«Այն, ինչ տեսել եմ, վայել չէ քաղաքական գործչին». Հրայր Թովմասյանը` Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցածի մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2013 20:10

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վստահ է, որ ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում վերջին ժամանակահատվածում շատ բան է փոխվել . «Փոխվել է նաև մեր ոստիկանությունը, որը գիտի, թե ինչպես պահի իրեն հավաքների ժամանակ, գիտի, թե ինչ է նշանակում ձեռնարկված միջոցների համաչափություն»:

Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց նա: «Շատ բան փոխված լինելու» հանգամանքն, ըստ Հրայր Թովմասյանի, ի հայտ եկավ նաև այն ժամանակ, երբ ոստիկանապետն այդ պահին ոչ թե իր աշխատասենյակում էր, և տարբեր պաշտոնատար անձիք էին տեղում որոշումներ կայացնում, այլ նա էր տեղում և ինքն էր որոշումներ կայացնում. «Եվ որ մենք երեկ չունեցանք այն, որ որոշ մարդիկ սպասում էին, ցանկանում էին կամ հրահրում, դա նաև դրա արդյունքն էր»,ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին, ապա նախարարը ցավում է, որ հմուտ քաղաքական գործչի հետ նման բան է կատարվել. «Բայց այն, ինչ տեսել եմ, վայել չէ քաղաքական գործչին»,-նկատեց նա:

Սակայն նա խուսափեց գնահատականներ տալուց` նշելով, որ գործը նախաքննության փուլում է գտնվում. «Ես կարող եմ ուղղակի վստահեցնել, որ հաշվի առնելով հարցի կարևորությունը, ոստիկանությունն օպերատիվ տեղեկատվություն կտա այն բոլոր քայլերի վերաբերյալ, որ կատարվում են այդ գործի շրջանակներում»:

Ընդհանրապես նախարարն իրավաչափ է համարում այդ օրը ոստիկանների կողմից իրականացված բոլոր գործողությունները. «Եթե դուք տեսնեք, որ աշխարհի որևէ երկրում ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում ինչ է կատարվում տվյալ անձի հետ, նման հարցեր չեք տա»,-ասաց նա:

Հրայր Թովմասյանը ոստիկանների վարքագիծը բարձր գնահատեց ոչ միայն այդ օրվա հետ կապված, այլև վերջին հիսուն օրերի տեսանկյունից, ավելին նա գտնում է, որ. «2011 թվականից` նոր օրենքի ընդունումից հետո, ընդհանրապես  մեր լեքսիկոնից  դուրս ենմ եկել չարտոնված կամ արգելված հանրահավաք տերմինները, իսկ ոստիկանությունը շատ հստակ և ճշգրիտ է իրեն պահել»:

«Անկախ-»ի հարցին, թե արդյո՞ք բախումներ չլինելու մեջ իր լուման չունի նաև ընդդիմությունը, նախարարը պատասխանեց. «Այո, Րաֆֆի Հովհաննիսյանն իր բոլոր ելույթներում ասել է, որ բախման չի տանելու, բայց նաև նրանք հստակ հասկանում էին և այդ մասին բարձրաձայնել էին, որ հավաքներին կարող են մասնակցել մարդիկ, որոնք այլ նպատակներ և պայքարի այլ եղանակներ ունեն»:

Դիտվել է 1637 անգամ:
Print Friendly

Leave a Reply