Նախագահն ընդունել է Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 10, 2013 20:45

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակին:

Նախագահը երկկողմ կապերի ամրապնդման ու զարգացման գործում կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, խթանում են հարաբերությունները բոլոր մակարդակներում: Նշելով, որ հաճույքով է հիշում պարոն Լայչակի հետ իր նախորդ հանդիպումը, երբ կառուցողական մթնոլորտում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգը, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նրա հերթական այցը մեր երկիր նույնպես արդյունավետ կլինի և նոր շունչ կհաղորդի հայ-սլովակյան համագործակցությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում:

Միրոսլավ Լայչակը հանդիպման սկզբում շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու և ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ, փոխանցել նաև Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն այդ կապակցությամբ:

Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարարն անդրադառնալով նախօրեին երդմնակալության արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում ներկայացված Հայաստանի առաջնահերթություններին՝ կարևորել է դրանք և հաջողություններ մաղթել մի շարք ուղղություններով իրականացվելիք աշխատանքներին ու բարեփոխումներին, վստահեցրել, որ այդ հարցում, ինչպես նաև եվրաինտեգրման գործընթացում Հայաստանը կարող է ապավինել Սլովակիայի աջակցությանը:

Զրուցակիցները հայ-սլովակյան երկկողմ հարաբերություններից բացի, քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է միջազգային կառույցներում փոխգործակցության խորացումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:

Դիտվել է 2945 անգամ:
Print Friendly

Leave a Reply