Քաղաքագետը Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ բանակցություններ է կանխատեսում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2013 17:19

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած շարժումը հիմք կարող է հանդիսանալ Հայաստանում նոր բարեփոխումներ իրականացնելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Նրա խոսքով՝ այդ շարժումը հասարակության մի հատվածի հնարավորություն տվեց բարձրացնել իր բողոքը, եւ այդ ձայնը տեղ հասավ: «Երդմնակալության արարողության ժամանակ իր ելույթում Սերժ Սարգսյանը նշեց, որ դժգոհությունները տեղ են ասել, եւ ես կարծում եմ, որ այդ հայտարարության պատճառը հենց Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած շարժումն էր»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ շարժումը դեռ շարունակություն կունենա եւ Հայաստանում նոր վերածննդի հիմք կդնի: Շիրինյանը կարծւոմ է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն, ի վերջո, խաղաղ բանակցությունների արդյունքում համաձայնության կգան եւ միասին կհամագործակցեն երկրում նոր բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին:

Ապրիլի 9-ին տեղի ունեցածից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է կորցնել ժողովրդի մի մասի վստահությունը, սակայն նա խաղաղ պայմաններում կշարունակի իր քաղաքական պայքարը: «Ուղղակի մարդիկ պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ իրենց առաջնորդը խաղաղ եւ քաղաքակիրթ պայքարի կողմնակից է եւ աջակցեն նրան այդ պայքարում, ինչը կտա դրական արդյունքներ»,-ասաց նա:

Քաղաքագետը բարձր գնահատեց այն հանգամանքը, որ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ նախօրեին տեղի ունեցածը լուրջ հետեւանքներ չունեցավ, եւ չկրկնվեցին մարտի 1-ի արյունալի դեպքերը՝ նշելով, որ դրանում իրենց մեծ դերակատարումն ունեցան թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնք ճիշտ գործողությունների արդյունքում կարողացան շտկել իրավիճակը:

Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հավաքվածների ճնշման տակ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում է կայացրել ցուցարարների հետ շարժվել դեպի նախագահական նստավայր, սակայն Բաղրամյան պողոտայի սկզբնամասում նրանց ճանապարհը փակել են ոստիկանները՝ նշելով, որ երթն անօրինական է եւ իրենք չեն կարող հակասահմանադրական գործողություններ թույլ տալ: Ցուցարարները փորձել են ուժ կիրառելու եղանակավով ճեղքել ոստիկանների կազմած պատնեշը, սակայն դա նրանց չի հաջողվել: Ստեղծված իրավիճակը շտկելու համար դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում հետ բանակցություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն իր համախոհների եւ ոստիկանության ուղեկցությամբ Սարյան փողոցով բարձրացել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղիիկներ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդից նա վերադարձել է Ազատության հրապարակ եւ հավաքվածներին ցրվելու կոչ է արել՝ նշելով, որ Ազատության հրապարակում իրենց պայքարը կշարունակեն ապրիլի 12-ին:

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply