հիմա մոնիթորինգ է կատարում բուհերում: Բոլոր բուհերին ուղարկվել է 21 հարցից բաղկացած  հարցաշար, որը մանրամասն տվյալներ է պահանջում, թե ինչ ուղղությամբ է ներդրված կրեդիտային համակարգը,- ասում է Մելիքյանը:- Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում  այդ տվյալները կամփոփենք»:

Մելիքյանը ներկայումս որոշ բուհերում բացթողում է համարում այն, որ նույն նյութի յուրացման աստիճանը պարզելու համար ուսանողը քննություն է հանձնում և՛ տարվա ընթացքում, և՛ տարեվերջին: «Համակարգը նոր է, և շատ բան դեռ պետք է փոխվի»,- ասում է նա:

Անդրադառնալով բուհերում կիրառվող կրթական մեթոդների տարբերություններին` Մելիքյանն ասում է, որ ԿԳՆ-ն մշակել է բոլորի համար պարտադիր չափանիշները, որոնք բխում են ECTS  համակարգից (կրեդիտների կուտակման ընդհանուր եվրոպական համակարգ): Օրինակ` ուսանողն ամեն կիսամյակում պետք է հավաքի 30 կրեդիտ, իսկ ամեն տարի` 60, բակալավրի աստիճան ստանալու համար պետք է ունենա առնվազն 240 կրեդիտ, իսկ մագիստրոսի կոչման համար` 60-120: «Այդ չափանիշները  պարտադիր են բոլորի համար, սակայն  բուհերը նաև ազատություն ունեն: Այսինքն՝ պետք է  պահպանեն  գլխավոր սկզբունքները, սակայն դրանց իրականացման մեթոդները կարող են տարբեր լինել»:

Մելիքյանն ասում է, որ բուհերում կիրառվող տարբեր մոտեցումները չեն խոչընդոտում բուհից բուհ ուսանողի տեղափոխվելու գործընթացը: «Կարևորը համակարգերի համադրելիությունն է, որն ապահովվում է փաստաթղթերը ակադեմիական սահմանված ստանդարտով լրացնելով»:

Առաջիկայում նախատեսվում է նաև ուսանողներին ընտրության հնարավորություն ընձեռել (այժմ ուսանողները որոշ չափով իրավունք ունեն կամընտրական մի քանի  առարկաների միջև ընտրություն կատարել): «Հեռանկարում ուսանողներին կտրամադրվի դասախոսների և առարկաների ընտրության լայն հնարավորություն: Առայժմ բավարար հնարավորություններ չունենք, բայց առաջիկայում պետք է հասնենք դրան»:

Դիտվել է 4588 անգամ:
Print Friendly

Leave a Reply