Ղարաբաղյան հարցը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում. երկընտրանք – 3

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 16, 2010 17:47

Սկիզբը` տե’ս այստեղ

Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների բոլոր փուլերում Հայաստանի իշխանությունները հաճախ են կանգնել երկընտրանքի առջև: Բայց արդյունքում հայկական կողմի համար երկընտրանքները եղել են ապակառուցողական, այսինքն`

1. (Եթե X, ապա Y), և (եթե W, ապա Z)

2. Ոչ Y, կամ ոչ Z

3. Հետևաբար` ո՛չ X, կամ ո՛չ W:

Այլ կերպ ասած, խնդիրը եղել է անլուծելի,  և անկախ երկընտրանքի բովանդակությունից` արդյունքը հայկական կողմի համար անընդունելի է համարվել:

Միջազգային հանրությունը միշտ փորձել է կառուցողական երկընտրանքներ առաջադրել կողմերին: Հիմա, հատկապես, էներգառեսուրսների անվտանգությամբ ու տարածաշրջանի խաղաղությամբ շահագրգռված գերտերություններն անհարիր շտապողականություն են ցուցաբերում խնդրի կարգավորման ուղղությամբ` կողմերին դնելով կառուցողական երկընտրանքի առջև, այսինքն`

1. (Եթե X, ապա Y) և (եթե W, ապա Z)

2. X կամ W

3. Հետևաբար` կա՛մ Y, կա՛մ  Z:

Տեսությունը, այս տեսակը սահմանելով որպես կառուցողական, թերևս չի նկատել տարբեր հակամարտությունների առանձնահատկությունները:

Ղարաբաղի հարցում «ոչ X, ոչ W» կամ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրույթը փորձել վերափոխել ու կառուցողական դարձնել, նույնն է, ինչ հանգեցնել նոր պատերազմի, քանի որ «կամ Y, կամ Z»` «կամ պատերազմ, կամ խաղաղություն» տարբերակի  դեպքում  ո’չ Հայաստանը, ո’չ Ադրբեջանը ի վիճակի չեն ընտրելու խաղաղությունը, որովհետև խաղաղության  գինն անընդունելի է հանրությունների համար:

«Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակում 16 տարի կողմերը բանակցել են ապարդյուն: Ադրբեջանն ու միջազգային հանրությունը Հայաստանին առաջարկել են դուրս բերել ղարաբաղա-հայկական ուժերը ազատագրված տարածքներից և դրանք վերադարձնել Ադրբեջանին: Հայաստանը միշտ մերժել է: Եվ դա բնական է, ինչպես գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն է նշել. «Մեկը պիտի ուզի, մեկն էլ չտա. հիմա էլ մենք այդ իրավիճակում ենք»:

Տվյալ ժամանակշրջանը կարելի է նաև ձեռնտու համարել հակամարտող կողմերի համար. այս ընթացքում նրանք պետք է զարգացնեին իրենց ռազմական, տնտեսական ներուժը և մրցակցության մեջ մտնեին, ինչն էլ արել են: Այժմ թերևս մոտենում է վերահաշվարկների ժամանակը, որն  իր հերթին հանգեցնում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղության» ավարտին:

Այս ողջ ընթացքում կողմերը ձախողվել են մի կարևոր հարցում` ժողովրդի մեջ խաղաղասիրություն ու համակեցություն քարոզելու մեջ: Մասնավորապես, Ադրբեջանի  ղեկավարությունն իր ռազմաշունչ հայտարարություններով ու բանակցային ապակառուցողական վարքագծով սեփական ժողովրդի շրջանում պատերազմասեր սոցիալական կլիմա է ձևավորել:

Իսկ յուրաքանչյուր նոր պատերազմի համար քաղաքական ու ռազմական քարոզչությունը կարևոր բաղադրիչ է, այն զայրույթ ու ատելություն է բորբոքում և մղում ագրեսիայի: Այդ ռազմավարությունն առնվազն երկու նպատակ ունի. այնպես անել, որ բանակը հավատա այն բանին, ինչ պետք է անի, և երկրորդ` «հրապուրի» հասարակությանը` աջակցելու իր կառավարության պատերազմական քաղաքականությանը:

