«Ցավոք, դեպքը տեղի է ունենում, հետո նոր որոշում ենք ընդունում». Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2013 20:46

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Շիրակի մարզի Հովհանի և Վահրամաբերդ գյուղերի միջև ընկած տարածքում՝ ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությանը, որի հետևանքով երկու անչափահասներ էին զոհվել` նկատելով, որ «քաղաքական այս աղմուկի մեջ մի տեսակ ստվերվեց այդ ողբերգությունը»:

Նա բարձրացրեց 2 խնդիր` մեղավորներին գտնելն ու հետագայում նման դեպքերի կանխարգելումը. «Այդ բաց դաշտում դեպքեր հաճախ են լինում են` էլեկտրահարվում են, պայթում են, նռնակներ` ինչքան ուզեք թափված»,-ասաց պատգամավորը:

Բարձրացված հարցին պատասխանեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով` տվյալ վայրը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ունի 3 կմ լայնություն և 9 կմ խորություն. «Այդ տարածքի համար Ռուսաստանի Դաշնության համապատասխան հրամանատարությունը որոշակի պայմաններ է ստեղծում` տեղի բնակչությանը զգուշացնելու առումով: Բացի այդ, տարածքը շրջափակված է»:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ այսօր իր հետ են հանդիպել Ռուսաստանի 102 բազայի հին և նոր հրամանատարները և կրկին քննարկել են տեղի բնակչությանն այդ վայրեր մուտք գործելն արգելելու հարցը. «Դեպքը տեղի է ունեցել նաև երկաթե թափոն կամ ալյումին հավաքելու հետևանքով»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Արամ Մանուկյանը, սակայն հակադարձեց նախարարի հայտարարությանը, թե տարածքը ցանկապատված է. «Ընդամենը մի արգելափակոց կա, և ցանկացած մարդ կարող է մտնել»:

Մանուկյանին անհանգստացնում է ևս մեկ փաստ` պայթյունի ուժգնությունը. «Դիակի կտորները հավաքվել են շուրջ 15 մետր հեռավորությունից, այսինքն դա լուրջ պայթյուն է եղել, և էդ դաշտը մաքրելու լուրջ կարիք կա»:

Անվտանգության գոտի մուտք գործելու վերաբերյալ նախարարը տեղեկացրեց, որ տարածքում կան նաև խրամատներ, և տեղի բնակչությանն ասված է, որ դրանք տվյալ տարածք մուտք գործելու արգելք են. «Ընդհանուր առմամբ,  նման վայրերում, որտեղ տեղի են ունենում հրաձգություններ կամ տարբեր մարտավարական զորավարժություններ, նման դեպքերը բացառելը անհնարին է, որովհետև գործ ունենք նաև  երկար տարիներ օգտագործվող զինամթերքի հետ, որի մի մասը հրաձգությունների ընթացքում չի պայթում: Այդպիսի տարածության մեջ դրանք միանգամից գտնելն ու վնասազերծելը շատ դժվար է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դաշտը մաքրելուն, ապա Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, որ այսօր պայմանավորվածություն է եղել նաև այդ հարցի վերաբերյալ. այդ նպատակով ժամանակ առ ժամանակ նաև հայկական ինժեներական ստորաբաժանումները կտրամադրվեն ռուսներին. «Ցավոք, դեպքը տեղի է ունենում, որից հետո նոր մենք համապատասխան որոշում ենք ընդունում»,-խոստովանեց նախարարը:

Ռուսաստանի համապատասխան բազայի հրամանատարության հետ որոշում է կայացվել նաև համապատասխան աջակցություն ցուցաբերել զոհված երեխաների ընտանիքներին:

Դիտվել է 1703 անգամ:
Print Friendly

Leave a Reply