Հեղինե Բիշարյանը «սեղմեց» կառավարությանը. «Վաղը պետք է որոշում կայացվի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2013 19:43

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բարձրացրեց Աջափնյակի Սիսակյան փողոցի 3-րդ շենքի հարցը. «Դեռևս 2007 թվականին ՀայՍեյսմՇին» ընկերությունն այս շենքը գնահատել է բարձր ռիսկի 4-րդ վթարային»,-տեղեկացրեց նա:

ԱԻՆ-ի ուսումնասիրությունները նույնպես փաստում են շենքի տեխնիկական վիճակի անբավարար լինելու մասին` անհրաժեշտ համարելով փուլային տարբերակով շենքի բնակիչների անհապաղ տարհանումը:

Ժամանակին Երևանի ավագանին նույնպես հարցը համարել է խիստ առաջնային` առաջարկելով, որ  շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը լուծվի 2011 թվականին:

Բիշարյանը  հայտնեց, որ քիչ առաջ է շենքում եղել և վստահաբար փաստում է, որ վիճակը ծայրահեղ է. օրեր առաջ փլուզվել է նաև շենքի մի ամբողջ պատ: «Նույնիսկ հոկտեմբերին տեղի ունեցած մի փոքր երկրաշարժի արդյունքում առաջին հարկի հատակին խորքային փոսեր են առաջացել: Կարող է ամեն գիշեր մի պատ փլուզվի, և մենք ունենանք մարդկային կորուստներ»,-ասաց նա` առաջարկելով կառավարությանը արտակարգ իրավիճակ համարել շենքի վիճակը և հրատապ քայլեր ձեռնարկել:

Հեղինե Բիշարյանը նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք շենքի գոնե 10 բնակիչներ կարող են բնակարան ստանալ Սիսակյան 21 հասցեում շահագործման հանձնվող նորակառույց շենքում:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ այդ նորակառույցում հնարավոր չէ վերաբնակեցնել, քանի որ շենքի բոլոր բնակարաններն արդեն իսկ հատկացված են նմանատիպ խնդիր ունեցող այլ բնակիչների:

Նախարարը, սակայն, վստահեցրեց, որ ծայրահեղ վիճակում գտնվող 4-5 բնակարանների բնակիչների համար անհապաղ միջոցներ կձեռնարկվեն: «Խնդիրն ամբողջությամբ ուշադրության կենտրոնում է, և մոտ օրերս կառավարությունը Երևանի քաղաքապետարանի հետ որոշակի լուծում կգտնի»,-ասաց նա:

Բիշարյանը, սակայն, կարծում է, որ խնդիրն ավելի հրատապ է, քան մի քանի օրը. «Երևի վաղը պետք է որոշում կայացվի»,-ասաց նա:

Դիտվել է 1925 անգամ:
Print Friendly

Leave a Reply