Փորձը ցույց է տալիս, և ղարաբաղյան հակամարտության դեպքը վերահաստատեց, որ ինքնորոշման համար մղված պատերազմները հեշտ չեն ավարտվում: Արդարության պահանջն ու անվտանգության մտահոգությունը դժվարացնում են փոխզիջումը: Այս դեպքում Ղարաբաղյան հակամարտությունը կա՛մ կարող է շարունակվել և սառեցվել Կիպրոսի խնդրի նման, կա՛մ, որ ավելի հավանական է, պարբերական ռազմական բախումներ ու պատերազմներ կլինեն, ինչպես արաբաիսրայելական դեպքում:

Փորձագետների ենթադրությամբ, ավելի հավանական է, որ ռազմական հնարավոր բախումը ադրբեջանա-ղարաբաղյան ճակատում երկար չտևի, քանի որ միջազգային հանրությունն այն կկասեցնի: Տարածաշրջանում շահագրգիռ ուժային բևեռներն ասես հաստատում են այս թեզը` նշելով, որ Ղարաբաղի հարցի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա: Փաստ է, որ նոր պատերազմը հարցականի տակ կդնի ներդրումային նախագծերն ու էներգառեսուրսներ տեղափոխող խողովակաշարերը:

Բայց մենք գիտենք, որ պատերազմ սկսելն ավելի հեշտ է, քան այն կասեցնելը: Բացի այդ, չպետք է բացառել, որ նոր պատերազմը գուցե հանգեցնի ղարաբաղա-հայկական ուժերի` դեպի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ մուտքի` սպառնալով Գյանջային (Ադրբեջանի երկրորդ մեծ քաղաքը, որը շփման գծից մոտ 30-40 կմ հեռավորության վրա է): Կամ, ինչպես գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն է նշել, Ադրբեջանի նոր պատերազմը «կավարտվի Բաքվում»: Ղարաբաղա-հայկական ուժերի հնարավոր գրոհները Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքների ու խողովակաշարերի վրա (այդ թվում Մարտակերտից 50 կմ հեռավորության վրա գտնվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին) նույնպես չի բացառվում:

Ի վերջո, նոր պատերազմը քաղաքական քաոս կառաջացնի Ադրբեջանում: Պատերազմի տեսությունը ցույց է տալիս, որ կորստի վախը հաճախ հանգեցնում է պատերազմում իրական կորստի: Այս առումով, ելնելով վերը նշված Ադրբեջանի հնարավոր կորուստների ու դրանց կապակցությամբ ադրբեջանական վախի հանգամանքներից, ենթադրվում է, որ Ադրբեջանը պետք է լուրջ մտահոգվի հնարավոր իրական կորստի վախից ու պատերազմի չգնա:

Բայց կա և վախի այլ` հակառակ ուղղությամբ դրսևորման հնարավորություն: Եթե սահմանենք Ադրբեջանի կողմում հայկականի նկատմամբ մշտական դարձած վախի գործոնը, ուրեմն չի կարելի բացառել նաև պատերազմով այդ վախը հաղթահարելու տարբերակը:

Եվ իսկապես, շատ հաճախ պատերազմների նախաձեռնության համար հիմնարար դրդապատճառներ են դառնում այնպիսի անչափելի գործոններ, ինչպիսին է, օրինակ, էմոցիոնալ գործոնը (Սահակաշվիլիի դասական օրինակով): Ադրբեջանի դեպքում չի բացառվում «խելքին  փչելու» սկզբունքով որոշում ընդունելու տարբերակը: Սրա փորձը կա ռազմաճակատներում որոշումներ ընդունելու օրինակներում, հատկապես ավիացիայի ոլորտում (բրիտանական բանակը նույնպես ունի դրա փորձը):

Այս ամենով հանդերձ, հստակ գործոններ կան, որ խոսում են Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի վերսկսման հնարավորության մասին: Պատերազմաշունչ հայտարարությունները զուգորդվել են ռազմական բյուջեի աննորմալ աճի հետ: Իսկ զինված ուժերի վերազինումն ու արդիականացումը համատեղվել է ռազմական ստուգումների փորձերով (2008 թ. մարտին և նոյեմբերին, 2010 թ. մարտին, հնարավոր է և` 2010 թ. ամռանը):

