«Հայր և որդի Երիցյաններ»-ի որդին` հանցագործ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 22, 2009 18:36
ericyanner

Հայր և որդի Երիցյաններ

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի պատվիրատուն, ինչպես բացահայտել են Ազգային անվտանգության աշխատակիցները, «Հայր և որդի Երիցյաններ» համանուն սուպերմարկետի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ, Արաբկիր համայնքի նախկին թաղապետ 59-ամյա Ալբերտ Երիցյանի որդի Ռոբերտ Երիցյանն է:

35-ամյա որդի Երիցյանը զբաղեցրել է Մաքսային կոմիտեի մաքսանենգության բաժնի պետի պաշտոնը, որից 2008թ-ի ապրիլի 23-ին, իր դիմումի համաձայն, ազատվել է:

ԱԱԾ տվյալով` սպանության պատվերն իրականացրել է Երևանի բնակիչ Ռաֆայել Մասումյանը (որոշ շրջանակներում հայտնի է որպես երգիչ Աֆոն), ում Երիցյանը վճարել է 150 000 ԱՄՆ դոլար: Հայաստանից մեկնած օպերատիվ խումբը Մասումյանին ձերբակալել է Թբիլիսիի օդանավակայանում, երբ նա պատրաստվում էր Վիեննա մեկնել:

Մահափորձի հետ կապված ձերբակալվել են ևս 8 մարդ: Նրանց թվում է նաև խմբի պարագլուխը` «Մուսկուլ Գագո» մականվամբ (Երևանի բնակիչ Գագիկ Գաբրիելի Մաթևոսյանը): Նա 1992-1997թթ. աշխատել է ՆԳ նախարարության ներքին զորքերի «Չղջիկներ» անվանումը ստացած հատուկ նշանակության ստորաբաժանումում` որպես հրամանատարի տեղակալ:

Մահափորձն իրականացվել է Գագիկ Խաչատրյանի` Երևանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույցում: Փորձել էին պայթեցնել շենքում տեղադրված ինքնաշեն պայթուցիկը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 200 գրամանոց 2 տրոտիլ (պայթուցիկ)` փշրված վիճակում, և «Ռոջեր» տիպի ռադիոկապ (պայթուցիկի հեռակառավարվող սարք):

Խուզարկության արդյունքում «Մուսկուլ Գագոյի» տանից և ավտոտնակից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք, պայթուցիկ նյութեր, հեռակառավարվող պայթուցիկ սարքեր, իսկ կից կառույցում` քիմիական լաբորատորիա:

Գագիկ Խաչատրյանի դեմ` Ռոբերտ Երիցյանի պատվիրած սպանության փորձի մեղադրանքով` ԱԱԾ-ի քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 34-305, 235, 236 հոդվածների հատկանիշերով:

Հարուցված գործի նախաքննությունը վարող ԱԱԾ-ի տվյալներով` Ռ. Երիցյանը գտնվում է փախուստի մեջ: Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:

Անցյալ տարի սեպտեմբերի 7-ին` Արաբկիրի թաղապետի ընտրությունների օրը, համայնքապետի թեկնածու Ալբերտ Երիցյանի որդին` Ռոբերտ Երիցյանը Թբիլիսյան խճուղի 7 հասցեում գտնվող շենքի բակում տեղակայված 4/02 ընտրատեղամասում ծեծկռտուք էր սարքել:

Ջիփ մեքենաներից իջել էին մի խումբ երիտասարդներ և ռետինե մահակներով ու դանակներով հարձակվել մարդկանց վրա, ծեծել ու հեռացել: Նույն հասցեում բնակվող 32-ամյա Մհեր Քերոբյանը մարմնի տարբեր հատվածներում ստացած դանակի հարվածներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ մամուլում հրապարակված տվյալների` այս մասին վկայում են նաև շենքի մի քանի ականատես բնակիչներ, ովքեր հասցրել են գրանցել 4 մեքենաներից 3-ի պետհամարանիշերը` 80 008 նիշերով:

Ոստիկանության բաժին ներկայացած և պատասխանատվությունն իր վրա վերցրած Տիգրան Թադևոսյանը, ինչպես պարզվել է հետո, Ռոբերտ Երիցյանի վարորդն է եղել:
Արաբկիրի համայնքապետի պաշտոնի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել Հանրապետական կուսակցության անդամ, գործող թաղապետ Հովհաննես Շահինյանը (ում համակիրներից էր դանակահարված Քերոբյանը), այն ժամանակ անկուսակցական գործարար Ալբերտ Երիցյանը, «Ժառանգություն» կուսակցությունից Զոյա Թադևոսյանը և Առաջադիմական կուսակցությունից Աշոտ Մնացականյանը:

Մեկ տարի էլ չպաշտոնավարած թաղապետ Ալբերտ Երիցյանի փոխարեն, սակայն, նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն Արաբկիրի համայնքապետ նշանակեց Համլետ Մարգարյանին: Վերջինս, ինչպես պատմում են թաղապետարանի աշխատակիցներն, արդեն մի քանի բաժին է լուծարել, մի շարք մարդիկ ազատվել են աշխատանքից:
Ալբերտ Երիցյանն էլ հեռանալիս ափսոսանք է հայտնել` ասելով, որ ինքն ուզում էր աշխատել համայնքի համար ու որ իրականում չուներ այդ պաշտոնի կարիքը. «միայն թե թող անվանս հետ չխաղան»,-ասել է նախկին թաղապետը:

Երիցյանների անվան հետ էր կապված նաև այս տարվա մարտ ամսին Ամիրյան փողոցի «Գրիառ» ռեստորանի միջադեպը` Արաբկիրի թաղապետ Ալբերտ Երիցյանի մյուս որդու` Արտակ Երիցյանի մասնակցությամբ: Պատմում էին, որ Արտակն հարբած վիճակում ռեստորանում քաշքշուկ է սարքել, կրակել է և հեռացել: «Գրիառ»-ի սեփականատեր` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան) պարզել է միջադեպի մանրամասները, Արտակին կանչել պարզաբանման, ինչը ևս ավարտվել է ծեծկռտուքով: Արտակը դիմել է հորը: Վերջինը թիկնազորով ժամանել է դեպքի վայր և նույն ճակատագրին արժանացել: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը, սակայն, հերքեց լուրը` շեշտելով, որ «անձինք բարեկամներ են, և չեմ կարծում, որ նրանց մեջ կարող է լուրջ միջադեպ լինել: Ստուգել են, միջադեպը չի հիմնավորվել»:

Ցիտրուսային մրգեր ներկրող «Քեթրին» ընկերության սեփականատեր, Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպա Գրիշա Հարությունյանը Ալբերտ Երիցյանի մորաքրոջ որդին է, իսկ Միհրանը, իր հերթին, Գրիշա Հարությունյանի զարմիկն է։

Դիտվել է 5605 անգամ:
Print Friendly

Leave a Reply