Իսկ սոցիալ-տնտեսական հիմնախնդիները, որ ամենայն հավանականությամբ կծառանան Ադրբեջանում 2012-13 թթ. նավթային եկամուտների կրճատմանը զուգընթաց, նույնպես կարող են պատերազմի վերսկսման հիմք դառնալ. այսինքն` «արտաքին թշնամու» դեմ պատերազմով հասարակության ուշադրությունը շեղել այդ խնդիրներից:

Ի վերջո, այնպիսի կարևոր գործոն, որը կարող էր հարցականի տակ դնել պատերազմի վերսկսումը, այն է` խաղաղության պայմանագիրը, բացակայում է: Այդպիսի պայմանագրի չգոյությունը միգուցե ամենացայտուն գործոնն է, որով կարելի է պայմանավորել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի վերսկսման հնարավորությունը:

Պետք է նշել, սակայն, որ այս բոլոր գործոններն ու պայմանները, թեև վկայում են պատերազմի հնարավորության մասին, դեռ չեն հաստատում այն: Այլ կերպ ասած, դրանք «անհրաժեշտ, բայց ոչ բավարար» պայմաններ են պատերազմի սկսման համար: Բայց ասել, թե «այս պահին պատերազմի վտանգ չկա, կան պարզապես պատերազմի սպառնալիքով արտահայտված հետևողական ճնշումներ» (ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյան), նպատակահարմար չէ:

Իսկ եթե ընդունենք, որ պաշտպանության ու ազգային անվտանգության տեսության մեջ կան «վտանգ» և «սպառնալիք» հասկացություններ, որոնք իրենց հերթին, ըստ զարգացության կամ ձևավորվածության աստիճանի, լինում են երկու տեսակի` պոտենցիալ և իրական, ապա ներկա իրավիճակում տրամաբանական կլիներ խոսել Ադրբեջանից եկող սպառնալիքի, և ոչ թե վտանգի մասին:

Եթե անգամ հաշվարկներն իրոք ցույց են տալիս, որ սպառնալիք չկա (ինչը չափազանց կասկածելի է), ուրեմն նպատակահարմար կլիներ խոսել իրական վտանգի մասին:

Բայց փաստ է, որ վտանգ միշտ էլ կա. զինադադարի խախտման դեպքերն ու հատկապես խաղաղության պայմանագրի բացակայությունը հենց դրա մասին են ահազանգում. այդ վտանգը 1994 թվականից մինչ օրս կա: Այսպիսով, քննարկման հարց պետք է լինի Ադրբեջանի կողմից մշտապես առկա վտանգի` սպառնալիքի վերածման կամ սպառնալիքի պոտենցիալից իրականի վերածման հարցը:

Ավելի որոշակի, կարծում ենք, ներկա պահին Ադրբեջանի կողմից կա ոչ թե իրական վտանգ, այլ պոտենցիալ սպառնալիքի իրական դառնալու հնարավորություն:

Այսուհանդերձ, չի կարելի հիսթերիա առաջացնել հանրության մեջ` խոսելով Ադրբեջանի կողմից իրական սպառնալիքի «կոլապսային» էության մասին, բայց նաև չպետք է ադրբեջանական ագրեսիան միֆ որակել: Ինչպես ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նշեց, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ «մենք դա չենք ուզում հասկանալ»:

Այս առումով չպետք է անկարևոր համարել հնարավոր պատերազմով ստեղծվելիք խուճապի ու խուճապային անկարգության տևականության հնարավոր հետևանքների կանխատեսումն ու դրանց կանխարգելմանն ուղղված միջոցների ձեռնարկումը: Մանավանդ, երբ Ադրբեջանը մերժում է Հայաստանի նախագահի` խաղաղության պայմանագիր ստորագրելու կոչը, իսկ Ադրբեջանի կողմից ռազմաշունչ հայտարարություններին ի պատասխան` հայկական կողմը կառուցողական վարքագիծ է որդեգրել, ինչն իր հերթին էապես ազդում է հայության բարոյահոգեբանական վիճակի վրա:

Պետք է գիտակցել, որ եթե դիվանագիտությունը համարվում է պետության ուղեղը, ուրեմն ազգի բարոյահոգեբանական վիճակը պետության ոգին է` նրա նյարդային-հոգեբանական մասը, իսկ դրանք միմյանց անհրաժեշտորեն փոխլրացնում են: Պետության ուղեղը պետք է հաշվի առնի ազգի էմոցիոնալ կողմը, այն, որ հասարակությունը (մասնավորապես այն խումբը, որը պատերազմում անմիջական ներդրում է ունեցել կամ հիմա ապրում է Ադրբեջանի հետ շփման գծի մոտ) զուտ  զգայական է գնահատում զիջումների մասին ցանկացած հայտարարություն:

Պետության որակյալ դիվանագիտության գործառնման համար հայության բարոյահոգեբանական բարձր վիճակի ապահովումը պետք է սահմանվի որպես կենսականորեն կարևոր սկզբունք: Առանց այն էլ այդ ոգու «եռատվածությունը»` պայմանավորված Ղարաբաղի և Սփյուռքի առկայությամբ, հիմնախնդիր է:

Սրանից գուցե ենթադրվի, թե եթե Հայաստանի փոխզիջումային կամ կառուցողական համարվող արտաքին քաղաքական վարքագիծը հետևանքներ ունի բարոյահոգեբանական դրության վրա, ուրեմն հակառակ` ապակառուցողական կամ չոր վարագիծը դրական արդյունք կունենար: Այս տեսակետի կարգախոսը թերևս կլիներ Բրիտանական Dragonforce մետալ խմբի «Պատրաստվիր պատերազմի» երգը կամ դրա ավելի մասնավոր դեպքը` «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» (լատ. Si vis pacem, para bellum) բանաձևը: Այսօրինակ տրամադրություն հանրության միջավայրում արդեն զարգանում է, որը նաև հղի է վերածվելու «Եթե խաղաղություն ես ուզում, ուրեմն պատերազմ մղիր» (լատ.` Si vis pacem fac bellum) տրամադրության:

Խնդիրը, սակայն, կարծում ենք` այլ կերպ պետք է դրվի: Ինչպես ցույց տվեցինք, նոր պատերազմի դեպքում, անկախ հաղթանակից, ստանալիք պայմանական միավորը «0» է` իր հետևանքներով հանդերձ (Ղարաբաղյան հարցը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում. երկընտրանք – 2», տե՛ս «Անկախ»-ի նախորդ համարը): Իսկ վարորդների երկընտրանքի դեպքում առաջարկեցինք չգնալ բախման ու ընտրել այնպիսի հարթ ճանապարհ, որ շահած կարգավիճակ ունենաս (Ղարաբաղյան հարցը “ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում. երկընտրանք”, (տե՛ս «Անկախ»-ի մարտի 26-ի համարը):

Խնդիրը ոչ այնքան իդեալական, որքան պրագմատիկ հարթության վրա է. հաղթել  առանց բախման կամ այնպես անել, որ հակառակորդը չուզենա հարձակվել: Խնդիրը նաև չի ենթադրում պացիֆիստական կոչ, թեև պացիֆիստները չեն էլ բացառում ինքնապաշտպանության համար ուժի կիրառումը: Այսուհանդերձ, պացիֆիզմը նաև չի պնդում «եթե խաղաղություն ես ուզում, ուրեմն տարածք տուր» դրույթը: 1990-ականներից ձևավորված «խաղաղության դիմաց տարածք տալու» այդ դրույթը դեգրադացված պացիֆիզմի դրսևորում է, որը ներկա պայմաններում հանգեցնելու է նոր պատերազմի:

Կարծում ենք, որ մեր խնդիրը չպետք է լինի խաղաղություն կամ պատերազմ ուզել-չուզելը, ներկա պայմաններում կարևորագույն խնդիրը պետք է լինի պետություն-հասարակություն փոխհարաբերություններում արդյունավետ փոխադարձության ապահովումը` Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք եռամիասնական համակարգով: Հրամայական է ողջ հայության ընդհանուր մոտեցումը Ղարաբաղի հարցին: Ընդհանրության այս սկզբունքի դեպքում միայն կհաջողվի պետության պրագմատիկ դիվանագիտությունը, իսկ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնության ձախողման հնարավորության դեպքում` այդ ընդհանրության համոզմունքով զինված հանրային երաշխավորությունը կապահովի դիվանագիտության շարունակությունն այլ միջոցներով:

Դիտվել է 2432 անգամ:
Print Friendly